Մասնակից:Enirack/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աթոռ, կահույքի մաս, որն ունի թիկնակ և նստատեղ և նախատեսված է մեկ մարդու նստելու համար:

Աթոռը տարբերվում է բազկաթոռից այն բանով, որ չունի բազուկների համար նախատեսված թիկնակներ: Տարբերիչ մեկ այլ հանգամանք էլ դրանց հարմարավետությունն է, մինչդեռ աշխատանքային աթոռը գրեթե չի տարբերվում բազկաթոռից: Բազկաթոռը կարող է համարվել աթոռի տարատեսակ: Աթոռը աթոռակից տարբերվում է թիկնակի առկայությամբ:

Աթոռը կահույքի ամենատարածված տեսակներից է: Կան աթոռի շատ տեսակներ: Հավանաբար աթոռը կահույքի այլ տեսակներից ամենից շատ է ենթարկվել նորաձևության ազդեցությանը:

Թիկնակով աթոռը ամենայն հավանականությամբ հին եգիպտացիների գյուտն է. ամենահին նկարված և գտնված աթոռները թվագրվում են մ. թ. ա. երրորդ հազարամյակին:

Աթոռի հիմնական մասերն են նստատեղը, թիկնակը և ոտքերը: Ավանդաբար աթոռն ունենում է 4 ոտքեր, որոնք կարող են լինել առանձին կամ մկրատաձև միացված (Х-աձև տեսք): Ոտքերի քանակը փոփոխությունների է ենթարկվում: Այսպես` կան աթոռներ, որոնք ոտքեր չունեն (գրասենյակային աթոռներ): Թիկնակը կարող է լինել հետևի ոտքերի շարունակությունը կամ առանձին տարր` ամբողջական կամ հավաքովի: Աթոռները կարող են լինել կոշտ կամ փափուկ, ըստ պատրաստման նյութի` փայտե, հյուսկեն (պատրաստվում է շիվերից), մետաղական, պլաստիկե և տարբեր համակցություններով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիկնակով աթոռը, ամենայն հավանականությամբ, ի հայտ է եկել Հին Եգիպտոսում[1]: Առաջին այդպիսի աթոռները հայտնաբերվել են այնտեղ և վերաբերում են մ. թ. ա. III հազարամյակին[2]: Հնագույն պարզ աթոռները եղել են շատ մեծ, քառակուսու ձևով: Հետագայում Մերձավոր Արևելքի ազդեցությամբ կիրառության մեջ են մտել ավելի բարդ ձևեր ունեցող աթոռներ` պատկերազարդ ոտքերով, բարձիկներով, ինչպես նաև ծալովի աթոռներ` կաշվից նստատեղով, և մետաղական աթոռներ[3]: Աթոռների` մեզ հասած առաջին նկարները վերաբերում են II դինաստիայի շրջանին[4]: Դրանք պատկերում են հասարակ աթոռներ` ուղիղ ոտքերով, թիկնակով, նստատեղի բարձիկներով: Տարածված են եղել խաչաձև ոտքերով աթոռներն ու աթոռակները[5]: Ասորեստանյան աթոռները սկզբնական առավել խրթին ձևերից (կլորավուն ձևեր, կենդանակերպ ոտքեր) անցում են կատարել ավելի պարզ ձևերի: Դրանով հանդերձ` ասորեստանյան աթոռներն ու գահերը, ինչպես կահույքի այլ տեսակներ ևս, զարդարվել են շքեղ քանդակներով, բրոնզով, թանկարժեք մետաղներով, ծածկվել են գորգերով: Հասարակ մարդիկ օգտագործել են ծալովի աթոռներ, որոնք երբեմն պատել են գորգով[6]: Հին Արևելքում սեղանի մոտ ճաշելու սովորույթի տարածման հետ մեծացավ աթոռների դերը[7]:

