Տուրբուլենտ հոսանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տուրբուլենտ հոսանք (< լատ․ turbulentus – բուռն, անկանոն), հեղուկների կամ գազերի շարժման ձև, որի ժամանակ դրանց մասնիկները կատարում են բարդ հետագծերով չկարգավորված չկայունացած շարժումներ։ Տուրբուլենտ հոսանքի դեպքում հեղուկի կամ գազի հիդրոդինամիկական և թերմոդինամիկական բնութագրերը (արագություն, ճնշում, ջերմաստիճան, խտություն) քաոսային, անկանոն փոփոխություններ են կրում ըստ կետի կոորդինատների ու ժամանակի։ Տուրբուլենտ հոսանքը էապես տարբերվում է լամինար հոսանքից թե՝ ներքին բարդ կառուցվածքով, թե՝ շարժման պարամետրերի միջինացված արժեքների՝ ըստ հոսանքի հատվածքի բաշխումով։ Միջավայրի շերտերի խառնման մեծ ինտենսիվության շնորհիվ Տուրբուլենտ հոսանքներն օժտված են շարժման քանակ, ջերմություն, չլուծված խառնուրդների զանգված փոխանցելու, տվյալ միջավայրում քիմիական ռեակցիաների (մասնավորապես այրման) տարածումն արագացնելու, միջավայրում կախված մասնիկները տեղափոխելու, ձայնային և էլեկտրամագնիսական ալիքները ցրելու, դրանց ամպլիտուդներն ու փուլերը փոփոխելու մեծ ունակությամբ։ Հոսանքը դառնում է տուրբուլենտ այն դեպքում, երբ խախտվում է շարժման լամինար ռեժիմի կայունությունը, և Ռեյնոլդսի թիվը գերազանցում է իր կրիտի կական արժեքը տվյալ շարժման համար։ Հեղուկների և գազերի հոսանքները բնության մեջ տեխնիկական հարմարանքներում (հեղուկների շարժումը խողովակներում, ջրանցքներում, հեղուկում կամ գազում շարժվող պինդ մարմնի շուրջն առաջացող սահմանային շերտերում, աերոդինամիկական սարքերում և այլուր) մեծ մասամբ Տուրբուլենտ հոսանքներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png