Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում
անգլ.՝ V-J Day in Times Square
տեսակԼուսանկար
նկարիչAlfred Eisenstaedt?
տարիօգոստոսի 14, 1945
ժանրphotojournalism?
V-J Day in Times Square (Alfred Eisenstaedt) Վիքիպահեստում

Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում (անգլ.՝ V-J Day in Times Square)[1][2], Ալֆրեդ Էյզենշտադտի կողմից արված լուսանկար, որում պատկերված է Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը՝ 1945 թվականի օգոստոսի 14-ին, Թայմս-սքվերում սպիտակ շրջազգեստ հագած բուժքույր Էդիթ Շեյնին համբուրող ամերիկացի նավաստի Գլեն Մակդաֆին: Մեկ շաբաթ անց լուսանկարը տպագրվել է Life ամսագրի «Հաղթանակ» 12 էջանոց բաժնի բազմաթիվ լուսանկարների շարքում, որոնցում պատկերված էր հաղթանակի տոնումն ամբողջ Ամերիկայում: 2 էջանոց փռվածքի առաջին էջում ներկայացված էին 3 համբույրները Վաշինգտոնից, Կանզաս Սիթիից և Մայամիից, իսկ Էյզենշտադտի լուսանկարն զբաղեցնում էր ամբողջ հակառակ էջը: Պատերազմի տարիներին համբույրը ԶԼՄ-ի սիրելի դիրքն էր, բայց Էյզենշտադտը լուսանկարել էր Թայմս-սքվերում տեղի ունեցող ինքնաբուխ իրադարձություններն այն ժամանակ, երբ Հարրի Տրումենը հայտարարել էր Ճապոնիայի դեմ պատերազմի ավարտը: Հաղթանակի լուրն ստանալուց հետո ամենուրեք ցնծություն էր: Պաշտոնապես տոնը ոչ թե օգոստոսի 14-ին է, այլ սեպտեմբերի 2-ին՝ ռազմական գործողությունների դադարեցման պայմանագրի պաշտոնական կնքման օրը[3] (Ճապոնիայում նշվում է որպես Հիշատակի օր):

Լուսանկարը հայտնի է տարբեր անվանումներով՝ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում » (V-J Day in Times Square), «Հաղթանակի օրը» (V-Day), «Համբույրը Թայմս-սքվերում» և «Համբույր» (The Kiss)[4][5]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Էյզենշտադտը լուսանկարներով սկսել է հետաքրքրվել 14 տարեկանից, երբ ծնողները նրան նվիրեցին իր առաջին Kodak տեսախցիկը: Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Պրուսիայում ծնված Էյզենշտադտը զորակոչվում է գերմանական բանակի կազմում և դառնում հրետանավոր: Պատերազմում վիրավորվելով և վերադառնալով աշխարհային կյանքին՝ նա չի մոռանում մանկական իր հետաքրքրությունների մասին, բայց նաև չի մտածում այն իր մասնագիտությունը դարձնելու մասին: 1927 թվականին նրան հաջողվում է վաճառել իր առաջին լուսանկարը: Եվ արդեն 1930-ական թվականների սկզբին Էյզենշտադտը հռչակվում է իր լուսանկարներով, որոնք այսօր համարվում են լրագրության դասականներ. հենց նա է լուսանկարել Ադոլֆ Հիտլերի ու Բենիտո Մուսոլինիի առաջին հանդիպումը 1934 թվականին[6] և 1933 թվականին նկարել Յոզեֆ Գեբելսին՝ ատելությամբ լի դեմքով: 1935 թվականին Էյզենշտադտը արտագաղթում է ԱՄՆ և աշխատանքի ընդունվում Life ամսագրում: Նա աշխատում էր միջին ձևաչափի Rolleiflex տեսախցիկով, որը հնարավորություն էր տալիս նկարել մարդկանց՝ առանց ուշադրություն գրավելու: Բայց Էյզենշտադտն իր ամենահայտնի լուսանկարն արել է բացահայտ՝ առանց ոչ մեկից թաքնվելու:

Հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի օգոստոսի 14-ին Ճապոնիան ընդունեց անձնատուր լինելու պայմանները: Դրա մասին լուրերն արագ տարածվեցին ԱՄՆ-ում. փողոց դուրս եկան բազմաթիվ մարդիկ, և այդ օրը Նյու Յորքում գտնվող Life ամսագրի ֆոտոլրագրող Ալֆրեդ Էյզենշտադտն իր 35 միլիմետրանոց Leica լուսանկարչական ապարատով նետվեց տոնակատարությունը նկարելու: Այդ օրը նա եղավ Թայմս-սքվերում, որտեղ նկարեց շատերին, սակայն մի երիտասարդ նավաստի անմիջապես գրավեց նրա ուշադրությունը: Էյզենշտադտը հետագայում այսպես է հիշել.

Aquote1.png Նա վազվզում էր փողոցով, բռնում բոլոր կանանց, ում տեսնում էր. կարևոր չէր՝ նրանք տարեց էին, հաստամարմին կամ գեղիրան: Ես իմ «Լեյկոյով» վազում էի նրա առջևով՝ շրջվելով և փորձելով լուսանկարել, սակայն նրանցից ոչ մեկն ինձ դուր չեկավ: Եվ այդտեղ հանկարծակի, ինչպես փայլատակում՝ ես տեսա, որ նա հափշտակեց ինչ-որ սպիտակ բան: Ես շրջվեցի և կոճակին սեղմեցի հենց այն նույն պահին, երբ նա համբուրում էր բուժքրոջը: Եթե նա հագած լիներ ինչ-որ մուգ հագուստ, ես երբեք նրանց չէի լուսանկարի: Եվ նույնը, եթե նավաստին հագած լիներ բաց գույնի համազգեստ, լուսանկարում չէր լինի: Aquote2.png

Նրան հաջողվեց 4 լուսանկար անել: Համբույրի ընթացքում Էյզենշտադտին հաջողվեց փոքր-ինչ փոխել լուսանկարչական ապարատի կարգավորումները. ըստ նրա խոսքերի՝ կադրերն արվել են Kodak Super Double X ժապավենով 1/125 վայրկյան ձգձգումներով ու 5,6 և 8 դիաֆրագմա: Սակայն այդ շարքից ամենահաջողվածը մեկ լուսանկար էր, դա էլ նա հանձնեց ամսագրին:

1945 թվականի օգոստոսի 14-ին Գլենու Մակդաֆին 18 տարեկան էր, և նրա գործունեության շրջանը Բրուքլինն էր: Նա մետրոյով մեկնեց Թայմս-սքվեր և դուրս գալով փողոց՝ իմացավ պատերազմի ավարտվելու մասին: Նրան դիմեց երիտասարդ կինը. «Նավաստի՛, ես շատ ուրախ եմ ձեզ համար»: «Իսկ ի՞նչ է պատահել»,- հարցրեց նրան Մակդաֆին: «Պատերազմն ավարտվել է, դու կարող ես գնալ տուն»,- ասաց բուժքույրը: Երիտասարդները գրկախառնվեցին և համբուրվեցին: Ինչպես հետագայում պատմել է Մակդաֆին. «Ես գիտեմ, որ համբուրել եմ Էդիթ Շեյնին. այլևս երբեք չեմ համբուրվել մի կնոջ հետ, որն ունենար այդպիսի մեծ բերան՝ մի ականջից մյուսը: Այդպիսին չի մոռացվում»[7]:

Էդիթ Շեյնը հաճախ էր հիշում Նյու Յորքի կենտրոնում տեղի ունեցած այդ դեպքը՝ պատմելով, որ անծանոթ նավաստին անսպասելի հայտնվելով ամբոխի միջից, գրկեց իրեն, համբուրեց և այդպես արագ էլ անհետացավ[8].

