Միջերկրականը արծաթանման (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջերկրականը արծաթանման
տեսակբնանկար
նկարիչՎարդան Մախոխյան
տարի1910-ական թվականներ
ժանրբնանկար
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաալեկոծության տպավորության ամբողջականության պատկեր
Ծանոթագրություններ

Միջերկրականը արծաթանման, Վարդան Մախոխյանի ծովանկարներից, որում նկարիչը ուշադրության է արժանացրել ծովի յուրահատուկ կոլորիտը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովը նկարչի կողմից պատկերված է լայն ընդգրկումով` տարբեր հատվածներում ստեղծելով ալիքների բազմատեսակ շարժումներ։ Նկարում մի տեղ ալիքը մեջքը ուռեցրած` ալիքների շեղջի վրա է գրոհում, մի ուրիշ տեղ` զորությունը կորցրած փուլ է գալիս։ Երրորդում այն, ժայռի ստորոտում ուժեղ բախումից խորտակված, բյուրավոր ցայտերով վեր շպրտված, ափի մոտ ուժասպառ եղած, թավալվում է` կազմելով ժանեկանման փրփուրներ։ Մեկ ուրիշ հատվածում ալիքը փոս է ընկած և ծույլ-ծույլ տարուբերվում է։

Մախոխյանի ծովանկարների յուրահատկությունը այն է, որ նա, պատկերելով ծովը այլակերպությունների պահին, երբեք աչքաթող չի արել ջրի նյութական հատկությունը, թափանցիկությունը, անորոշությունը, շարժման արագընթացությունը և այլն։

Ջուրը նրա գործերում ներկայացվում է գեղանկարչական իր բազմերանգությամբ և երբեք չի վերածվում դեկորային գեղեցկության։ Կամիլ Մոկլերը, նկատելով Մախոխյանի այդ առավելությունը, նրան համեմատում է եվրոպացի նկարիչների հետ` առավելություն տալով հայ նկարչին[1]։

Քննադատների արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլ Մոկլերը գրել է.

Մոգական երկնքի նշույլներով ջուրի բազմաթիվ ծիածանումներե բացված անդունդները շատ նկարիչներու` որոնք այլաց արագընթացությամբ և անորսությամբ մտահոգված են, մոռացնել կուտան, թե ջուրը ծայրաստիճան խստությամբ կշռուն զանգված մէ, ծանր մարմին մը, որի բախումները ահավոր են։ Հողմը տակնուվրա կընե ծովու մակերևույթը, հոն բազմերանգ գույներով կը բազմապատկին օդի ցոլացումները, անկշռուն փրփուրներու վրա կը խայտա Պրոթեոսի ոգին, սակայն ստորև ահռելի ծանրություն մը կը մնա` զանգվածի մը գրանիտային խտությամբ

[1]

Մեկ ուրիշ քննադատ ավելի պատկերավորությամբ է հաստատում Մախոխյանի ծովանկարների ռեալիստական հատկությունները։

Մախոխյանը ծովանկարներ սկսելուն իսկ ըմբռներ է ջրի արձանական զանգվածումը, և այդ զգացողությունն է, որ մեր վրա տպավորել կուզե` մակերևույթի երփերանգություններեն առաջ, զոր երկնքի ցոլացումները կընծայեն այդ ծանր ու խորթ տարրին։ Անոր վիթխարի ալիքները ահռելի կատաղությամբ վրաննիս կխուժեն։ Նավեր ջարդուբուրդ ընող պատերազմի մեքնաներն են` քարընկեցներ, որ հարձակմամբ կը պաշարեն փրփուրներու թեթև հեծելազորը, և կարծես թե կը լսվի ժայռերու բախումը, որոնք վերջապահներու նման կը դիմադրեն փոթորկի հավիտենական պատերազմներու հարձակմանց

[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Եղիշե Մարտիկյան, Հայ կերպարվեստի պատմություն, Երևան, 1987