Սահակ Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Մովսիսյան
Ծնվել է1867[1]
Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա[1]
Մահացել է1939[1]
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբանահավաք
Ալմա մատերՄուշի Ազգային Կենտրոնական վարժարան (1884)[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն, պարսկերեն, թուրքերեն և քրդերեն

Սահակ Մովսեսի Մովսիսյան (1867[1], Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա[1] - 1939[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ազգագրագետ, բանահավաք֊ բանասեր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Կեղծանունը՝ Բենսե։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Մովսիսյանը ծնվել է 1867 թվականին Մուշի շրջանի Բուլանըխ գավառի Կոփ գյուղում, բանասաց Մովսեսի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է իրենց գյուղի վանքի դպրոցում։ Դեռևս վաղ շրջանից իր ուսուցիչների հանձնարարությամբ պատանի Սահակը զբաղվել է բանահյուսական նյութեր հավաքելով։ 1879 թվականին Սահակ Մովսիսյանն ընդունվել է Մուշի ազգային կենտրոնական վարժարանը։ 1884 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա փորձել է ընդունվել է Էջմիածնի Գևորգյան Ճեմարանը, սակայն մերժում է ստացել։ Վերադառնալով Բուլանըխ Սահակ Մովսիսյանն սկսել է զբաղվել ուսուցչությամբ, իրեն նվիրելով մանուկ սերնդի դաստիարակության գործին և հայ ազգագրության ու բանահյուսության ոաումնասիրությանը։

1896 թվականին Մովսիսյանը մեկնել է Թիֆլիս։ Այնտեղ ծանոթացել է ազգագրագետ, բանագետ, հնագետ, «Ազգագրական հանդեսի» հիմնադիր Երվանդ Լալայանի հետ, որի հանձնարարությամբ էլ նա սկսել է գրել հայրենի գավառի ազգագրությունը։

Մովսիսյանը տիրապետել է մի քանի արևելյան լեզուների՝ պարսկերեն, թուրքերեն, քրդերեն։

Սահակ Մովսիսյանը մահացել է 1939 թվականի նոյեմբերի 19-ին, Լենինական քաղաքում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին աոանձին գրքով լույս է տեսել Սահակ Մովսիսյանի «Բուլանըխ կամ Հարք գավառ» աշխատությունը Բենսե կեղծանվամբ։ Բուլանըխի ազգագրությունը չի ուսումնասիրված, այդ իսկ պատճառով այս գործը բացառիկ արժեք ունի։ Աշխատության մեջ նկարագրված է բուլանըխցիների նիստուկացը, սովորությունները, հավատքը, նյութական մշակույթը և այլն։ Աշխատությունը կազմված է չորս բաժնից։ Տեղագրության բաժնում հեղինակը համառոտակի կանգ է առել Բուլանըխի պատմական անցյալի վրա, ապա հանգամանորեն նկարագրել Բուլանըխի աշխարհագրական գիրքը՝ սահմանները, լեոները, լճերը, կլիման, բուսականությունը, հանքերը, կենդանական աշխարհը, գյուղերը, սրբավայրերը, բերդերը. բնակարանը, անասնապահությունը, առևտուրը։ Երկրորդ բաժինը կրում է «Ընտանեկան բարք» խորագիրը։ Այստեղ խոսվում է հարսանիքի, տղաբերքի և կնունքի, երեխաների դաստիարակության, մանկական խաղերի և այլ հարցերի մասին։ Այնուհետև հեղինակը կանգ է առել ընտանեկան կյանքի և նրա մի շարք ստվերոտ կողմերի վրա՝ ընտանեկան անախորժություններ, եղբայրաբաժանություն և այլն։ Այս բաժնում խոսվում է զանազան հիվանդությունների և նրանց բուժման միջոցների, ինչպես նաև մահվան, հոգու և հանդերձյալ կյանքի մասին։ Երրորդ բաժինն ամբողջովին նվիրված է հավատքին։ Այդտեղ հեղինակը նկարագրել է կախարդության, սրբերի, երկնային լուսատուների (արև, լուսին, աստղեր), լեռների պաշտամունքի հետ կապված շատ սովորություններ։ Այնուհետև անցնում է նշանավոր տոների (Նոր տարի, Տեառնընդառաջ, Բարեկենդան, Համբարձում և Վարդավառ) նկարագրությանր։ Չորրորդ բաժինը կրում է «Ժողովրդական երգեր» վերնագիրը։ Այդտեղ զետեղված են մանկական, աշխատանքային, երգիծական երգեր, առածներ, հանելուկներ, առակներ։ Այս աշխատության համար Մովսիսյանն արժանացել է «Սահակ-Մեսրոպյան» մրցանակի։