Արխաիկ և Դասական Հունաստանում աթոռները, բազկաթոռներն ու աթոռակները նման էին ասորեստանյան, եգիպտական և հինարևելյան կահույքին: Աթոռները ոչ միայն պատվում էին մորթով կամ գորգով, այլև պատվում էին բարձիկներով: Բարձր աթոռների հետ օգտագործում էին նույն ոճով հարմարանքներ ոտքերը դնելու համար: Հետհոմերոսյան շրջանում տարածված նորաձևության պահանջներին համապատասխան` աթոռը դարձավ հիմնականում կանանց հարկաբաժնի կահույքի անբաժանելի մաս (կանայք և երեխաները նախկինի պես ուտում էին սեղանի շուրջ)[8]: Հին Հռոմում ևս աթոռը գերազանցապես կանանց կահույքի մաս էր. ծալովի փոքրիկ, թեթև աթոռներ էին օգտագործվում թատրոններում, երբ այնտեղ նստարաններ չէին լինում: Կային ամենատարբեր ձևերի նստատեղերով աթոռներ. աթոռի հիմքը կարող էր լինել արկղի կամ գլանի տեսքով[9]: Մեծ կիրառում էին գտել հյուսկեն աթոռները[10]:

Միջնադարյան Եվրոպայում հիմնականում կրկնօրինակում են հռոմեական աթոռները, սակայն դրանք կարող էին պատրաստվել նաև հնդկական և արևելաասիական ազդեցությամբ: XII դարից սկսած` ի հայտ են գալիս թիկնակով մեծ կլորավուն կամ բազմանկյուն աթոռները, որ նստատեղն ընդգրկում էր բոլոր կողմերից: Ոտքերի միջև ընկած դատարկ տարածությունը հաճախ ծածկվում էր կենդանիների քանդակներով[11]: Չնայած տարբեր տեսակների աթոռների, աթոռակների և բազկաթոռների գոյությանը` մինչև XVI դարը նստելու համար լայնորեն կիրառվել են սնդուկները: XV դարում ի հայտ են գալիս պտտվող նստատեղերով և անվակներով աթոռները[12]: XVI դարում էժան կահույքի աթոռների թիկնակները պատրաստում էին եղեգից. հասարակ բազկաթոռներն ու աթոռները գործածությունից հետզհետե դուրս են մղում նստարաններն ու սնդուկները[13]:

Միջնադարյան Եվրոպայում հանդիսավոր արարողությունների ժամանակ կիրառում են ամպհովանիներ: Իտալիայում աթոռի այդ տեսակը կոչվել է «Սավոնարոլայի աթոռ»[5]:

XVII դարում Հոլանդիայում ամենօրյա կիրառման համար պատրաստում են խաչանման հիմքով աթոռներ, մինչդեռ Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում աթոռները հիմնականում պատրաստվում էին հանդիսավոր արարողությունների համար: Այդ ժամանակ Անգլիայում հասարակ աթոռներին փոխարինելու են գալիս պաստառապատ աթոռները: Դրանք դառնում են սոցիալական վիճակի ցուցիչ. ընտանիքում ամենամեծ աթոռը նախատեսված էր ընտանիքի գլխավորի համար[14]:

XVIII դարում Անգլիայում մեծ կիրառում են գտնում «վինձորյան աթոռները»` ուղիղ, հասարակ ոտքերով և թիկնակով, որ պատրաստված էր նրբահյուս պարաններով[15]:

