Մրրկային շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մրրկային շարժում՝ հեղուկի կամ գազի շարժում, որն ուղեկցվում է միջավայրի մասնիկների (տարրական ծավալների) պտույտով իրենց ակնթարթային առանցքի շուրջը։ Բնության մեջ հեղուկի կամ գազի շարժումների ճնշող մեծամասնությունը մրրկային շարժումներ են։ Օրինակ, հեղուկի շարժումը խողովակում մրրկային շարժում է թե՛ լամինար հոսանքի և թե՛ տուրբուլենտ հոսանքի դեպքում։ Տարրական ծավալների պտույտը պայմանավորված է նրանով, որ պատի մակերևույթի վրա հեղուկի արագությունը հավասար է զրոյի (մասնիկների կպչելու շնորհիվ), իսկ պատից հեռանալիս՝ արագ աճում է, այնպես որ հարևան շերտերի արագությունները զգալիորեն տարբերվում են միմյանցից։ Ստորին շերտի արգելակող և վերին շերտի արագացնող ազդեցությունների հետևանքով։ Մրրկային շարժման օրինակներ են օդային մրրիկները մթնոլորտում՝ պտտահողմերը և ցիկլոնները, կամրջակալների ետևում առաջացող ջրային մրրիկները, ջրում գոյացող ձագարափոսերը և այլն։ Մրրկային շարժման քանակական բնութագրիչը պտտման անկյունային արագության w վեկտորն է, որը կախված է հոսքում կետի կոորդինատներից և ժամանակից։ Այն անվանում են նաև միջավայրի մրրիկ դիտարկվող կետում։ Եթե հոսանքի որոշ տիրույթում w=0, ապա շարժումը այդ տիրույթում մրրկային չէ։ Միջավայրի մասնիկների պտտման հետևանքով կարող են գոյանալ մրրկային խողովակներ։ Վերջիններս հեղուկի ներսում չունեն սկիզբ և վերջ, դրանք կամ պետք է փակ լինեն (մրրկային օղակ) կամ սկիզբ և վերջ ունենան հեղուկի սահմանների վրա (շրջահոսվող մարմնի կամ հեղուկ պարունակող անոթի մակերևույթին)։ Մրրկային շարժումը հեղուկում առաջացնում է լրացուցիչ արագություններ։ Մածուցիկ հեղուկում շփման ուժերի շնորհիվ մրրիկները մարում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 68