Մովսիսյանն հավաքել է մեծ քանակությամբ ազգագրական և բանահյուսական նյութեր՝ հարյուրավոր հեքիաթներ, առակներ, ասացվածքներ և այլն։

Թիֆլիսի «Համբավաբեր» շաբաթաթերթում լույս են տեսել Մովսիսյանի բազմաթիվ հոդվածներ՝ «Հնությունները Տաճկահայաստանում», «Տուրուբերանի քրդությունը», «Բուլանըխի կոտորածները», «Մոտկան» և այլն։ «Համբավաբեր»-ում լույս են տեսել նաև Մովսիսյանի բանահյուսական բնույթի գործերը՝ «Շուշան իշխանուհին», «Վարդն ու բլբուլը», «Ոսկե կռութ», «Վանեցի Քուչակը»։

1967 թվականին հրատարակվել է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական հրատարակության 10-րդ հատորը։ Այս հատորն ընդգրկում է պատմական Հայաստանի Տուրուբերան նահանգի Հայք գավառի 273 հեքիաթները, որոնցից 269-ը հրատարակվել են առաջին անգամ։ Հատորին կցված են Ս. Մովսիսյանի կողմից դրած Մուշ-Բուլանըխի բարբառի համառոտ քերականությունը և բարբառային բառարանը։

Սահակ Մովսիսյանն ունի գրառած նաև հարյուրավոր առակներ, պարերգեր, հարսանեկան երգեր, աղոթքերգեր, սիրերգեր, մանկական երգախաղեր, հանելուկներ, հանգավոր առած֊ասացվածքներ, թուրքերեն և քրդերեն երգեր ու վիպերգեր, որոնք դեռևս անտիպ են։

Հայկական ՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության սեկտորի արխիվում են գտնվում Սահակ Մովսիսյանի «Հիշողություններ Բուլանըխի հայության հին և նոր կենցաղի մասին» աշխատությունը, ուր խոսվում է Բուլանըխի հայ գյուղացու բնակարանի, հագուստի, ընտանիքի, ամուսնության, երեխաների դաստիարակության, ուսման, արհեստների, կրոնական հավատալիքների, ժողովրդական տոների և այլ հարցերի մասին։ Վերջում, որպես հավելված, կցված են մի քանի հեքիաթներ։

Մովսիսյանի չհրատարակված աշխատություններից է «Մուշ-Բուլանըխի բարբառը» մեծածավալ ուսումնասիրությունը, որի վրա հեղինակը աշխատել է շուրջ քառորդ դար։ Մովսիսյանն ունի նաև ձեռագիր աշխատություններ՝ «Վարդանը և Վասակը» պատմական ակնարկը, «Փյունիկյան Աստարտե դիցուհին քրդական «Խան Դըմ-Դըմ» էպոսում», «Դիցաբանական տարրերը Մհերի էպոսում», «Դիցաբանական բառարան», «Հողային իրավունքը Մուշի աշխարհում» և այլն։

