Մարաշի հայրենակցական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարաշի հայրենակցական միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1906
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ

Մարաշի հայրենակցական միություն։ Մարաշցիներն իրենց առաջին հայրենակցական միությունը՝ «Մարաշի կրթասիրաց ընկերակցությունը» հիմնել են 1906 թվականին Նյու Յորքում, Կոստան Մոմճյանի նախաձեռնությամբ, Մարաշի հայ երեխաների կրթության գործին օժանդակելու նպատակով։ 1918 թվականին վերակազմվել է և կոչվել «Մարաշի նպաստամատույց ընկերություն», որը 1925 թվականին միավորվել է 1912 թվականին Բոստոնում ստեղծված «Մարաշի կրթասիրաց ընկերակցության» հետ, կազմելով Մարաշի հայրենակցական միություն։ Միությունը մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում, Պաղեստինում։ Ղեկավար մարմին ճանաչված է ԱՄՆ-ի Ուստր քաղաքում գործող կենտրոնական վարչությունը (նախագահն ու ընդհանուր քարտուղարն է բժիշկ Ե. Տ. Մկրտչյանը (Մուկար))։ Միության պաշտոնաթերթն է «Դերմանիկ» հանդեսը, որը լույս է տեսնում Նյու Յորքում, 1930 թվականից։ 1954-1966 թվականին Բուենոս Այրեսում լույս է տեսել միության «Մարաշ» թերթը։ Ընդառաջելով Մարաշի հայրենակցական միության 1949 թվականի խնդրանքին (նախաձեռնողը Արգենտինայի միությունն էր)՝ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Երևանի արևելյան բարձրադիր մասում հիմնադրվեց Նոր Մարաշ թաղամասը։ 1969 թվականին հանդիսավորությամբ նշվեց Նոր Մարաշի հիմնադրության 20-ամյակը՝ արտասահմանյան պատվիրակների մասնակցությամբ։ Մարաշի հայրենակցական միություն սերտ կապերի մեջ է Խորհրդային Հայաստանի հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 298