Aquote1.png Ես աշխատում էի հիվանդանոցում: Ես ընկերոջս հետ ռադիոյով լսեցի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել է և դուրս եկանք փողոց, որտեղ արդեն վայրենի ամբոխն էր: Ամեն ինչ տեղի ունեցավ շատ բուռն կերպով: Մարդիկ դեսուդեն էին նետվում, գրկախառնվում և համբուրում միմյանց: Մի նավաստի բռնեց ինձ և շատ երկար համբուրեց: Ես նույնիսկ չտեսա նրան, քանի որ փակել էի աչքերս, երբ մենք համբուրվում էինք: Իսկ այնուհետև ես շրջվեցի և գնացի մյուս ուղղությամբ: Մենք նույնիսկ միմյանց ոչինչ չասացինք: Ես նույնիսկ չգիտեմ՝ նայեց նա ինձ: Հնարավոր է՝ ոչ[9]: Aquote2.png


Ինքնության պարզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Էյզենշտադտը ստորագրում է իր հայտնի լուսանկարը, օգոստոսի 23, 1995 թվական: Նա մահացել է կեսգիշերից ութ ժամ անց
Էդիթ Շեյնը Վաշինգտոնի շքերթում, մայիսի 28, 2008

Քանի որ Թայմս-սքվերում իրարանցում էր, և Էյզենշտադտը լուսանկարում էր տոնական արագ փոփոխվող իրադարձությունները, նա նկարված մարդկանց չէր հարցնում անունները և չէր կարող պարզել այլ մանրամասներ: Լուսանկարում անհնար է հստակ տեսնել համբուրվողների դեմքը, ինչի հետևանքով հետագայում որոշ մարդիկ պնդում էին, որ հենց իրենք են նկարված: Համբուրվող զույգի ինքնության պարզմամբ զբաղվեցին տասնյակ լրագրողներ: 1970-ական թվականների վերջին Լոս Անջելեսի 60-ամյա բնակչուհի Էդիթ Շեյնը, որը պատերազմից հետո որպես դաստիարակ 30 տարի աշխատել էր Բևեռլի Հիլզի մանկապարտեզում[9], տեղական ամսագրում կարդաց Էյզենշտադտի հարցազրույցը: Դրանից հետո նա որոշեց լուսանկարչին պատմել իր մասին և 1980 թվականին նրան ջերմ նամակ գրեց, որով հաղորդում էր, որ հենց ինքն է նկարում: Կարդալով նամակը, որով Շեյնն իր համար խնդրում էր միայն նկարի կրկնօրինակը, Էյզենշտադտը նրա մասին պատմեց Life ամսագրում: Այնուհետև Էյզենշտադտն անձամբ հանդիպեց Շեյնի հետ և նրան նվիրեց լուսանկարի կրկնօրինակը: Սակայն, ինչպես պատմում է ամսագրի խմբագիր Բոբի Բեյքեր Բերոուզը, Էյզենշտադտը մինչև վերջ համոզված չէր, որ Շեյնն ինքնակոչ չէր[10]: Խմբագրությունը որոշեց այդ դեպքի մասին փոքրիկ հոդված տպագրել, և միաժամանակ Շեյնին համբուրող նավաստուն խնդրեցին արձագանքել: 1980 թվականի հոկտեմբերին որպես նավաստի ներկայացավ 11 հոգի: Հետագայում ևս 2 կանայք՝ Գրետա Ֆրիդմանը և Բարբարա Սոկոլը, հայտարարեցին, որ նկարում իրենք են: Նրանց չհաջողվեց ապացուցել իրենց ճշմարտացիությունը, չնայած բացառված չէ, որ նրանք նույն օրը Թայմս-սքվերում համբուրվել են զինվորականների հետ:

