Յախորինա (սերբերեն, կյուրեղագիր՝ Јахорина), սար և լեռնադահուկային առողջարան Սերբական Հանրապետությունում՝ Դինարյան Ալպեր լեռնազանգվածում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1 916 մետր է (Սարաևոյի լեռնաշղթայում բարձրությամբ երկրորրդն է՝ Բելաշնիցայից հետո)։ Հոկտեմբերից մինչև մայիս ամիսը՝ տարեկան միջին հաշվով 175 օր Յախորինայի վրա պահպանվում է ձյան ծածկույթը, որի միջին հաստությունը փետրվարին կազմում է 106 սանտիմետր։ Լեռան վրա գտնվող առողջարանն ու լեռնադահուկային կենտրոնն օգտագործվել են 1984 թվականինՍարաևոյում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ. այստեղ են կայացել կանանց ոլորավայրէջքի մրցումները[1]։
Լեռը, որն ընկած է Սարաևոյից մոտավորապես 30, Պալեից՝ 15 կիլոմետր հեռավորության վրա, բոսնիական պատերազմի ժամանակ ռազմավարական տեսակետից կարևորագույն տարածք է եղել։ Նրա փեշերին, նույնիսկ լեռնադահուկային առողջարանից ոչ շատ հեռու ընկած որոշ վայրերում դեռևս պահպանվել են պատերազմի շրջանում տեղադրված ականներ[2], թեև ետպատերազմյան ժամանակաշրջանում ականազերծման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Բուն առողջարանի սպասարկմանը ենթակա տարածքներում անվտանգությունն ապահովված է[3], իսկ նրա սահմաններից հեռու ընկած վտանգավոր վայրերում տեղադրված են նախազգուշացնող վահանակներ՝ համապատասխան նշաններով (գանգ և խաչված ոսկորներ)[4]։ Դահուկուղիներից հեռու ընկած լանջերը դեռևս որոշակի վտանգ են պարունակում[5]։ 2011 թվականիհոկտեմբերի 26-ին սլովենացի մի պարապլաներիստ ծայրահեղ ծանր վասվածքներ է ստացել, երբ սխալմամբ վայրէջք է կատարել դեռև չականզերծված վայրում[6][7][8]։