Հույս II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հույս II
Gustav Klimt - Hope, II - Google Art Project.jpg
տեսակԳեղանկար
նկարիչԳուստավ Կլիմտ
տարի1907-1908
բարձրություն110.5
լայնություն110.5
ուղղությունՍիմվոլիզմ
ժանրայլաբանություն
նյութՅուղաներկ և կտավ
գտնվում էՆյու Յորքի արվեստի թանգարան
հավաքածուԺամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)
քաղաքՆյու Յորք
Die Hoffnung II Վիքիպահեստում

«Հույս II» (գերմ.՝ Die Hoffnung II), նշանավոր ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի կտավներից, որը նկարվել է 1907-1908 թվականներին: Այն Կլիմտի երկրորդ կտավն է, որում հեղինակը շեշտը դնում է հղի կնոջ վրա: Այս նկար «Հույս I»-ի շարունակությունն է: Երկու նկարներում էլ պատկերված է նույն կինը՝ Հերման: Կլիմտը նկարն անվանել է «Տեսիլք», սակայն այն հանրության շրջանում հայտնի է եղել որպես Հույս II և ի վերջո ստացել է այդ անվանումը: 1978 թվականից ի վեր «Հույս II» կտավը գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: Նկարի չափերն են 110.5 x 110.5 սմ[1][2][3][4][5][6]:

Նկարի ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ստեղծման, այսպես կոչված, արտաքին խթանը՝ գլխավոր պատճառը եղել է Կլիմտի բնորդուհիներից մեկի՝ Հերմայի հղիությունը: Մի օր Հերման պետք է, ինչպես միշտ, այցելեր նկարչի արհեստանոց բնորդություն անելու համար: Սակայն նա այդպես էլ չի գալիս: Կլիմտն անհանգստանում է և մտածում, որ միգուցե Հերման հիվանդացել է: Նա մարդ է ուղարկում պարզելու, թե ինչ է պատահել: Արդյունքում Կլիմտն իմանում է, որ Հերման ոչ թե պարզապես հիվանդացել է, այլ հղի է: Չնայած որ կինը չէր ցանկանում հղիության ընթացքում բնորդությամբ զբաղվել, Կիլմտը նրան անընդհատ հրավիրում էր իր արհեստանոց: Հերման ստիպված էր համաձայնել նկարչի առաջարկին, քանի որ պետք է գումար վաստակեր իր ընտանիքի կարիքները հոգալու համար: Արդյունքում նա տալիս է իր՝ Կլիմտի համար բնորդություն անելու վերջնական համաձայնությունը: Արվեստագետը, օգտվելով կնոջ ֆինանսական բարդ իրավիճակից, նկարում է նրան՝ ասելով, որ «նրա հետույքը շատ ավելի գեղեցիկ և խելացի տեսք ունի, քան բազմաթիվ մարդկանց դեմքերը»[1][3]:

Հայտնի է, որ Կլիմտը սեռական հարաբերություններ է ունեցել իր համարյա բոլոր բնորդուհիների հետ: Սակայն չկան հստակ տեղեկություններ՝ արդյո՞ք այդ հարաբերությունների արդյունքում հայտնի նկարիչն ունեցել է երեխաներ, թե ոչ[1]:

«Հույս I» նկարում հղի Հերման ներկայանում է մերկ տեսքով: Իսկ, ահա, «Հույս II»-ում նա արդեն պատկերված է երկրաչափական պատկերներով զարդարված հագուստով: Նա ունի երկար շագանակագույն վարսեր, աչքերը փակ են, գլուխը հակված է առաջ՝ դեպի մերկ կուրծքը և մեծացած որովայնը: Տեսարանին ոչ համապատասխան գանգը հայտնվում է նրա զգեստի վրա: Այն, կարծես թե, բարդ և վտանգավոր ծննդաբերության խորհրդանիշ լինի: Չի բացառվում, որ գանգը, ինչպես «Հույս I» նկարում, կարող է իր մեջ Memento mori-ի գաղափարը: Հերմայի ոտքերի մոտ պատկերված են երեք կանայք: Նրանք խոնարհված են: Թվում է, թե այս երեք կանայք աղոթում են: Սակայն հնարավոր է նաև, որ նրանք սգում են ինչ-որ դժբախտության պատճառով[1][3][5][6]:

Կնոջ հագուստը զարդարված է ոսկեգույն տերևներով, ինչպես բյուզանդական արվեստում: Կան բազմաթիվ գույներ, երանգներ և նախշեր: Սակայն այն ուղղափառ եկեղեցուն բնորոշ սրբապատկերների նման տափակ է: Գույների այս բազմազանությունը հակադրվում է ետին ֆոնի մուգ երանգների և մարդկային հիվանդագին սպիտակ դեմքերի ու մարմինների հետ[1][3][5]:

Ի տարբերություն «Հույս I» նկարի, որի ցուցադրությունը սկզբնական շրջանում արգելվում էր, «Հույս II»-ը ցուցադրվել է 1908 թվականին Վիեննայում տեղի ունեցած առաջին ցուցադրության ժամանակ[1][5]:

Աշխարհահռչակ նկարչի նկարները էլ ավելի մեծ կապ ունեն նրա անձնական կյանքի հետ, քան որևիցե մեկը կարող է պատկերացնել: Կլիմտի անձնական կյանքի վերաբերյալ շատ տեղեկություններ չկան: Բայց բավականին շատ փաստեր հայտնի են նրա կարիերայի մասին: Գուստավ Կլիմտը ծնվել է 1862 թվականին Ավստրիայում: Տասնչորս տարեկան հասակում նա իրավունք է ստանում սովորել Վիեննայի արվեստի դպրոցում: 1897 թվականին Կլիմտը և իր ընկերները լքում են Ավստրիայի արվեստագետների հասարակության շարքերը և ստեղծում են նոր գեղարվեստական շարժում՝ Սեցեսիա անվամբ: Կլիմտը դառնում է այդ ուղղության գլխավորողը Ավստրիայում[4]:

Կլիմտը հայտնի է որպես մի անհատ, ով կոտրում էր բոլոր կարծրատիպերը, դեմ էր գնում բոլոր ընդունված օրենքներին, հատկապես երբ հարցը վերաբերվում էր արվեստին: Կլիմտի ժամանակակից նկարիչները նույնպես նկարում էին մերկ կանանց, սակայն նրանք օգտագործում էին կտորեղեն՝ նրանց սեռական օրգանների հատվածները ծածկելու համար: Կլիմտը չէր վախենում բացահայտ կերպով նկարել ու հանրության դատին ներկայացնել ամբողջովին մերկ կնոջ մարմինը: Նրա պատկերած կանայք, ինչպես օրինակ Հույս I և Հույս II նկարների հերոսուհին, հիմնականում գանգուր վարսերով են օժտված, ինչի վրա Կլիմտը մեծ ուշադրություն է դարձնում: Կլիմտը մեկ այլ նախադեպը չունեցող հեղաշրջում է կատարում արվեստի պատմության մեջ, երբ առանց վախի նվազագույն զգացման պատկերում է կնոջ սեռական օրգանի մազածածկույթը: Այդ ժամանակներում բացի այն, որ այդպիսի երևույթը ընդունված չէր, այլ համարվում էր կնոջ տգեղ ֆիզիկական հատկանիշ[4]:

Այսպիսով, Կլիմտը ներկայացնում է մերկ կնոջ գեղեցկության ամբողջովին նոր մոդել[1]:

Հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի այս նոր ոճը, որն ներառում էր մերկություն, մարմնական գեղեցկություն, գայթակղիչ կանայք, ստեղծում է հակասություններ Կլիմտի և ավստրիացիների միջև: Նրանք համարում էին, որ Կլիմտի նկարները չափազանց սկանդալային են և պարունակում են սեռական կյանքի պրոպագանդայի մասնիկներ: Այս ամենը դեմ էր նրանց մտածելակերպին և ապրելաոճին: Նախկինում Կլիմտի նկարած կանայք գեղեցիկ, ուժեղ անհատականություններ էին, ովքեր ենթակա չէին իրենց տղամարդկանց: Այս նոր կինը շոկ էր բոլոր ավստրիացիների համար: Բայց այն նաև Կլիմտի՝ այսպիսի հայտնի ու հռչակավոր դառնալու գրավականն էր: Գուստավ Կլիմտը իր մեծ ներդրումն ու ազդեցությունն է ունեցել արվեստի պատմության հետագա զարգացման վրա[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]