Jump to content

Մուրսիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուրսիներ (ինքնանվանումը՝մուն), նիլոթյան ցեղերի էթնիկ խումբ, ովքեր բնակվում են Եթովպիայի հարավ-արևմուտքում՝ հարավային Սուդանի սահմանի մոտ։ Խոսում են նիլո-սահարյան խմբին պատկանող մուրսի լեզվով։

Ինչպես շատ արևելաաֆրիկյան հողագործ-անասնապահներ, մուրսիները նույնպես հավատում են երկնային ուժերին։ Հիմնական կրոնական պաշտոնյան քուրմն է։ Քուրմը հանդիսանում է մարդկանց և Աստծո միջև միակ միջնորդը։ Նրա դերը հատկապես կարևորվում է երաշտից, սովից, հիվանդություններից և վնասարարներից վտանգ սպառնալու դեպքում։ Հատուկ ծիսակատարությունների միջոցով քուրմը փորձում է անձրև կանչել, պաշտպանել մարդկանց և անասուններին հիվանդություններից, կանխել հարևան ցեղերի հարձակումները, երաշխավորել հողի բերրիությունը և այլն։ Մուրսիները դավանում են անիմիզմ։

1974 թ-ին խիստ երաշտի պատճառով մուրսիների և հարևան բոդի ցեղի միջև ծագած կռիվը հիմնականում Մարա երկրամասի համար էր, որը պատկանում էր բոդիներին։ Արդյունքում այն բնակեցվեց մուրսիներով։ Ամեն դեպքում մուրսիների գոյությունը վտանգված է։ Երաշտներին և այլ զրկանքներին ավելացել են նաև քաղաքացիական պատերազմների պատճառով մարդկային բազմաթիվ կորուստները։

Մուրսիների մոտ սովորույթ է ներքին շրթունքի կիսանը (երկայնակի կտրված կես մասը)։ Դա արվում է շրթունքի մաշկա-մկանային հյուսվածքների վրա բացված անցքը ձգելու միջոցով։ Մուրսիների մոտ շրթունքը ձգելու արարողությունը սկսում են մանուկ հասակից և շարունակում մինչև խոր ծերություն։ Այդ պատճառով շուրթերը կարող են հասնել բավականին մեծ չափերի։ Շրթունքները կարելի է ձգել անվերջ, քանի որ դրանք տարբերվում են մարմնի մյուս մասերի հյուսվածքներից և ընդունակ են այդպիսի ձգվածության։ Շուրթերի վրա բացված անցքի տրամագիծը և համապատասխանաբար շուրթերի չափսերը կարող են հասնել 400 մմ-ի և ավելի։ Դրան զուգահեռ շուրթերի զգացողականությունը պահպանվում է դրանց ամբողջ մակերեսով մեկ՝ նույնիսկ մեծ չափսերի ժամանակ։ Շրթունքների բացվածքը աղջիկների մոտ հիմնականում արվում է ամուսնությունից 6-12 ամիս առաջ՝ մոր կողմից։ Սկզբնապես դա տեղի է ունենում 15-18 տարեկան հասակում ` 1-2 սմ երկարությամբ, որի մեջ տեղադրվում է փայտե փոքրիկ ցցիկ։ Երկու-երեք շաբաթ անց, երբ վերքը սպիանում է, ցցիկը փոխարինվում է ավելի մեծով։ 4 սմ տրամագծի հասնելու ժամանակ դրվում է կավե սկավառակ (ափսե)։ Հիմնականում բացվածքի տրամագիծը կարող է հասնել մինչև 8-20 սմ-ի։ Յուրաքանչյուր կին ունի իր ձեռքով պատրաստած ափսեն և հպարտանում է դրա մեծությամբ կամ գեղեցկությամբ։ Ափսեի մեծությունը խորհրդանշում է կնոջ խոշոր եղջերավոր կենդանիների քանակը` որը վճարվել է որպես հարսնացուի գլխագին։ Կարծիքներ կան նաև, որ ափսեի մեծությունը և վրայի զարդանկարները ցույց են տալիս կնոջ ուժն ու ինքնահարգանքը։

Բացի այդ նման բացվածքներ արվում են նաև ականջաբլթակների վրա։ Այդ անցքերը նույնպես մեծ են սովորական ականջօղների համար բացված անցքերից։ Դրա պատճառը կրկին բլթակի վրա բացված անցքը ձգելով մեծացնելն է։

Նման սովորույթներ ունեն նաև Բրազիլիայի և Աֆրիկայի այլ ցեղեր նույնպես։