Նախագծային մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախագծային մեթոդ, խնդրի (տեխնոլոգիաների) մանրամասն մշակման միջոցով դիդակտիկ նպատակին հասնելու մեթոդ, որը պետք է ավարտվի միանգամայն իրական, շոշափելի գործնական արդյունքով՝ ձևակերպված այս կամ այն ձևով (պրոֆեսոր Եվ․ Ս․ Պոլատ)։ Այն սովորողների որոշակի գործողությունների հաջորդականությունների, հնարների համադրություն է, որոնք իրականացվում են տրված առաջադրանքը կատարելու նպատակով՝ յուրաքանչյուր սովորողի համար էական և որոշակի վերջնական արդյունքի տեսքով։

Նախագծային մեթոդի հիմնական նպատակն է սովորողներին տալ հնարավորություն գործնական խնդիրների կամ առաջադրանքների լուծման գործընթացում ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ՝ տարբեր առարկաներից գիտելիքների ինտեգրման միջոցով։

Նախագծային մեթոդը հետազոտական, պրոբլեմային, ստեղծագործական մեթոդների համադրություն է։ Այստեղ ուսուցիչը ստանձնում է մշակողի, համակարգողի, փորձագետի, խորհրդատուի դեր։ Սա նշանակում է, որ նախագծային մեթոդի հիմքում ընկած է սովորողի ճանաչողական հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու, տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու, քննադատական և ստեղծագործական մտածողության ձևավորումն ու զարգացումը։

Մեթոդը ներդրվել է 18-րդ դարում Եվրոպայում՝ ճարտարապետության և ճարտարագիտության դպրոցներում, երբ ավարտելուց հետո ուսանողները պետք է կիրառեին իրենց ուսման ընթացքում սովորած հմտություններն ու գիտելիքները, օրինակ, լուծեին հուշարձանի նախագծման խնդիրներ[1]։

Դեռևս 20-րդ դարի առաջին կեսին Ջոն Դյուիի կողմից պրագմատիկ մանկավարժության հիման վրա մշակված նախագծերի մեթոդը հատկապես կարևորվում է ժամանակակից տեղեկատվական հասարակությունում։

Նախագծային մեթոդը մանկավարժության մեջ նորույթ չէ։ Այն կիրառվել է ավելի վաղ, քան ամերիկացի ուսուցիչ Ուիլյամ Հերդ Կիլպատրիկի «Ծրագրի մեթոդ» (1918) հայտնի հոդվածի հրապարակումը[2] , որտեղ նա այդ հայեցակարգը սահմանել է որպես «սրտից կատարված ծրագիր»։ Նախագծերը կարող են լինել անհատական և խմբային, տեղական և հեռահաղորդակցական։ Վերջինիս դեպքում սովորողների խումբը կարող է նախագծային աշխատանքն իրականացնել համացանցում՝ գտնվելով տարբեր տարածաշրջաններում։ Ընդ որում՝ ցանկացած նախագիծ կարող է ունենալ իր աշխատանքային ընթացքն արտացոլող կայքը։ Այսպիսի ուսումնական նախագծի նպատակն այն է, որ պետք է բազմակողմանիորեն լուսաբանվի նախագծի ընթացքում իրականացվող ուսումնասիրությունների և արդյունքի ստացման ողջ ընթացքը։

Ցանկացած նախագծի հիմնական նպատակն է տարբեր կարողությունների ձևավորումը, որոնք ժամանակակից մանկավարժության մեջ անվանում են անձնային համալիր առանձնահատկություններ։ Այն է՝ գիտելիքների, հմտությունների, արժեքների փոխկապակցում, ինչպես նաև համապատասխան իրավիճակում նրանց մոբիլիզացում և կիրառելու պատրաստակամություն։

Նախագծային մեթոդը ստեղծում է նպաստավոր պայմաններ հետևյալ կարողությունների ու հմտությունների ձևավորման ու զարգացման համար․

  1. Ռեֆլեկտիվ հմտություններ
  2. Որոնողական, հետազոտական հմտություններ
  3. Համագործակցային հմտություններ
  4. Կառավարման կարողություններ, հմտություններ
  5. Շնորհանդեսների պատրաստման հմտություններ
  6. Ներկայացման հմտություններ

Նախագծերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գործնականակողմնորոշիչ նախագիծ (օրինակ՝ Ուսումնաօժանդակ նյութի ստեղծում)
  2. Անհատական նախագիծ (օրինակ՝ Սոցիալական հարցում միկրոհաշվիչի օգտագործման վերաբերյալ)
  3. Տեղեկատվական նախագիծ (օրինակ՝ Ստեղծել «Անվանի հայ մաթեմատիկոսներ» ինտերնետային էջ)
  4. Ստեղծագործական նախագիծ (օրինակ՝ Ոչ ավանդական մոտեցում նախագծային արդյունքի ստեղծման գործում)
  5. Դերային նախագիծ (օրինակ՝ Թատերական ներկայացում)

Նախագծային աշխատանքի կազմակերպման քայլաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախագծային թեմայի ընտրություն
  2. Թեմայի տրոհում ենթաթեմաների
  3. Նախաձեռնող խմբերի ձևավորում
  4. Տեղեկատվության հավաքագրում
  5. Տեղեկատվությունների քննարկում, մշակում
  6. Թեմայի վերաբերյալ եզրահանգումների ձևակերպում
  7. Հետազոտական հաշվետվության նախապատրաստում
  8. Նախագծի պաշտպանություն (պրեզենտացիա)
  9. Արդյունքների ամփոփում

Կառուցվածքի փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պրոբլեմ (հիմնահարց)՝ ուսուցիչը ներկայացնում է նախագծի թեման, առաջարկում նախագծի հիմնական պրոբլեմը, ձևակերպում նպատակներն ու խնդիրները։ Աշակերտներն իրականացնում են պրոբլեմի ընկալումը, իրադրության մեջ հարմարվելը, կոնկրետացնում նպատակներն ու խնդիրները։
  2. Պլանավորում (նախագծում)՝ ուսուցիչը կազմակերպում է նախագծի գործունեությունը, առաջարկում կազմավորել խմբեր, բաշխել աշակերտների դերերը խմբերում, պլանավորել նախագծի գործունեությունը և պրեզենտացիայի հնարավոր ձևերը։ Աշակերտներն իրականացնում են խմբերի բաժանումը, բաշխում են դերերը խմբում, պլանավորում աշխատանքը, ընտրում արդյունքների և պրեզենտացիայի ձևերն ու եղանակները։
  3. Պրպտում (տեղեկատվության որոնում)՝ ուսուցիչը տեղեկատվության որոնման գործին չի մասնակցում։ Նա խորհրդատվություն է տրամադրում, հսկում խմբերի աշխատանքը, տալիս նոր գիտելիք, կատարում պրեզենտացիայի փորձեր։ Աշակերտներն աշխատում են ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, խորհրդակցում են իրար հետ, որոնում և նախապատրաստում նյութեր պրեզենտացիայի համար։
  4. Պատրաստում (նախապատրաստում)՝ ուսուցիչը կատարում է դիտումներ, անհրաժեշտության դեպքում աշակերտներին խորհուրդներ տալիս, նախապատրաստում նախագծի պաշտպանությանը։ Աշակերտները կատարում են հետազոտություններ, վերլուծում տեղեկությունները, աշխատում նախագծի վրա, փորձեր են անում, պատրաստվում նախագծի պաշտպանությանը։
  5. Պաշտպանություն (պրեզենտացիա)՝ ուսուցիչը լսում է, աշակերտներին հարցեր ուղղում, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է, գնահատում նրանց կատարած աշխատանքի որակը և պրոբլեմի լուծման ինքնատիպությունը։ Աշակերտները ներկայացնում են ուսումնական նախագիծը, մասնակցում խմբային վերլուծությանը, արդյունքների գնահատմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Knoll, Michael (1997): The Project Method: Its Vocational Education Origin and International Development. Journal of Industrial Teacher Education 34, 59-80.
  2. Kilpatrick, William Heard (1918). The Project Method. Teachers College Record.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кильпатрик В. Основы метода. М.-Л., 1928.
  • Коллингс Е. Опыт работы американской школы по методу проектов. М., 1926.
  • Новые педагогические и информационные технологии в системе образования: Учебное пособие / Е. С. Полат , М. Ю. Бухаркина, М. В. Моисеева, А. Е. Петров; под ред. Е. С. Полат . — М.: Издательский центр «Академия», 1999—2005.
  • Соловьев И. М.. Из практики метода проектов в американских школах // На путях к новой школе. 1929.
  • Современные педагогические и информационные технологии в системе образования: Учебное пособие / Е. С. Полат , М. Ю. Бухаркина, — М.: Издательский центр «Академия», 2007.
  • Kilpatric W.H. The Project Method//Teachers College Record.-1918.-19 September/- P.319-334.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 154