Մոսկվայի հայ մշակույթի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոսկվայի հայ մշակույթի տուն, հիմնադրվել է 1921 թվականի հոկտեմբերի 1-ին, ՌԽՖՍՀ Կենտգործկոմի որոշմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԽՖՍՀ ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինի 1919 թվականի մարտի 4-ի ստորագրած դեկրետով Հայկական ինստիտուտի վերածված նախկին Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանը դրվում էր Սովետական Հայաստանի կառավարության իրավասության տակ՝ իբրև Հայ մշակույթի տուն Մոսկվայում։ Մոսկվայի հայ մշակույթի տունը ստուդիական ուսուցման միջոցով դերասանական, ռեժիսորական, օպերային-օպերետային, պարարվեստի, երաժշտական, կերպարվեստի մասնագիտական կադրեր է պատրաստել Սովետական Հայաստանի համար, ինչպես և հոգացել սովետահայ մշակույթի գործիչների կատարելագործման, նրանց ստեղծագործական վարպետության բարձրացման մասին։ Մշակույթի տանը կից գործող ստեղծագործական կազմակերպություններից ամենակայունն ու տևականը եղել է Մոսկվայի հայ երաժշտական կոլեկտիվը, իսկ ստուդիաներից՝ Հայկական դրամատիկական ստուդիան, որը 1919 թվականի հուլիսից Հայկական գործերի կոմիսարիատի շենքից տեղափոխվել է մոսկվայի հայ մշակույթի տուն։ Ստուդիան ընդմիջումներով գործել է շուրջ 30 տարի, խոշոր դեր կատարել հայ սովետական թատրոնի համար դերասաններ և ռեժիսորներ կրթելու գործում։ Նրա կանոնադրության (լույս է տեսել 1921 թվականին, Մոսկվայում) հիմքում ընկած էին Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի և Ե․ Վախթանգովի ստուդիաների սկզբունքները, սակայն խաղացանկով, ստեղծագործական ոճով և ուսուցման մեթոդով հայկական էր։ Խաղացանկում էին Սերվանտեսի, Շիլլերի, Սթրինդբերգի, Լաբիշի, Լերմոնտովի, Գոգոլի, Շիրվանզադեի, Շանթի, Մ․ Մանվելյանի, Չարենցի երկերը։ Ուսումնական աշխատանքում կենտրոնական տեղում էին Գ․ Սունդուկյանի և Հ․ Պարոնյանի երկերը։ Այդ ներկայացումներով ստուդիան հանդես է եկել Երևանում, Լենինականում, Դոնի Ռոստովում, Արմավիրում, Մայկոպում, Նովոռոսիյսկում, Օրջոնիկիձեում և այլուր։ Նրա շրջանավարտներով համալրվել են Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հայ դրամատիկական և երաժշտական թատրոնները։ Մոսկվայի հայ մշակույթի տան շենքը Մոսկվացիներից բարձր գնահատված համերգասրահներից էր մոսկվայի հայ մշակույթի տան դահլիճը, ուր հանդես էին գալիս հայտնի դերասաններ, երաժիշտ-կատարողներ, կոմպոզիտորներ, երաժշտական կոլեկտիվներ, երգիչներ, ասմունքողներ, բանաստեղծներ, կազմակերպվում էին ականավոր արվեստագետների ստեղծագործական երեկոներ, ներկայացումներ, հոբելյաններ, Խորհրդային Հայաստանի պետական-կուսակցական ղեկավար աշխատողների, գիտնականների, մշակութային գործիչների զեկուցումներ և դասախոսություններ։ Այստեղ ելույթ են ունեցել Ա․ Խաչատրյանը, Ի․ Մոսկվինը, Վ․ Կաչալովը, Մ․ Չեխովը, Վ․ Մեյերխոլդը, Վ․ Փափազյանը, Ե․ Չարենցը, Վ. Համբարձումյանը, Ս․ Տեր-Գաբրիելյանը, Հայկ Բժշկյանը (Գայ), Ա. Մռավյանը, Կ․ Հալաբյանը, Արտեմ Միկոյանը, Ա․ Քոչարյանը, Պ․ Լիսիցյանը, Զ․ Դոլուխանյանը և ուրիշներ։

Տունն ունեցել է հարուստ գրադարան-ընթերցարան, տպարան, բացի մշտական ցուցանմուշներից, տանը սիստեմատիկաբար կազմակերպվել են հայ նկարիչների ցուցահանդեսներ։ Հայրենական պատերազմի տարիներին մոսկվայի հայ մշակույթի տան գրեթե դադարած գործունեությունը նոր թափ առավ ետպատերազմյան շրջանում (1946—1953)։ Այն դարձավ հայ երիտասարդ արվեստագետների ստեղծագործական որակավորման կատարելագործման անփոխարինելի օջախ։ Սովետական Հայաստանից այստեղ էին ուղարկվում նկարիչներ, կինոյի և թատրոնի ռեժիսորներ, գրողներ, կոմպոզիտորներ, երգիչներ, բալետի արտիստներ, բալետմայստերներ, ասմունքողներ, որոնք կատարելագործվում էին Մոսկվայի ականավոր արվեստագետների ղեկավարությամբ, մոտիկից շփվում մայրաքաղաքի մշակութային կյանքին, խորացնում մասնագիտական գիտելիքները, իրենց հերթին նպաստում հայ արվեստի նվաճումների տարածմանը Մոսկվայում, խոշոր դեր կատարում Մոսկվայի հայ բնակչությանը հայ ազգային մշակույթի հետ սերտորեն կապելու ասպարեզում։ Մոսկվայի հայ մշակույթի տանը այս շրջանում ուսանել են կոմպոզիտորներ Ա․ Բաբաջանյանը, Է. Միրզոյանը, Ա. Հարությունյանը, Ս․ Ջրբաշյանը, Ա․ Խուդոյանը, Է. Բաղդասարյանը և Վ․ Կոտոյանը, բանաստեղծներ Ս․ Կապուտիկյանը, Գ․ Էմինը, արձակագիր Ա․ Սահինյանը, նկարիչներ Մ․ Աբեղյանը, Ա․ Չիլինգարյանը, Ս․ Մուրադյանը, Ա․ Պապյանը, բալետմայստերներ Մ․ Մարտիրոսյանը, Մ․ Մնացականյանը, Վ․ Խանամիրյանը, Ա․ Ղարիբյանը, բալետի արտիստներ Ս․ Մինասյանը, Թ․ Գրիգորյանը, երգիչներ Ս․ Դավթյանը, Ֆ․ Օհանյանը, Ս․ Գալստյանը և այլք, որոնց ուսուցիչները եղել են Ա․ Խաչատրյանը, Վ․ Շեբալինը, Դ․ Լիտինսկին, Յու․ Ֆորտունատովը, Կ․ Սիմոնովը, Ն․ Տիխոնովը, Ս․ Մարշակը, Լ․ Լավրովսկին, Կ․ Յուոնը, Բ․ Իոգանսոնը, Վ․ Բարսովան և ուրիշներ։ Մոսկվայի հայ մշակույթի տան գործունեությունը բազմակողմանիորեն ծավալելու ասպարեզում խոշոր ծառայություն են ունեցել նրա տնօրեններ Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Սոս Ալիխանյանը և Սուրեն Սարուխանյանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրկ․ Հարությունյան Բ․, «Հայ-ռուսական թատերական առնչություններ», Հոդվածների ժող․, 1978, էջ 67–91։
  • Сурен Хачатурян․ Статьи, воспоминания, письма, документы, Е․, 1969․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատերական ստուդիաներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 34