Հրշեջ պահպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրշեջ պահպանություն, 1. մարդկանց կյանքը և նյութական արժեքները հրդեհներից պահպանող պետական և հասարակական միջոցառումների համակարգ։ 2. Հրդեհները նախազգուշացնող հակահրդեհային միջոցառումների իրականացումը հսկող կազմակերպություն։

Հրշեջ պաշտպանության կամավորական առաջին խումբը (18 մարզիկ) Երևանում կազմակերպվել է 1924 թվականին։ 1928 թվականին ստեղծվել է Հայաստանի հրշեջ պաշտպանության կենտրական վարչությունը, որը Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Էջմիածնում, Ալավերդիում և Կապանում, ինչպես նաև մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում ու հաստատություններում իրագործել է հակահրդեհային միջոցառումներ։ 1934 թվականին հրշեջ պաշտպանության կենտրոնական վարչությունը վերակազմվել է ՀՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հրշեջ պաշտպանության բաժնի։ 1935 թվականին Երևանում գործել են վեցամսյա, 1936-1937 թվականներին՝ միամսյա, 1937 թվականին՝ երկամյա հրշեջ-տեխնիկական դպրոցներ։ 1939-1941 թվականներին հանրապետության խոշոր ձեռնարկություններում կազմակերպվել են ռազմականացված հրշեջ պաշտպանության խմբեր, իսկ հետագայում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արթիկում և Դիլիջանում՝ կամավոր հրշեջ ընկերություններ։ 1955 թվականին Երևանի կամավոր հրշեջ ընկերության հիմքի վրա կազմակերպվել է Հանրապետական հրշեջ ընկերությունը (Հայհրշեջ)։ Հրշեջ պաշտպանությունը մտնում է ՀՀ ՆԳՆ կազմի մեջ։ 1999 թվականին ՀՀ-ում գործել են շուրջ 90 ռազմականացված և մասնագիտացված հրշեջ մասեր, 51 կամավոր ընկերություն։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։