Jump to content

Ճապոնիան 20-րդ դարի երկրորդ կեսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիայի տեսքը տիեզերական լանդշաֆտային հարթությունից։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան մի քանի տա­րում վերականգնվեց երկրի տնտեսու­թյունը։ Դրանից հետո նոր թափով շա­րունակվեց երկրի արդիականացումը։ Եթե հետպատերազմյան առաջին տասնամյակում Ճապոնիայի տնտե­սությունը դանդաղ էր զարգանում, ապա հաջորդ երեք տասնամյակների ընթացքում զարգացումն ընդունեց աննախադեպ տեմպեր։

Տնտեսության թռիչքաձև վերելքի շնորհիվ Ճապոնիան 1970–1980–ական թվականներին վերածվեց արդյունա­բերական հզոր տերության, դարձավ կապիտալիզմի երրորդ տնտեսական կենտրոնը՝ ԱՄՆ–ից և Եվրամիու­թյունից հետո։ Բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշով գերազանցեց ԱՄՆ–ին, իսկ աշխա­տանքի արտադրողականության մա­կարդակով առաջ անցավ Արևմտյան Եվրոպայի երկրներից և ընդհուպ մոտեցավ ԱՄՆ–ի ցուցանիշին (իսկ 1950–ական թվականներին այդ ցուցանիշով հետ էր ԱՄՆ–ից վեց անգամ)։ Ճապոնիան աշխարհում առաջին տեղը գրավեց, օրինակ՝ նավաշինության, տեսաձայ­նային տեխնիկայի, երկրորդ տեղը՝ էլեկտրոնիկայի, ավտոմեքենաշինու­թյան արտադրության գծով և այլն։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիան աստիճանաբար ան­ցում կատարեց տեղեկատվական հասարակության, ուր հիմնարար արժեքներ են գիտելիքները և տեղե­կատվությունը։ Դեռ 1970–ական թվականներին պատենտներ ու լիցենզիա գնելու փոխարեն առաջնայնությունը սկսե­ցին տալ գիտական ու տեխնիկական հետազոտությունների ֆինանսա­վորմանը։ Ձեռք բերվեցին խոշոր նվաճումներ այդ ուղղությամբ, որը հիմնվում է երկրի կրթական բարձր մակարդակի վրա։

Երկնաքերեր Ճապոնիայում

Տնտեսական «հրաշքը» հնարավոր դարձավ պետության վարած նպատա­կամետ ու հետևողական քաղաքակա­նության շնորհիվ։ Դրան նպաստեցին ամերիկյան և մյուս օտարերկրյա կա­պիտալի ու տեխնոլոգիաների ներ­հոսքը, ինչպես նաև ռազմական ոլոր­տի չնչին ծախսերը. Ճապոնիան մեծ բանակ պահելու իրավունք չունի։

Սակայն «հրաշքի» ամենագլխավոր պայմանը հասարակության ավան­դական ամուր հիմքերն են, այնպիսի արժեքներ, ինչպիսիք են աշխատան­քային կարգապահությունը, աշխա­տանքի կազմակերպման բարձր մշակույթը, հարգանքը մեծերի նկատ­մամբ և այլն։ Արտադրության և աշ­խատանքային հարաբերությունների կազմակերպման ճապոնական փորձը ընդօրինակելի է արդյունաբերական երկրների համար։

Զարգացման ճապոնական տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման ճապոնական մոդելը որպես ուղենիշ ծառայեց Հարավ­-արևելյան Ասիայի մի շարք երկրների (Հարավային Կորեա, Սինգապուր, Թայվան, Թաիլանդ) համար, որոնք նույնպես 20-րդ դարի վերջերին թռիչ­քաձև վերելք ապրեցին՝ վերածվելով արդյունաբերական գերզարգացած հասարակությունների։ Այսպիսով՝ ժամանակակից Արևել­յան ու Հարավային Ասիայի, մասնա­վորապես Ճապոնիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Սինգապուրի, Թայվանի և Հնդկաստանի զարգաց­ման փորձը ապացուցում է, որ հա­սարակության արդիականացումը ամենևին չի նշանակում պատճենել զարգացած եվրոպական արդյունա­բերական երկրների անցած ուղին։ Արդի քաղաքակրթությունը ձևավոր­վել ու զարգանում է համաշխարհային պատմական առաջընթացի գլխա­վոր միտումների և կոնկրետ ազգա­յին–պատմական առանձնահատուկ պայմանների, ազգային և համա­մարդկային արժեքների համադրման արդյունքում։ Այս փորձն ուսանելի է նաև հետխորհրդային հանրապետու­թյունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար։