Թբիլիսիի հայկական մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո սովորել է Թբիլիսիի համալսարանի հայկական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության բաժնում, ավարտել է 1941 թվականին, 1941-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմիԱրևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1931-1932 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Աղբուլաղի (այժմ՝ Թեթրիծղարոյի) շրջանային «Կոլխոզային ուղի» թերթի հայկական բաժնի վարիչ, 1932-1933 թվականներին՝ Երևանի «Ավանգարդ» թերթի գյուղբաժնի վարիչ, 1934-1937 թվականներին՝ «Կոլխոզային ուղի» թերթի պատասխանատու քարտուղար, 1937-1941 թվականներին՝ Վրաստանի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների խմբագիր։ 1940 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։ 1956-1964 թվականներին ավագ խմբագիր էր Վրաստանի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների խմբագրությունում։ Ղեկավարել է ՎԽՍՀ գրողների միության հայկական մասնաճյուղը (1964-1974)։ 1964-1971 թվականներին աշխատել է «Սովետական Վրաստան» թերթում որպես բաժնի վարիչ, 1972-1976 թվականներին՝ «Մերանի» հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ Հեղինակ է քնարական բանաստեղծությունների («Ցասման կրակ», 1945, «Մտերիմ խոսքեր», 1952, «Հայրենիքի ճամփաներում», 1961, «Դարի բովում», 1975, «Ձմեռնամուտի արշալույս», 1982), պատմվածքների, հուշերի («Աշխարհը Լալվարից», 1972, «Ապրած տարիներ», 1978) ժողովածուների։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Գովք աշնան» ժողովածուն (Թբիլիսի, 1965), վրացերեն՝ «Կյանքի ուղիներ» (Թբիլիսի, 1973), «Տարիներ և հանդիպումներ» (Թբիլիսի, 1984) գրքերը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշանով։ Քարամյանը թարգմանություններ է կատարել վրաց գրողների ստեղծագործություններից («Հարազատ ձայներ», մաս 1-2, 1961-1963, ժողովածուներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 423)։