Jump to content

Միսիսիպյան գամբուզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսիսիպյան գամբուզիա
Միսիսիպյան գամբուզիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթային ձկներ
Ընտանիք Պեցիլա
Տեսակ Gambusia holbrooki
Լատիներեն անվանում
Gambusia holbrooki
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Միսիսիպյան գամբուզիա (լատին․՝ Gambusia holbrooki), պեցիլային ձկների ընտանիքի ձուկ։

Կենսաբանական տարածումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ջրակալներ է ներմուծվել 1934 թ.-ին՝ մալարիայի մոծակի դեմ պայքարելու նպատակով։ Հանդիպում է Արարատյան դաշտի գրեթե բոլոր ջրակալներում, Արաքս, Մեծամոր, Հրազդան գետերում։ Փոքր ձուկ է։ Կազմում է մեծ վտառներ, բնակվում է գետերի, փոքր լճակների և ջրամբարների առափնյա մասերում։ Հաճախ հանդիպում է նաև կիսաճահճացած և աղի ջրակալներում կամ ջրափոսերում։

Մարմնի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 2-4 (երբեմն՝ մինչև 6) սմ է, արուներինը՝ կողքերից սեղմված, էգերի փորիկը ուռուցիկ է։ Պոչային ցողունը երկար է՝ կողքերից սեղմված։ Գլուխը տափակ է, բերանը փոքր՝ դեպի վեր ուղղված և շեղ կտրվածքով։ Թեփուկները խոշոր են՝ մարմնի վրա 30-32 երկայնական շարքով։ Կողագիծը բացակայում է։ Պոչային լողակի հիմքին մոտ գտնվող մեջքային լողակում կա 7 ճառագայթ, իսկ հետնալողակում՝ 10։ Արուների հետնալողակի 3-5-րդ ճառագայթները երկարացած են և վերածվել են յուրահատուկ սեռական օրգանի՝ գոնոպոդիումի, որի շնորհիվ կատարվում է ներքին բեղմնավորում։ Պոչային լողակը կլորավուն եզրագծով է։ Մեջքը մոխրագույնից ձիթապտղագույն է, կողքերը՝ կանաչամոխրագույն, թափանցիկ՝ յուրահատուկ երկնագույն նրբերանգով։ Փորիկն արծաթասպիտակ է, լողակները՝ անգույն։ Մեջքային և պոչային լողակները պատված են մանր, մուգ պտերի 3-4 շարքով։ Աչքի վրայով անցնում է ուղղաձիգ սև շերտ։

Սեռահասուն է դառնում 1-2 ամսականում։ Սեռական երկձևությունը վառ արտահայտված է։ Արուները 2-2,5 անգամ փոքր են էգերից և ունեն գոնոպոդիում։ Բազմանում է մարտ-նոյեմբերին։ Բեղմնավորումը ներքին է։ Հղիությունը տևում է 30 օր։ Էգը տարվա ընթացքում ծննդաբերում է 4- 7 անգամ (ամեն անգամ՝ 10-60 մանրաձուկ, որոնք ծնվելուց անմիջապես հետո անցնում են ակտիվ սննդառության և ինքնուրույն կենսաձևի)։

Սնվում է տարբեր անողնաշարավորներով՝ միջատներով, մոծակների (նաև մալարիայի) թրթուրներով, ջրալվերով և այլ պլանկտոնային օրգանիզմներով։ Սննդային ակտիվությունը բարձր է ցերեկը։ Արդյյունաբերական նշանակություն չունի։ Կենսաբանական պայքարի միջոց է. ոչնչացնում է մալարիայի մոծակի թրթուրները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսիսիպյան գամբուզիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսիսիպյան գամբուզիա» հոդվածին։