Հնարակերտ
Հնարակերտ կամ Հունարակերտ, բերդաքաղաք Մեծ Հայքի Ուտիք և Գուգարք նահանգների սահմանագծին, Կուր և Խրամ գետերի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա (այժմ՝ ավերակ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մովսես Խորենացու վկայությամբ, Հնարակերտը եղել է Սիսակյան Առանի ժառանգության հյուսիսարևմտյան սահմանագլուխը։ Ջվանշեր պատմիչը Հնարակերտն անվանում է Կուրի բերդ, վրացիները՝ Խունանի, երբեմն՝ Խանցիխե (Խանաբերդ, Խան գետանունով)։ Հայ Արշակունիների ժամանակաշրջանում (I-V դդ.) այն եղել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանակալ բերդ։ V-VII դդ. Սասանյանները Հնարակերտը Գուգարքի հետ միացրել են Վրաց մարզպանությանը, սակայն բերդաքաղաքը մնացել է հայ եպիսկոպոսանիստ կենտրոն։ Արաբական տիրապետության թոթափումից հետո Հնարակերտը վերամիավորվել է (IX-X դդ.) Բագրատունյաց Հայաստանին։ XIII դ. սկզբին Իվանե և Սմբատ Օրբելյանները Հնարակերտն ազատագրել են սելջուկյան թուրքերից և միացրել վրաց Բագրատունիների թագավորությանը։ Ավերվել է հավանաբար թաթար-մոնղոլական արշավանքներից։
Ամրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնարակերտն ունեցել է հաջորդաբար կառուցված երեք ամրոց, որոնք միմյանցից բաժանվել են Կուրից մինչև Խրամ փորված խրամներով։ Պարիսպներն ամրացվել են հզոր աշտարակներով։ Հնարակերտի ավերակները նկարագրել են Ս. Ջալալյանցը և Մ. Բարխուդարյանցը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |