Բազմամյա գեղազարդային մետաքսանման առսեղմ թավոտությամբ սպիտակավուն բույս է, որն ունի 6-15 սմ բարձրություն և գլխավոր հաստ առանցքային արմատ։ Արմատամերձ տերևները մատնաձև են, հաստավուն և հակաձվաձև։ Ցողունայինները եռամասնյա են։ Ծաղկաբույլը նոսր է, սակավածաղիկ։ Ծաղիկները 5-15 են, պսակաթերթերն ու բաժակաթերթերը 5-ական են, վառ ծիրանագույն, լավ արտահայտված մուգ գորշ ջղերով։ Պտուղը բազմաընկույզիկ է[1]։
Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3300-3500 մ բարձրությունների վրա, քարքարոտ խճաքարոտ զառիթափ լանջերին, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջաների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես ոչնչացման սպառնալիքով ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։