Մուշի Ազգային Կենտրոնական վարժարան
Մուշի Ազգային Կենտրոնական վարժարան | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1878 |
Լուծարված է | 1915 |
Հիմնադրիր | Ներսես Վարժապետյան |
Երկիր | Մուշ |
Մուշի Ազգային Կենտրոնական վարժարան (Ազգային Կեդրոնական Վարժարան (Մուշ)) Արևմտյան Հայաստանի հայտնի դպրոցներից մեկը։ Գտնվել է Մուշում, հայտնի է եղել նաև Ներսիսյան վարժարան՝ Պոլսի Հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի անունով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը հիմնադրվել է 1878 թվականին[1]՝ «Միացյալ ընկերություն հայոց» բարեգործական, կրթական կազմակերպության կողմից։ Վարժարանի տեսուչի պաշտոնը 1879-1884 թվականներին զբաղեցրել է նշանավոր մտավորական Մկրտիչ Սարյանը, որի օրոք վարժարանը հայտնի է դարձել։ Վարժարանը տեղակայված է եղել Մուշ քաղաքի Ձորի թաղի նորակառույց երկհարկանի շենքում` ընդարձակ և լուսավոր սենյակներով և իր ժամանակի համար արդիական բոլոր հարմարություններով։ Ուսուցչական կազմը եղել են Պոլսի ուսումնական հաստատությունների և Խարբերդի Եփրատ քոլեջի շրջանավարտները։ Վարժարանի լավագույն ուսուցիչներից է եղել Համբարձում Պերպերյանը, որը հետագայում տեսուչի պաշտոնում փոխարինել է Մկրտիչ Սարյանին։ Դասերի տևողությունը կազմել է օրական 6 ժամ, ուսուցումն իրականացվել է «Միացյալ ընկերություն հայոց» կազմակերպության կողմից տրամադրված նոր դասագրքերով։
Կենտրոնական վարժարանի գործունեության ամբողջ ծախսերը հոգացել է «Միացյալ ընկերություն հայոց» կազմակերպությունը, որը որոշ օժանդակություն է ստացել Պոլսում ապրող տարոնցիներից։
Կենտրոնական վարժարան էին ընդունվում ոչ միայն Մուշ քաղաքի ու Մուշի շրջակա գյուղերի, այլ նաև Սասունի, Խնուսի և այլ շրջաններից աշակերտներ։ Վարժարանի գործունեության առաջին տարում հաստատություն է ընդունվել մոտ 80 երեխա, հետագա տարիներին աշակերտների թիվը հասել է 150-ի։ Առաջին շրջանավարտները վարժարանը տվել է 1883 թվականին՝ 11 աշակերտ, 1884 թվականին՝ 15 աշակերտ։ Ավարտելուց անմիջապես հետո վարժարանի շատ ուսանողներ մեկնել են Մուշ գավառի տարբեր բնակավայրեր` նոր բացվող դպրոցներում դասավանդելու։
Մուշի Ազգային Կենտրոնական վարժարանում ուսանել են ազգագրագետ, բանահավաք–բանասեր, մանկավարժ, հասարակական գործիչ Սահակ Մովսիսյանը (Բենսե), հայդուկապետ, ռազմական տեսաբան, հայ ֆիդայական շարժման ղեկավարներից Հրայր Դժոխքը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Հակոբ Կոտոյանը, գրող, գավառական գրականության ներկայացուցիչներից, լրագրող և քաղաքական գործիչ Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ), հայ հրապարակախոս, խմբագիր, արձակագիր, թարգմանիչ Գալուստ Անդրեասյանը և այլոք[2]։
Վարժարանի գործունեության ամենաբեղուն ժամանակաշրջանը եղել 1880-1884 թվականները։ Կրթարանի հեղինակության բարձրացմանը զուգահեռ աստիճանաբար սաստկացել են նրա նկատմամբ օսմանյան իշխանությունների ճնշումները։ Նրանց կողմից բացսաբար էր դիտվում վարժարանում անցկացվող մարմնամարզության դասերը։ Կենտրոնական վարժարանի շրջանավարտ Սարգիս Բդեյանը, որը եղել է ականատես այդ դեպքերին, նշել է՝ «Մուշում եվրոպական կրթական վերջին չափանիշներով գործող վարժարանի գոյությունը հարուցում էր նաև տեղի մուսուլման ազգաբնակչութեան նախանձը, թուրքերը, մեկ–երկու մեդրեսեներից բացի, ուրիշ դպրոց չունեին և ջանքեր էլ չեն թափում դպրոցներ բացելու»։
Դժգոհություն է հարուցվել հատկապես վարժարանի տեսուչ` Մկրտիչ Սարյանի վարած գործունեությունը, որն առանձնացել է իր հայրենասիրական բնույթով։ 1884 թվականի վերջին տեսուչը ձերբակալվել է՝ իբրև խռովարար։ Ազատ արձակվելուց հետո նա ստիպված հրաժարական է տվել իր պաշտոնին և հեռացել Մուշից։ 1885 թվականին տեսուչի պաշտոնը վարել է Հովհաննես Պերպերյանը, որը նույնպես ստիպված հրաժարական է տվել իր պաշտոնին և հեռացել Պոլիս։
1895 թվականի` Համիդյան ջարդերի և «զուլումի» տարում, «Միացյալ ընկերություն հայոց» կազմակերպությունը դադարեցնել է իր գործունեությունը, որին զուգահեռ փակվել են նրա կողմից հիմնադրված և ֆինանսական բոլոր կրթական հաստատությունները, այդ թվում` Մուշի Ազգային Կենտրոնական վարժարանը։
Մուշի Ազգային Կենտրոնական վարժարանը վերաբացվել է 1908 թվականին՝ Երիտթուրքերի հեղաշրջումից և սահմանադրական կարգերի վերահաստատումից հետո։ 1909-1910 թվականների ուսումնական տարում վարժարանն ունեցել է 165 աշակերտ (7 ուսուցիչ), իսկ 1910-1911 թվականների ուսումնական տարում` 122 աշակերտ (8 ուսուցիչ)։ Կենտրոնական Վարժարանը շարունակել է գործել մինչև 1915 թվականը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նորություններ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Մուշը և Մուշի հայերը». Weblogtemplates (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ Մշոյ Ազգային կեդրոնական վարժարան (Ներսէսեան վարժարան)