Շեյնը պաշտոնապես դարձավ «լուսանկարի աղջիկը», սակայն երկար ժամանակ նավաստու ինքնությունը պարզել հնարավոր չեղավ: Նրա տեղը հավակնում էին Ջորջ Մենդոսան, Կարլ Մուսկարելլոն և Գլեն Մակդաֆին: Երկար ժամանակ Էդիթ Շեյնը գտնում էր, որ հենց Մուսկարելլոն է լուսանկարի հերոսը և նույնիսկ հանդիպեց նրա հետ ավելի քան կես դար անց, որպեսզի կրկնի նույն համբույրը: Հետագայում նա խոստովանեց, որ լիովին համոզված չէ, որ Մուսկարելլոն է հենց այդ մարդը[11]: Սակայն համբուրվող նավաստուն ճանաչեց հարազատ մայրը: Գնելով Life ամսագրի հերթական համարը՝ զանգահարեց որդուն և ասաց. «Դու ինչ է չգիտե՞ս, որ չպետք է համբուրվել անծանոթների հետ: Դու կարող ես վարակվել»: Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ Էդիթ Շեյնին ուղեկցում էր ֆլորիդացի պաշտոնաթող ոստիկան Կարլ Մուսկարելլոն, որը պնդում էր, որ ինքն է լուսանկարի նավաստին: Շեյնը նրան մի քանի հարց տվեց այն օրվա մասին, և Մուսկարելլոն դրանց ճիշտ պատասխանեց. երիտասարդները համբուրվել էին և անմիջապես անհետացել ամբոխի մեջ[7]:

Սակայն որոշ ժամանակ անց հայտնվեց Մուսկարելլոյի մրցակիցը: Նա ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի 80-ամյա վետերան Գլեն Մակդաֆին էր: Որպեսզի ապացուցի իր արդարացի լինելը, 2007 թվականին Մակդաֆին լուսանկարը վերլուծելու համար դատական փորձագետ Լոիս Գիբսոնի մոտ տարավ մոտ 100 լուսանկարներ, որտեղ վետերանը հագել էր ծովային համազգեստ և կանգնած էր նույն դիրքով, ինչ-որ նկարում, միայն աղջկա փոխարեն ձեռքին բռնել էր բարձ: Թվային լուսանկարների և դեմքի ու ձեռքի ոսկորների չափումների միջոցով Գիբսոնը եզրակացրեց, որ հենց Մակդաֆին է լուսանկարում: Բացի այդ, նա հաջողությամբ անցավ պոլիգրաֆի 10 թեստերը, սակայն հասարակական կարծիքում նա չկարողացավ ապահովել հայտնի նավաստիի իր տեղը: Լոս Անջելեսում բնակվող Էդիթ Շեյնին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ այս առումով[7]:

2008 թվականի նոյեմբերի 10-ին Էդիթ Շեյնը ներկա գտնվեց Բրոդվեյում ներկայացվող South Pacific մյուզիքլին, որից հետո հանդիսավոր կերպով լուսանկարվեց ռազմածովային համազգեստ հագած դերասանների հետ: Նոյեմբերի 11-ին՝ Վետերանների օրը, նախկին բուժքույրը գլխավորում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների շարասյունը[10]:

2010 թվականի հունիսի 20-ին Էդիթ Շեյնը 91 տարեկան հասակում մահացավ Լոս ԱՆջելեսի իր տանը: Նա ուներ 3 երեխա, 6 թոռ և 8 ծոռ[8]:

2014 թվականի մարտի 9-ին Գլեն Մակդաֆին 86 տարեկան հասակում մահացավ Տեխասի ծերանոցում: Նրա մահվան պատճառը չի նշվում, բայց կյանքի վերջին տարիներին նա ծանր հիվանդ էր (2007 թվականին հաղորդվել էր, որ նա ուռուցք ունի): Նա ուներ 1 դուստր[11]:

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադրի կենտրոնում գտնվող զույգն առաջին իսկ հայացքից ուշադրություն է գրավում, նավասատու սև և բուժքրոջ սպիտակ հագուստի երանգային լուծումը, չնայած կատարյալ ներդաշնակության խիստ տարբերությանը, հետին պլանում երևացող փողոցի հեռավոր տարածությունը մեծացնում են խորությունը: Նրբերանգները, որոնք անմիջապես չես նկատվում, ավելացնում են միայն վստահությունը, որ քո առջև արվեստի ստեղծագործություն է: Այդ զույգին շրջապատողների բարեսրտություն արտահայտող դեմքերը բացահայտ խոսում են այդ օրվա ընդհանուր մթնոլորտի մասին, իսկ գրաֆիկորեն գլխավոր հերոսների բեկված ձեռքերը նկարին հաղորդում են դրամատիզմ և այն հարստացնում լուռ հակամարտությամբ:

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարն սկսեցին տպագրել շապիկների վրա, ֆոնը ջնջելով՝ այն իրենց տանը կախել էին հազարավոր մարդիկ, որոնցից որոշները նույնիսկ հորինել էին զույգի նոր կյանքը Լեգո խաղալիքների պատկերների տեսքով[12]: 2005 թվականին Life ամսագիրը լուսանկարը կրկին տեղադրեց իր համարներից մեկի շապիկին: 2007 թվականին Թայմս-սքվերում, ի պատիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյակին, հայտնվեց լուսանկարը պատկերող գունավոր քանդակ, սակայն քաղաքային իշխանությունները որոշեցին այն չտեղադրել մշտական հիմունքներով: ԱՄՆ-ի՝ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 65-ամյակի առթիվ օգոստոսի 13-ին Թայմս-սքվերում բացվեց նավաստու և բուժքրոջ համբույրի 26 ֆուտանոց արձանը: Էդիթ Շեյնի մասին «Պահպանում ենք 45-ի ոգին» շարժման ազգային տեսուչ Ուորեն Հեգն այսպես է արտահայտվել.

Aquote1.png Նա ասում էր, որ մենք պետք է կազմակերպենք բոլոր սովորական տղամարդկանց և կանանց այն սերնդի օրը, որոնք նմանատիպ զարմանալի շատ բաներ են արել, բայց այդպես էլ երբեք դրա համար ճանաչում չեն ստացել: Նրանց հիշատակի օրը, ովքեր ապրել են Մեծ դեպրեսիան, փրկել Արևմտյան ժողովրդավարությունը և հաստատել խաղաղություն[13]: Aquote2.png

Ամեն տարի օգոստոսի 14-ին արձանի մոտ հավաքվում են հարյուրավոր մարդիկ, որպեսզի վերաստեղծեն լուսանկարը: Նշանակված ժամանակ զույգերն սկսում են միաժամանակ համբուրվել, ընդ որում՝ շատ աղջիկներ հագնում են կարճ սպիտակ շրջազգեստներ, իսկ տղամարդիկ՝ նավաստու հագուստ[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. V-J Day in Times Square in The Photo Book (London: Phaidon, 2000; 0-7148-3937-X), p.134. V-Day in Twentieth Century Photography: Museum Ludwig Cologne (Cologne: Taschen, 2005; 3-8228-4083-1), pp. 148–9.
  2. Harnisch, Larry (August 14, 2005)։ «The Daily Mirror: Voices -- Edith Shain and 'The Kiss'»։ Los Angeles Times։ Tribune Company։ Վերցված է June 3, 2011 
  3. September 2 is the official celebration of V-J Day in the United States
  4. V-J Day in Times Square in The Photo Book (London: Phaidon, 2000; ISBN 0-7148-3937-X), p.134. V-Day in Twentieth Century Photography: Museum Ludwig Cologne (Cologne: Taschen, 2005; ISBN 3-8228-4083-1), pp. 148-9.
  5. Harnisch, Larry (August 14, 2005)։ «The Daily Mirror: Voices -- Edith Shain and 'The Kiss'»։ Los Angeles Times։ Tribune Company։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է June 3, 2011 
  6. Alfred Eisenstaedt - The First Meeting of Mussolini and Hitler @ GALLERY M
  7. 7,0 7,1 7,2 Lenta.ru: Из жизни: Судебный эксперт разрешила загадку знаменитого фотоснимка
  8. 8,0 8,1 Lenta.ru: Мир: Умерла целующаяся медсестра со знаменитой фотографии
  9. 9,0 9,1 Lenta.ru: Из жизни: История одного поцелуя
  10. 10,0 10,1 Lenta.ru: Мир: Медсестра со знаменитого снимка устроила торжественную фотосессию
  11. 11,0 11,1 Lenta.ru: Из жизни: Люди: В США умер моряк с фотографии «Поцелуй»
  12. V.J. Day Times Square | Flickr - Photo Sharing!
  13. В Нью-Йорке в честь победы над Японией открыли статую целующихся - Архив - zn.ua
  14. История одной фотографии: «Поцелуй на Таймс-Сквер» | Актуальная классика | Культура | Аргументы и Факты

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]