XIX դարում կահույքագործ Միխայիլ Տոնետը ֆաբրիկայում գոլորշու ազդեցությամբ արտադրում է աթոռներ. նման եղանակը նախկինում կիրառում էին վինձորյան աթոռների պատրաստման համար: Նոր ոճի «վիեննական կահույքը»` տեխնոլոգիական էժան եղանակների կիրառմամբ, հանգեցրեց այն բանին, որ վիեննական աթոռը դարձավ կահույքի պարագայի զանգվածային արտադրության ամենահաջող օրինակներից մեկը: Մինչև 1930 թվականը վաճառվել է վիեննական աթոռի ավելի քան 50 միլիոն օրինակ[16][17]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթոռի հիմնական մասերն են նստատեղը, թիկնակը և ոտքերը: Օժանդակ մասեր են ոտերն ու նստատեղը միացնող տարրերը (ցարգի), նախաոտքերը, անկյունակները: Մեջքի մասը, որին հենվում է նստողը, կոչվում է թիկնակ: Աթոռն ավանդաբար ունենում է չորս ոտք, որոնք կա'մ առանձին են, կա'մ միացված մկրատաձև (Х-աձև կառուցվածք): Աթոռների ոտքերի քանակը կարող է տատանվել. կան նույնիսկ առանց ոտքերի աթոռներ, օրինակ` հենանեցուկով աթոռը (անգլ.՝ cantilever chair): Այդ դեպքում ոտքերն ու նախաոտքերը միասին կազմում են աթոռի հիմքը: Աթոռի թիկնակը կարող է լինել ոտքերի շարունակությունը կամ առանձին ձևավորված տարր: Այն կարող է լինել ամբողջական կամ հավաքովի: Աթոռի հիմնական պարամետրերն են ամբողջական բարձրությունը, լայնությունը, նստատեղի խորությունը: Աթոռի բարձրությունը որոշվում է սեղանի բարձրությանը համապատասխան: Կոշտության տեսանկյունից լինում են կոշտ, կիսափափուկ և փափուկ: Թիկնակը սովորաբար ունենում է նույն կոշտությունը, ինչ աթոռը, կամ ավելի կոշտ: Աթոռի արտաքին տեսքը որոշում են բարձրությամբ, կառուցվածքով, թիկնակի ձևով, ոտքերի ու նստատեղի կառուցվածքով:

Ըստ պատրաստման հիմնական նյութի և եղանակի` առանձնացվում են աթոռների հետևյալ տեսակները` փայտյա, մետաղյա, հյուսկեն, ճոպանե: Կան նաև համակցված եղանակներով պատրաստված աթոռներ: Առանձին տեսակ են երեխաների և դաշնամուրի համար նախատեսված աթոռները: Ներկայումս աթոռներ են պատրաստվում նաև ապակուց, պլաստիկից: Ճոպանե աթոռի տարատեսակ է շիվերից պատրաստված աթոռը:

Աթոռի օգտագործման համար մեծ կարևորություն է ներկայացնում նրա տեսակը: Այսպես` պլաստիկից աթոռները թեթև են, հաճախ ունենում են այնպիսի ձև, որ հեշտությամբ դասվում են մեկը կյուսի վրա` բավական տեղ խնայելով: Այդ պատճառով դրանք հարմար է կիրառել այնպիսի սրահներում, որտեղ մշտապես մեծ արարողություններ են տեղի ունենում: Հյուսկեն աթոռները հաճախ դիտարկվում են որպես «գյուղական կահույքի» մաս:

  1. Екатерина Неволина Необыкновенная история обыкновенных вещей. — ОЛМА Медиа Групп, 2004. — С. 30-33. — 192 с. — ISBN 5-224-04466-9
  2. Соболев, էջ 10
  3. Weiss, 1998, т.I, էջեր 82-83
  4. Killen, 1994, էջ 11, 27
  5. 5,0 5,1 Антиквариат. Самая полная история антиквариата, 2001, էջ 28
  6. Weiss, 1998, т.I, էջեր 171-173
  7. Weiss, 1998, т.I, էջ 253
  8. Weiss, 1998, т.I, էջեր 521-523
  9. Weiss, 1998, т.I, էջեր 716-717
  10. Соболев, էջ 39
  11. Weiss, 1998, т.II, էջ 557
  12. Weiss, 1998, т.III, էջեր 552-553
  13. Weiss, 1998, т.III, էջեր 290-291
  14. Антиквариат. Самая полная история антиквариата, 2001, էջ 37-38
  15. Антиквариат. Самая полная история антиквариата, 2001, էջ 53
  16. Сидельникова, Мария (2015-12-16). «Утром стулья, вечером стулья». Коммерсант - Стиль. kommersant.ru. Վերցված է 2015-12-19-ին.
  17. Гнутая мебель Тонета