Տրդատ ճարտարապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ճարտարապետ Տրդատից)
Տրդատ ճարտարապետ
Ծնվել է950
Մահացել է1020
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն, քանդակագործություն
Գործունեությունճարտարապետ, քանդակագործ
Ուշագրավ աշխատանքներԱնիի Գրիգոր Լուսավորչի տաճար և Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի

Տրդատ ճարտարապետ (շուրջ 940 - մահվան թվականն անհայտ է, հավանաբար՝ 1020 թ. հետո), Բագրատունի հարստության դարաշրջանի հայ ճարտարապետ և քանդակագործ։ Շինարարություն է ծավալել հիմնականում Շիրակում։ Նրանից հետո, երբ Աշոտ Գ թագավորը 961 թ. տեղափոխեց մայրաքաղաքը Կարսից Անի, այնտեղ տեղափոխվեց նաև կաթողիկոսական աթոռը։ Տրդատը կառուցեց Անիի մայր տաճարը և կաթողիկոսարանի շենքը։ Ըստ հայ պատմիչների (Ստեփանոս Տարոնեցի և այլք) վկայության, այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսում երկրաշարժից հետո փլվել է Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը, Տրդատն է հրավիրվում այն վերականգնելու համար։ Նա գմբեթը կառուցում է 4 մույթերի (սյուների) վրա, տալով նրան հայկական ճարտարապետական ոճ, ապա կամարի վրա հայերեն տառերով գրում է Տրդատ [փա՞ստ]։ Այդ աշխատանքներն ավարտվում են 994 թ.։

Վավեր վկայություններ կան, որ նա կառուցել է Արգինայի կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (973–977), Գագկաշեն Սբ. Գրիգոր եկեղեցին (1001–10, Գագիկ Ա Բագրատունի թագավորի հանձնարարությամբ)։ Տրդատին է վերագրվում Հաղպատի վանքի ամենահին եկեղեցու՝ Սբ. Նշանի, Սանահինի վանքի Սբ. Ամենափրկիչ, Մարմաշենի վանքի գլխավոր եկեղեցին, Անիի Սբ. Փրկիչ եկեղեցին, Արգինայի կաթողիկոսարանի համալիրը, Անիի Սմբատաշեն պարիսպի և այլ հուշարձանների կառուցումը։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրդատի կյանքի մասին մեզ հասել են խիստ սահմանափակ տեղեկություններ։ Առանձին և կցկտուր տեղեկություններ է հաղորդում 11-րդ դարի պատմիչ Ստեփանոս Ասողիկ Տարոնեցին՝ իր «Տիեզերական պատմության» մեջ։ Տրդատի կյանքը համընկել է Հայաստանի բարգավաճման ժամանակաշրջանին, երբ Հայաստանն ազատվել էր արաբական խալիֆաթի գերիշխանությունից, և նպաստավոր պայմաններ էին ստեղծվել երկրի զարգացման համար։ Այս ընթացքում էր, որ Բագրատունյաց Հայքի մայրաքաղաքը դարձավ Անին, որտեղ մեծ թափով սկսվեցին շինարարական աշխատանքները։ Մինչ այդ, արաբական արշավանքներից ավերված երկիրն այժմ արագորեն վերականգնվում էր, և կառուցվում ու վերակառուցվում էին զանազան շինություններ։ Եվ Տրդատ Ճարտարապետն իր գործուն մասնակցությունը բերեց երկրում ծավալվող շինարարությանը՝ հատկապես Անիում և Շիրակ գավառում, որտեղ բնակվում էր։

Տրդատի ճարտարապետական գործունեությունը Հայոց թագավորությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրդատն առաջին շենքը կառուցել է Արգինայում։ Այդ վայրը 965 թվականին դարձել էր Հայոց եկեղեցու կաթողիկոսանիստը, երբ Անանիա Ա Մոկացի կաթողիկոսը, թողնելով Վանա լճի Աղթամար կղզին, բնակություն էր հաստատել այդտեղ՝ քաղաքամայր Անիի մոտ։ Դրանից շատ կարճ ժամանակ անց, Հայոց նորընտիր կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին որոշում է նոր աթոռանիստի համար այդ վայրում հիմնել մեծ եկեղեցի, որի կառուցումն էլ հանձնարարում է Տրդատ Ճարտարապետին։ Այդ եկեղեցուց այսօր, ցավոք, պահպանվել են հյուսիսային պատը և արևմտյանից մեկ հատվածը, իսկ մնացածն ամբողջությամբ ցիր ու ցան են եղած շրջակայքում։ Այս պատճառով այսօր հնարավոր չէ հստակ նկարագրել այդ եկեղեցու արտաքին տեսքը, սակայն տեղեկություններ է հաղորդում պարսիկ պատմիչ Մովլանա Իդրիսը, ով Շահ-Իսմայիլի զորքերի հետ հասել էր այստեղ, և իր մատյանում անչափ հիացմունքով է խոսում շինության մասին։ Դրանից հետո Տրդատ ճարտարապետը նոր հանձնարարություն է ստանում արքա Սմբատ Բ Տիեզերակալից (977-989 թթ.): Անիում պետք է կառուցվեր մեծ չափերով մի եկեղեցի, որը նվիրվելու էր Քրիստոսի ծննդյան 1000-ամյակին։ Դա Անիի հռչակավոր Մայր Տաճարն էր, որ հետագայում հայտնի է դառնում իր հոյակերտ ճարտարապետությամբ։ Սակայն Սմբատ արքան տեսնում է միայն Տրդատի գցած հիմքը։ Արքայի մահվան պատճառով տաճարի կառուցման աշխատանքները մեկառժամանակ դադարեցվում են։

Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարի գմբեթի վերակառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սոֆիայի տաճարը:

Մայր տաճարի կառուցման ժամանակավոր դադարը Տրդատն օգտագործում է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս մեկնելու համար, որտեղ նրան հրավիրել էին վերականգնելու կայսրության գլխավոր եկեղեցու՝ հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը։ Այն Բյուզանդական կայսրության ճարտարապետության ծաղկման ժամանակաշրջանի երևելի հուշարձան է, որը 532-537 թվականներին վերակառուցել են նշանավոր ճարտարապետներ տրալեսցի Անթիմոսը և միլեթցի Իսիդորը՝ Հուստինիանոս Ա կայսեր օրոք և նրա գործուն մասնակցությամբ։ 558 թվականի մայիսի 1-ին տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ, որից փլուզվում է տաճարի մոտ 31.5 մետր տրամագծով գմբեթը։ Հուստինիանոսը կարգադրում է նոր գմբեթ կառուցել, և քանի որ արդեն մահացած էին Անթիմոսն ու Իսիդորը, գործը հանձն է առնում վերջինիս եղբայրը՝ Իսիդոր Կրտսերը։ Նրա կառուցած գմբեթը կանգուն մնաց բավականին երկար ժամանակ, անգամ դիմացավ 869 թվականի երկրաշարժին, բայց փլուզվեց 986 թվականի երկրաշարժին։ Ահա, դրանից հետո էր, որ մեր նշանավոր ճարտարապետը հրավիրվեց Կոստանդնուպոլիս՝ դարձյալ վերակառուցելու համար Սուրբ Սոֆիայի գմբեթը։ Այս մասին տեղեկություններ է հաղորդում Ստեփանոս Ասողիկ Տարոնեցի պատմիչը։ Հայտնի է, որ կառուցման աշխատանքները կարգավորելու համար Տրդատը նախապես պատրաստում է եկեղեցու մոդելը, որի վրա նախ նա լուծում է ճարտարապետական խնդիրները։ Այնուհետև Տրդատը բարձր փայտամածներ է կանգնեցրել մինչև գմբեթը՝ այդ լուծումներն արդեն տաճարի վրա կիրառելու համար։ Տեղեկություններ են պահպանվել, որ այդ փայտամածների համար արքունի գանձարանը ծախսել է 1000 ոսկի լիվեր։ Հնարավոր է, որ գմբեթից բացի Տրդատը վերականգնման այլ աշխատանքներ էլ է կատարել, քանի որ, ինչպես հայտնի է, կառույցը վերից վար ճաք էր տվել։ Տրդատը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ ցուցադրելով իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են հուշարձանի ոչ միայն ներկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր։ Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվեց մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի։ Սուրբ Սոֆիայի տաճարում Տրդատի կատարած վերականգնումը լիովին արտացոլում է 10-11-րդ դարերի հայոց շինարարական մշակույթի զարգացման աստիճանը։ Թեև հայտնի է, որ այդ ժամանակներում Հայաստանում այդպիսի մեծ գմբեթներ չէին կառուցում, սակայն սա ցույց է տալիս, որ դրանց կառուցման եղանակներն ու ճարտարապետական լուծումները խորթ չէին հայ ճարտարապետներին։ Իսկ որպեսզի Բյուզանդական կայսրության մայրաքաղաքում այդպիսի պատասխանատու պատվեր ստանար, պարզ է, որ Տրդատը պետք է առաջնակարգ ճարտարապետի մեծ համբավ ունենար։ Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ մինչև Տրդատին հրավիրելը, հմուտ հույն ճարտարապետները շատ էին հոգում վերականգնման համար, բայց այդպես էլ հստակ լուծումներ չէին կարողանում առաջարկել։

Անիի Մայր տաճարի կառուցման ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի Մայր տաճարը:

Այս աշխատանքն ավարտելուց հետո Տրդատը վերադառնում է Անի, որտեղ նոր արքա Գագիկ Ա-ի կինը՝ թագուհի Կատրանիդեն, որ Սյունյաց Վասակ իշխանի դուստրն էր, նրան հանձնարարում է դարձյալ ձեռնարկել Մայր տաճարի կառուցումը։ Տաճարի կառուցումն ավարտվում է 1001 թվականին և նվիրվում Քրիստոսի ծննդյան 1000-ամյակին։ Այն դառնում է Անիի աշխարհիկ ու հոգևոր բնույթի հոյակերտ շինությունների պսակը և մեծ համբավ բերում իր ճարտարապետին։ Քաղաքի հարավարևելյան մասում կառուցված շենքը վեր է բարձրանում Ախուրյան գետի կամրջի դիմաց, միջնաբերդից հյուսիս-արևելք, գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրա։ 19-20-րդ դարերում, երբ Անին աղմկալի, մեծ քաղաքից վաղուց արդեն վերածվել էր մեռյալ ավերակների, Մայր տաճարն իր վրա է գրավում հետազոտողների և ճանապարհորդների ուշադրությունը՝ դառնալով ուսումնասիրության ու բազմաթիվ նկարագրությունների առարկա։ Նրանք բոլորը հիացմունքով են խոսում ճարտարապետական այդ գլուխգործոցի մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ.2, Ե․, 1948։
  • Լևոնյան Գ․, ճարտարապետ Տրդատ Անեցին և իր գործերը, <էջմիածին», 1949։
  • Մնացականյան Ս․ Խ․, Վարպետաց վարպետներ, Ե․, 1982։
  • Оганесян К․ Д․, Зодчий Трдат, Е․, 1951․ 9֊․ Շախկյան