Ղզլբաշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղըզըլբաշներից)

Ղզլբաշներ (պարս․՝ قزلباش‎ Qizilbāsh, թուրք.՝ Kızılbaş), Իրանի ու Հարավային Կովկասի տարածքներում շրջող թյուրքալեզու քոչվոր ցեղեր։ Անունը գալիս է իրենց ռազմիկների մի սովորությունից, երբ տասներկու շիա իմամների պատվին կրում էին տասներկու շարք կարմիր կտորներով չալմաներ։

QIZILBASH.jpg

Ղզլբաշների ցեղերը գտնվում էին քաղաքական և կրոնական կախվածության մեջ Սեֆյանների շեյխերի ընտանիքից, որոնք, հենվելով նրանց վրա և ստեղծելով յուրատեսակ հոգևորա-ասպետական օրդեն, կատարում էին զավթումներ՝ սերմանելով շիիզմ։ 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին շեյխ Սաֆիի ժառանգներին, մասնավորապես՝ Իսմայիլին, հավատարմություն հայտնեցին և իրենց հայտարարեցին ռումլու, շամլու, ուսթաջլու, թաքալու, աֆշար, բայաթ, զուլկադար ցեղերը, որոնց միացան Հայաստանի կենտրոնական նահանգներում հաստատված բայբուրթլու, սաադլու, շամսադինլու և այլ ցեղեր։ Իսմայիլ I-ը, գլխավորելով նրանց, պարտության է մատնել ակ-կոյունլուներին, հիմնել Սեֆյան պետությունը՝ անվանելով Ղզլբաշների պետություն (դովլաթե ղզլբաշ)։

1501 թվականին Սեֆյանները գրավեցին Իրանի շահական իշխանությունը։ Իրանում Սաֆավիյանների գլխավորող դերը սկզբնական շրջանում ամբողջությամբ պատկանում էր ղզլբաշների վերնախավին, չնայած որ, վերջինս անընդհատ ստիպված էր պայքար մղելու այլ էթնիկական ծագում ունեցող վերնախավի հետ։ ղզլբաշների միջից էին նշանակվում գլխավոր խորհրդականներ, տեղակալներ, զորապետներ։ Սեֆյանների զորքը նշանակալիորեն բաղկացած էր ղզլբաշ աշխարհազորայիններից։ Միայն հետագայում, նամանավանդ՝ շահ Աբասի օրոք, ղզլբաշների ազդեցությունը որոշ չափով թուլացավ, պետության կենտրոնական մարզ դարձավ ոչ թե Ադրբեջանը, այլ ներսի մասի Իրանը[1]։

Թուրք-պարսկական պատերազմների ժամանակաշրջաևում ղզլբաշները հրկիզել ու ավերել են Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, զանգվածաբար տեղահանել ու գերեվարել բնակչությանը։ Ղզլբաշների առաջնորդները Սեֆյանների արքունիքում զբաղեցրել են ռազմական և պետական կարևոր պաշտոններ (այդ թվում բեգլերբեգիների պաշտոնը), իրենց ռազմիկներով մասնակցել շահերի արշավանքներին։ Ղզլբաշների ռազմաքաղաքական դիրքերը մասամբ թուլացան շահ Աբբաս I-ի (1587-1629) բարեփոխումների և կանոնավոր բանակի զորամասերի կազմավորման հետևանքով։ 17-րդ դարի վերջին և 18-րդ դարում ղզլբաշները կորցրել էին իրենց զորությունը, սակայն Ռուսաստանում և եվրոպական երկրներում Իրանը կոչել են ղզլբաշների երկիր, իսկ ժողովրդին՝ ղզլբաշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 395 CC-BY-SA-icon-80x15.png