Մոգերի նվերը (Օ․ Հենրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոգերի նվերը
անգլ.՝ The Gift of the Magi
ՀեղինակՕ. Հենրի
Անվանվել էԵրեք մոգեր
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրChristmas fiction?
Մասն էՉորս միլիոն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1905
Նկարագրում էԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1906
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/o-henry/short-fiction/text/the-gift-of-the-magi
 The Gift of the Magi Վիքիպահեստում

Մոգերի նվերը (անգլ.՝ The Gift of the Magi), ամերիկացի հանրահայտ գրող Օ․ Հենրիի (գրական կեղծանունը՝ Ուիլիամ Սիդնեյ Փորթեր) նովելներից է, հրատարակված 1906 թվականի ապրիլին, «Չորս միլիոն» ժողովածուում։ Սա դասական պատմվածք է՝ անսպասելի ավարտով, ինչը բնորոշ է Օ․ Հենրիին։ Ժանրը սենտիմենտալ դրամա է, հեղինակն այն գրել է 1905 թվականին, Նյու Յորքի ամենահին պանդոկներից մեկում՝ Փիթի պանդոկում (անգլ.՝ Pete's Tavern)[1]։ Առաջին անգամ այն հրատարակվել է «The New York Sunday World» թերթում՝ 1905 թ․-ի դեկտեմբերի 10-ին։

Մոգերը իմաստուն մարդիկ էին, ովքեր նվերներ էին բերում նորածին Հիսուսին մսուրում։ Նրանք ստեղծեցին Սուրբ Ծննդյան օրը նվերներ տալու արվեստը։

Համառոտ շարադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միստր Ջեյմս Դիլինգեմ Յանգը (Ջիմ) իր կնոջ՝ Դելլայի, ապրում են մի համեստ բնակարանում։ Կա երկու բան, որոնցով նրանք հպարտանում են․ Դելլայի երկար, գեղեցիկ, մինչև ծնկները հասնող մազերը և Ջիմի ոսկե ժամացույցը, որը պատկանել էր նրա պապին, ապա՝ հորը։ Սուրբ Ծննդյան նախօրեին, ունենալով ընդամենը 1 դոլար և 87 ցենտ և հուսահատված, որ չի կարողանա նվեր գնել Ջիմի համար, Դելլան վաճառում է մազերը մոտակա վարսավիրանոցում, մադամ Սոֆրինի մոտ, դրա դիմաց ստանալով 20 դոլար։ Երկար փնտրելուց հետո, ի վերջո, Դելլան 21 դոլարով պլատինե շղթա է գնում Ջիմի գրպանի ժամացույցի համար։ Բավարարված իր գնած կատարյալ նվերով՝ Դելլան շտապում է տուն և սկսում ընթրիք պատրաստել։ Ժամը 7-ին Դելլան նստում է դռան մոտ ու սպասում Ջիմի գալուն։ Ջիմը սովորաբար չէր ուշանում, այս անգամ էլ սովորականի նման նա ներս է մտնում և,Դելլային տեսնելով, ապշահար կանգ առնում։ Դելլան խոստովանում է, որ վաճառել է մազերը Ջիմին նվեր գնելու համար։ Այդ ժամանակ Ջիմը ցույց է տալիս իր՝ Դելլայի համար գնած նվերը՝ մի զույգ մազակալ, բայց Դելլայի մազերն արդեն կարճ էին։ Հետո Դելլան է ցույց տալիս իր՝ Ջիմի համար գնած շղթան, որին ի պատասխան Ջիմն ասում է, որ ինքը վաճառել է ժամացույցը մազակալները գնելու համար։ Հիմա արդեն թե Ջիմը, թե Դելլան ունեն նվերներ, որոնք սակայն չեն կարող օգտագործել։ Նրանք հասկանում են, որ չնայած միմյանց հանդեպ իրենց սերն արտահայտելու բոլոր ջանքերին, այդ սերն այժմ անարժեք էր։ Պատմությունն ավարտվում է համեմատությամբ․ հեղինակը զոհողության գնով ձեռք բերած նվերները համեմատում է աստվածաշնչյան մոգերի նվերների հետ[2]։

Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը վեր է ածվել ֆիլմերի․ «Զոհաբերություն» (1909), «Սիրելիների անակնկալները զուր են» (1916), «Մոգերի նվերը» (1917), «Սիրո նվերը» (1978),«Dary magów» (Լեհաստան, 1972), «Սուրբ ծննդյան երեկոն Սեզամ փողոցում» (1978), «Ես չեմ լինի գանգստեր» (ՍՍՀՄ, 1978)[3], «Մի անգամ Սուրբ Ծննդին» (1999)[4], «Մոգերի նվերը» (2004), «Առաջին անգամ» (2010)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «O'Henry and The Gift of the Magi». LiteraryTraveler.com.
  2. «The Gift of the Magi».
  3. Не буду гангстером, дорогая
  4. Mickey's Once Upon A Christmas(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. O. Henry Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգերի նվերը (Օ․ Հենրի)» հոդվածին։