Մելքում Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելքում Մելքումյան
Ծնվել է1917
ԾննդավայրՇոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումդոցենտ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Մելքում Սարոյի Մելքումյան (1917, Շոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոցենտ (1963): ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելքում Մելքումյանը ծնվել է 1917 թվականին ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանի Շուշիքենդ գյուղում։ 1937 թվականին ավարտել է Շուշվա մանկավարժական բանֆակը։ 1937-1939 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանի Սարուշեն գյուղի 7-ամյա դպրոցում։ 1939 թվականի նոյեմբերին Մելքումյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Ավարտել է Ստալինգրադի հրետանային ուսումնարանը։ Մարտերով հասել է մինչև Պրահա, այստեղ էլ տոնել է Մեծ հայրենականի հաղթանակը, հետո եղել է Ուկրաինական ԽՍՀ Վիննիցայի մարզում, որպես պարետի տեղակալ[1]։

Զորացրվելով բանակից կրկին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում։ 1947 թվականին մարզային ժողկրթբաժնի ուղեգրով մեկնել է Երևան, ընդունվել պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա 1952 թվականին՝ ասպիրանտուրան։ 1955-1956 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումում, 1956 թվականին դասավանդել է Երևանի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնում։ 1957 թվականից մանկավարժական գիտությունների թեկնածու է, իսկ 1963 թվականից՝ դոցենտ։ 1967-1972 թվականներին Մելքումյանը եղել է Երևանի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչը։ 1976-1979 թվականներին ղեկավարել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։ Մելքումյանը դասախոսական-մանկավարժական գործունեությունը զուգակցել է գիտահետազոտական աշխատանքի հետ, գրել է 12 անուն գրքեր ու գրքույկներ, 100-ից անելի հոդվածներ։ ԽՄԿԿ անդամ է 1943 թվականից։ Եղել է հանրապետության մանկավարժական ընկերության սեկցիայի նախագահ, «Խորհրդային մանկավարժ» ամսագրի խմբագրական կոլեգայի անդամ[1]։

Հայկական ԽՍՀ լուսավորության նախարարության կոլեգիայի կողմից պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի մեդալով և «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով, ինչպես նաև արժանացել է «Կարմիր աստղի» շքանշանի, «Պրահայի ազատագրման համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար, «Աշխատանքային արիության համար» և այլ մեդալների, պատվոգրերի, գովասանագրերի[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարմիր աստղի» շքանշան
  • «Պրահայի ազատագրման համար» մեդալ
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • Խաչատուր Աբովյանի մեդալ
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ»

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեխաների զարգացումն ու տարիքային մի քանի առանձնահատկությունները։ Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1957։
  • Ետպատերազմյան շրջանի սովետահայ մանկական գրականությունը և նրա կրթա-դաստիարակչական նշանակությունը։ 1945-1955 թվականներ։ Երևանի պետական համալսարան, Երևան, պետական համալսարանի հրատարակչություն, 1960։
  • Կոմունիզմը և դպրոցը։ Երևան, Հայպետհրատ, 1962։
  • Դպրոցականների գեղագիտական զգացմունքների դաստիարակությունը։ Երևան, Լույս, 1967 (համահեղինակ)։
  • Համեստությունը և նրա դաստիարակումը [Հանրամատչելի ձեռնարկ]։ Երևան, Հայաստան, 1968 (համահեղինակ)։
  • Հովհաննես Թումանյանը կրթության և դաստիարակության մասին։ Երևան, Լույս, 1969 (համահեղինակ)։
  • Դարձվածաբանական բացատրական բառարան (Դպրոցական, համառոտ)։ Երևան, Լույս, 1971 (համահեղինակ)։
  • Վ. Ի. Լենինը կրթության և դաստիարակության մասին։ Երևան, Լույս, 1972 (համահեղինակ)։
  • Դասի հոգեբանական հիմունքները։ Օգնություն ուսուցչին։ ՀԽՍՀ, Մանկավարժական ընկերություն, Երևան, Լույս, 1979 (համահեղինակ)։
  • Դասի կատարելագործման պրոբլեմները։ Հոդվածների ժողովածու։ ՀԽՍՀ Մանկավարժական ընկերություն, Երևան, Լույս, 1981 (համահեղինակ)։
  • Ա. Ս. Մակարենկոն և հայ իրակակությունը (Ծննդյան 100-ամյակի առթիվ)։ Մանկավարժական ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, Լույս, 1988 (համահեղինակ)։
  • Հոդվածների ժողովածու (Ա. Ս. Մակարենկոյի ծննդյան 100-ամյակի առթիվ)։ Գիտելիք ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1988 (համահեղինակ)։
  • «Պատվո նշանի» շքանշանակիր Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Երևան, Հայաստան, 1989։
  • Ն. Կ. Կրուպսկայան և հայ իրականությունը (Ծննդյան 120-ամյակի առթիվ)։ ՀԽՍՀ Մանկավարժական ընկերություն, Երևան, Լույս, 1989 (համահեղինակ)։
  • Դպրոցականներին դաստիրակել աշխատասիրության ոգով։ Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, ՀՄԻ, 1992 (համահեղինակ)։
  • Մանկավարժական բառարան։ Երևան, Զանգակ-97, 2001 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]