Jump to content

Մատանսա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատանսա
Բնութագիր
Երկարություն64 կմ
Ավազանի մակերես2240 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումGeneral Las Heras, Buenos Aires Province?
Գետաբերանի տեղակայումԱտլանտյան օվկիանոս
Կոորդինատներ
ԵրկրամասԲուենոս Այրես
ՋրահավաքԼա Պլատայի ցածրավայր

Մատանսա կամ Ռիաչուելո (իսպ.՝ Río Matanza-Riachuelo), արգենտինական գետ, որը հոսում է լատինաամերիկյան այդ երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսի միջով։ Գետի ձախ ափին քաղաքի կենտրոնն է՝ Կապիտալ-Ֆեդերալը։ Աջ ափին են գտնվում Բուենոս Այրես պրովինցիայի կազմի մեջ մտնող Լոմաս-դե-Սամորա, Լանուս և Ավելյանեդա քաղաքները։ Գետն ունի 64 կիլոմետր երկարություն, նրա ջրահավաք ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է 2240 քառակուսի կիլոմետր։ Սկիզբ է առնում Բուենոս Այրես նահանգում և Սուդ Դոք քաղաքի մոտ թափվում է Լա Պլատա գետը՝ դառնալով Բուենոս Այրես դաշնային շրջանի հարավային սահմանը։

Գետը Մատանսա է կոչվում իր հոսանքի մեծագույն մասում և միայն գետաբերանի մոտ է նրա անվանումը փոխվում՝ դառնալով Ռիաչուելո։ Երկրի համար անչափ կարևոր ջրային այս երակը չափազանց աղտոտված է։ Բավական է նշել, որ 2013 թվականի նոյեմբերին Շվեյցարիայի Կանաչ խաչ կազմակերպությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Բլեքսմիթի ինստիտուտը, մանրակրկիտ ու հանգամանալի հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունք հանդիսացող ամփոփիչ զեկույցում ներկայացնելով աշխարհի տասը ամենաաղտոտված վայրերը, Մատանսա-Ռիաչուելո գետը ընդգրկել էին այդ տասնյակում, նշելով, որ այստեղ ամենամեծ վտանգը ներկայացնում են ցնդող օրգանական միացությունների, տոլուոլի, մկնդեղի, պղնձի, կապարի, ցինկի՝ թույլատրելի չափերը մեծապես գերազանցող պարունակությունները գետի ջրերում։ Պատճառը Բուենոս Այրեսի և առափնյա այլ քաղաքների արդյունաբերական ձեռնարկությունների՝ ահավոր չափերի հասնող թափոններն են։

Հայրենի երկրում մեծ համբավ ձեռք բերած նկարիչ և շրջակա միջավայրի պահպանության Գրինփիս միջազգային կազմակերպության ակտիվիստ Նիկոլաս Գարսիա Ուրիբուրուն հասարակության ուշադրությունը գետի աղետալի վիճակի վրա բևեռելու նպատակով 1970 թվականի մարտի 22-ին՝ Ջրի համաշխարհային օրը, գետի ջրերը կանաչ ներկեց[1]։

Կամուրջ՝ Մատանսա գետի վրա

1993 թվականին երկրի նախագահ Կառլոս Մենեմի՝ շրջակա միջավայրի պահպանության աշխատանքների գծով քարտուղար Մարիա Ալսոգարայը Ռիաչուելոն մաքրելու եռամյա ծրագիր ներկայացրից, որն արժանացավ երկրի կառավարության հավանությանը, բայց նախագծի իրագործման աշխատանքները հազիվ սկսված՝ դադարեցվեցին։ Այդ նախկին քաղաքացիական ծառայողը, բարձրաստիճան պետական պաշտոնյան, որ պահպանողական քաղաքական գործիչ Ալվարո Ալսոգարայի դուստրն է, մեղադրվեց հանրային միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ (հատկացված 250 միլիոն դոլարից ընդամենը մեկ միլիոն դոլարն էր նպատակին քիչ թե շատ ծառայեցվել)[2] : Այսօր էլ գետի վիճակը շարունակում է մնալ խորապես մտահոգիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Arte al Día: Nicolás García Uriburu (Իսպաներեն) Արխիվացված 2011-07-22 Wayback Machine
  2. «Clarín: Del esplendor de los noventa a la acumulación de causas penales (Իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատանսա (գետ)» հոդվածին։