Սահակ Մովսիսյանր զբաղվել է նաև գրականությամբ։ Դեռևս պատանի տարիներին հորինել է մի շարք բանաստեղծություններ։ Ավելի ուշ գրում է պիեսներ՝ «Նունուշը» (1903), «Սարխոշները» (1908), «Մշեցոց հարսանիքը» (1924)։ Այս բոլորը գրված են Մուշ–Բուլանըխի բարբառով։ 1923—1924 թվականներին գրական մշակման է ենթարկել «Մամո և Զինեն»։ Դրանցից և ոչ մեկը չի տպագրվել։

Սահակ Մովսիսյանը կատարել է նաև մի շարք թարգմանություններ. 1896 թվականին լույս է տեսել նրա քրդերենից հայերենի փոխադրած «Լեյլի ու Մեջնունը» պոեմը։ Նա հայերեն է թարգմանել «Խան Դըմ–Դըմ» քրդական վիպերգը (կորած)։ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», Եղիշե Չարենցի «Լենինն և Ալին» թարգմանել է քրդերեն և այլն։

1935 թվականին հրատարակվել է Մովսիսյանի «Քրդերենի քերականությունը», որն արժանացել է Հ․ Օրբելու և Հ. Աճառյանի դրվատանքին։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 50 տարի Սահակ Մովսիսյանը զբաղվել է մանկավարժությամբ։ 1884 թվականին Մուշի Ազգային կենտրոնական վարժարանն ավարտելուց հետո նա մի քանի տարի ուսուցչություն է արել իր ծննդավայրում՝ Կոփ գյուղում։ Ապա դասավանդել է Ալաշկերտի Ուչքիլիսեի ու Հովհաննես վանքին կից դպրոցում, որտեղից 1892 թվականին փոխադրվել է Կոփ։ Այստեղ նա դպրոց է բացել, կառուցել դպրոցի շենք, հրավիրել մի քանի ուսուցիչներ։

1903 թվականին Սահակ Մովսիսյանը հրավիրվել է աշխատելու Խնուսի դպրոցում։ Երկու տարի այդտեղ պաշտոնավարելուց հետո նա փոխադրվել է Կոփ գյուղի դպրոցը։ 1908 թվականին նա հայրենի դպրոցը դարձրել է երկսեռ։

1910 թվականին Սահակ Մովսիսյանը հրավիրվել է դասավանդելու Բիթլիսի Կարմրակ եկեղեցու] կից դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ուր աշխատել է մինչև 1913 թվականը։ Հակաթուրքական գործունեության համար Մովսիսյանը ձերբակալվել է, վեց ամիս բանտում նստելուց հետո ազատվել, սակայն զրկվել հայրենի գյուղում ապրելու հնարավորությունից։ Նրան իրավունք են տալիս ընտանիքով ապրելու Արածանիի առափնյա քրդական գյուղերից մեկում։ 1915 թվականին եղեռնից մազապուրծ եղած Սահակ Մովսիսյանը ընտանիքով, Հ. Թումանյանի օգնությամբ հաստատվել է Մեծ Ղարաքիլիսայում և աշխատել տեղի դպրոցում որպես դասատու, միաժամանակ վարելով շրջանի գաղթականների համար կազմակերպված դպրոցների տեսչի պաշտոնը։ Թուրքերի Կովկաս ներխուժելու պատճառով Մովսիսյանը փոխադրվել է Նոր Բայազետ և աշխատել տեղի որբանոցում որպես դասատու։ Ապա այնտեղից փոխադրվել է Լենինական, որտեղ շարունակել է իր մանկավարժական գործունեությունը։

1925 թվականին Լենինականի հասարակայնությունը նշել է նրա մանկավարժական գործունեության 30-ամյակը։ Հայաստանի կառավարությունը բարձր գնահատելով Սահակ Մովսիսյանի գիտական-մանկավարժական գործունեությունը, 1930 թվականին նրան անհատական թոշակ է նշանակել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ․ Վ․ Մելիք-Փաշայան «Սահակ Մովսիսյան (Բենսե)», պատմաբանասիրական հանդես № 1, 1968, էջ 163-167

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2 (հայ.) — հատոր 2. — էջ 396.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահակ Մովսիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 396