Հովսեփ Տեր-Ստեփանյան
Ծնվել է | 1866/1867 |
---|---|
Ծննդավայր | Պելեճիկ, Նիկոմեդիայի գավառ, Իզմիթի նահանգ, Թուրքիա |
Մահացել է | 26 փետրվարի, 1943 |
Մահվան վայր | Թեհրան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Պաշտոն | բժշկապետ, որբանոցի տնօրեն |
Հովսեփ Տեր-Ստեփանյան (1866/1867, Պելեճիկ, Նիկոմեդիայի գավառ, Իզմիթի նահանգ, Թուրքիա- 26 փետրվարի, 1943, Թեհրան), հայ բժիշկ, մանկավարժ, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1866/1867 թվականին Թուրքիայի Իզմիթի նահանգի Նիկոմեդիայի գավառի Պելեճիկ (Պիլեճիկ) հայկական քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Ռոդոսթո (Թեքիրդաղ) քաղաքի թաղային վարժարանում։ 1883 թվականին ավարտել է Պարտիզակ քաղաքի Ամերիկյան բարձրագույն վարժարանը։ 1887 թվականին ավարտել է Կ. Պոլսի Ռոբերթ քոլեջը՝ պսակավորի աստիճանով։
1888-1890/1893 թվականներին սովորել է Լոնդոնի համալսարանի բժշկական ֆակուլտետում և ստացել վիրաբուժական և բժշկական կրկնակի դիպլոմներ։ 1893 թվականին վերադարձել է Ռոդոսթո և աշխատել բժիշկ։ 1896 թվականին տեղափոխվել է Պարտիզակ և շարունակել զբաղվել բժշկությամբ։ Ավելի քան 20 տարի բնախոսություն (ֆիզիոլոգիա) և հոգեբանություն է դասավանդել Գոնիայի «Ճենանյան» և Պարտիզակի Ամերիկյան բարձրագույն քոլեջներում։
Պարտիզակի Ամերիկյան բարձրագույն վարժարանում դասավանդել է անգլերեն և գրականություն, ինչին տիրապետել է բարձր մակարդակով։ Նախասիրած գրքերը եղել են Շեքսպիրի «Հուլիոս Կեսարը» և Գոլթսմիթի «Ամայացած գյուղը», որոնք յուրաքանչյուր ուսումնական տարեշրջան թարգմանել և տող առ տող վերլուծել է մաքուր և գեղեցիկ հայերենով։ Թարգմանել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» ստեղծագործությունը։ Բարձրագույն վարժարանում դասավանդել է նաև մարդակազմություն, առողջաբանություն և հոգեբանություն, որոնք մատուցել է մեծ սիրով, հետաքրքրությամբ ու հումորով՝ աշակերտների մեջ սեր առաջացնելով այդ առարկաների նկատմամբ։ Եղել է հմուտ մանկավարժ, սիրված՝ աշակերտների և հարգված՝ գործընկերների ու Պարտիզակի բնակչության կողմից։
Հեղինակել է «Բիւզանդիոն», «Մասիս» և այլ պարբերականներում տպագրված բազմաթիվ գիտահանրամատչելի հոդվածներ, ինչպես նաև մարդակազմությանը, ժողովրդական բժշկությանը և առողջաբանությանը նվիրված գրքեր։ 1909-1912 թվականներին եղել է խմբագիրը Պարտիզակի Բարձրագույն վարժարանի Ընթացավարտների ընկերության վեցամսյա «Պարտիզակ» հանդեսի (48 էջ), որը լույս է տեսել ընդամենը 7 համար։
1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ, հայրենակիցների հետ թուրքական կառավարության կողմից տեղահանվել ու աքսորվել է դեպի անծանոթ շրջաններ՝ ավարառուներին թողնելով իր երկհարկանի գեղեցիկ տունը, կահ-կարասին ու հարուստ գրադարանը։ Գոնիայում, շնորհիվ երկաթուղու բարձրաստիճան և ազդեցիկ հայ պաշտոնյա պարոն Ավքարյանի ջանքերի, ազատվել է ստույգ մահվան ճիրաններից և նշանակվել նույն ընկերության «Պաշեարի» կոչված վայրի հիվանդանոցի բժշկապետ։ Այստեղ նա անձվիրաբար զբաղվել է հայ գաղթականների բուժմամբ և շատերին ազատել աքսորից ու փրկել։ Իր բժշկական արվեստի շնորհիվ փրկվել է անխուսափելի մահից։
1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս և աշխատել է Քուլելիի կենտրոնական որբանոցի տնօրեն։ Իզմիրի աղետից հետո տեղափոխվել է Հունաստան և մեկ տարի անվարձահատույց աշխատել Սթրունկայի հայկական որբանոցում։ Այնուհետև տեղափոխվել է Ռումինիա` քրոջ` տիկին Սրենցի (Ս. Սրենցի կինը) մոտ։ Այստեղ ևս մեկ տարի զբաղվել է հայ որբերի հարցերով։ Այնուհետև տեղափոխվել է Թեհրան և ապրել ամուսնացած եղբոր՝ անվանի ատամնաբույժ Հարություն Տեր-Ստեփանյանի (1870-1953) մոտ։ Եղել է Թեհրանի հայ բժշկական միության նախագահը։ 1928 թվականի փետրվարին Թեհրանի Հայ ակումբում տոնվել է նրա բժշկական և հասարակական գործունեության 35-ամյակը։ 1943 թվականի սկզբին Ֆրանսիայում տոնել է իր բժշկական գործունեության 50-ամյակը։ Եղել է ամուրի։
Մահացել է 1943 թվականի փետրվարի 26-ին Թեհրանում, 76 տարեկան հասակում։
Աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանչերու թշնամի, գրքույկը նվիրված էր տղաների ձեռնաշարժության վնասներին։
- Մանչերու բարեկամ։
- Մարդկային (մարդակազմական) մարմինը։
- Թոքախտը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Ա.,Դօքտ. Յովս. Տէր-Ստեփանեան (Մահախոսական), Թեհրան, «Ալիք», 1943, մարտ։
- Գէորգեան Կարօ, Ամէնուն Տարեգիրքը, Պէյրութ, 1956։
- Հայ պարբերական մամուլի մատենագիտություն (1794-1967), կազմ. Ա. Կիրակոսյանը, Ե., 1970։
- Վարդ Շիկահեր, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975, 120 էջ։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։