Հղիության թեստ
Հղիության թեստ, ընթացակարգ, որը թույլ է տալիս վաղ փուլում որոշել կնոջ հղիության նշանները։ Հղիության հետազոտությունը կատարվում է ինչպես մարմնի հեղուկների (մեզի, արյան), այնպես էլ ուլտրաձայնային մեթոդով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտականորեն հիմնավորված հղիության առաջին թեստերից մեկը նապաստակի թեստն է, որի դեպքում սեռահասուն նապաստակին ներարկել են հետազոտվող կնոջ մեզը, ինչից հետո կատարվել է կենդանու դիահերձում, և արձանագրվել են ձվարանների փոփոխություններ[1]։ Մինչև 1960-ական թվականները հղիության թեստը իրականացվում էր միայն լաբորատորիաներում։
1967 թվականին Մարգարետ Քրեյնը՝ «Organon» դեղագործական ընկերության ամերիկյան բաժանմունքի 26-ամյա գրաֆիկական դիզայները, ստեղծել է շարժական և հեշտ օգտագործվող «Predictor» թեստային հավաքածուն (անգլ.՝ Predictor), որը նախատեսված էր մանրածախ վաճառքի համար։ Նրա ղեկավարները հավանություն չեն տվել գյուտին, բայց հայտնել են Հոլանդիայում գտնվող «Akzo»-ի գլխավոր կազմակերպությանը, որտեղ գյուտի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել։ 1968 թվականին նա անձամբ է ներկայացրել գյուտը՝ առանց հրավերի ներկայանալով «Organon»-ի խորհրդակցությանը, որը նվիրված էր հղիության տնային թեստին։ Տարբեր մարդկանց ներկայացրած տարբերակներից ընտրվել է Քրեյնի տարբերակը։
1969 թվականին «Organon»-ը Մարգարեթ Քրեյն անունով արտոնագիր է գրանցել «գյուտարար» սյունակում, ընդ որում՝ Մարգարեթը գյուտի համար ստացել է 1 դոլար, իսկ գյուտարարի մասին տեղեկատվությունը ոչ մի տեղ չի հրապարակվել։ Ավելի ուշ՝ 2012 թվականին, Մարգարեթը աճուրդում ներկայացրել է թեստային հավաքածուի առաջին օրինակը, որը պահել էր իր տանը, և այն գնել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանը։ Դրանից հետո Մարգարեթը հայտնի է դարձել հանրությանը[2]։
«Կանխատեսող» թեստը Կանադայում վաճառքի է հանվել 1971 թվականին, իսկ ԱՄՆ-ում համաձայնությունները ձգձգվել են 5 տարի։ ԱՄՆ-ում թեստի վաճառքից ստացված եկամուտն առաջին չորս տարում կազմել է 40 միլիոն դոլար, իսկ գյուտարարը ոչինչ չի ստացել[2]։
Գործողության սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղիության որոշման համար չափվում է կնոջ ՄԽԳ (մարդու խորիոնային գոնադոտրոպին) հորմոնի մակարդակը[3][4], որը ստուգվում է մեզի կամ արյան միջոցով։ Ձվաբջջի բեղմնավորումից և խորիոնի (ապագա ընկերք) ձևավորումից հետո արյան մեջ ՄԽԳ-ի կոնցենտրացիան օրական կրկնապատկվում է՝ ամենաբարձր մակարդակին հասնելով 20-րդ շաբաթում, այնուհետև աստիճանաբար նվազում է։ Արյան մեջ ՄԽԳ-ի մակարդակի արագ աճը նկատվում է բեղմնավորումից 7-8 օր հետո։ Հղիության դեպքում մեզի մեջ ՄԽԳ-ի մակարդակը դաշտանի ուշացման առաջին օրը կազմում է 25-100 mIU/mL, մինչդեռ ոչ հղի կանանց մոտ 5 mIU/mL է[3]։
Տնային թեստերը որակական են, այլ ոչ թե քանակական։ ՄԽԳ-ի մակարդակը որոշվում է թեստի շատ կամ քիչ զգայունակությամբ, այնպես որ հնարավոր են սխալներ[3]։
Հղիության առկայության և դրա ենթադրվող ժամկետների վերաբերյալ առավել ճշգրիտ տվյալներ ստացվում են արյան մեջ ՄԽԳ-ի մակարդակի լաբորատոր հետազոտությամբ։ Երակային արյան ֆերմենտային իմունային անալիզը որոշում է հորմոնի ճշգրիտ մակարդակը (արյան նմուշառման պահին)[3]։
Հետաձգված դաշտանի երկրորդ շաբաթից սկսած՝ պտուղը կարելի է ճանաչել ուլտրաձայնային հետազոտության միջոցով, երբ բեղմնավորված ձվաբջջի չափը կես սանտիմետրից ավելի է[3]։
Ճշգրտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խանութներում վաճառվող հղիության թեստերը, որոնք կատարվում են տանը փորձառու կանանց կողմից, միջին հաշվով 91% ճշգրտություն են ապահովում, ինչը քիչ է տարբերվում լաբորատոր հետազոտության ճշգրտության աստիճանից (97,4%)։ Եթե թեստը օգտագործվում է ոչ փորձառու սպառողի կողմից, ճշգրտության մակարդակը նվազում է մինչև 75%։ 1998 թվականին հրատարակված հետազոտության հեղինակները նշել են, որ թեստն օգտագործող կանանց մեծ մասը չի հասկացել կամ չի հետևել թեստերի հրահանգներին։ Սխալ օգտագործումը կարող է հանգեցնել ինչպես կեղծ-բացասական, այնպես էլ կեղծ դրական արդյունքի[5]։
Կեղծ դրական արդյունքի հնարավոր պատճառները (թեստը ցույց է տալիս դրական արդյունք հղիության բացակայության դեպքում)[3].
- ՄԽԳ պարունակող դեղերի ընդունում,
- կանանց վերարտադրողական օրգանների ուռուցքների և այլ պաթոլոգիաների առկայություն,
- հղիության ինքնաբուխ ընդհատում,
- աբորտից հետո մի քանի օր։
Կեղծ բացասական արդյունքի հնարավոր պատճառները (հղիության առկայության դեպքում թեստը ցույց է տալիս բացասական արդյունք)[3].
- ժամանակից շուտ անցկացված թեստ, անկանոն դաշտանային ցիկլ,
- ոչ շաքարային դիաբետ, երիկամների պաթոլոգիա և այլ հիվանդություններ, որոնց դեպքում ՄԽԳ-ն ավելի վատ է արտազատվում մեզի հետ,
- թեստավորումից առաջ հեղուկների կամ միզամուղների ընդունում,
- ժամկետանց թեստ կամ հրահանգներին չհետևել։
Թեստի տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված թեստը շերտավոր թեստն է, որի վրա հղիությունը նշվում է երկու գծով, իսկ բացակայությունը՝ մեկ։ Թեստի անգույն երկրորդ շերտի վրա տեղակայված են ՄԽԳ-ի նկատմամբ հատուկ հակամարմիններ։ Եթե թեստի անցկացման պահին կնոջ մեզի մեջ նրա խտությունը բավականին մեծ է, հակամարմիններով հատվածը գունավորվում է, և ի հայտ է գալիս երկրորդ գծիկը[3]։
Թեստերի մեծ մասը նախատեսված է մեզի մեջ ՄԽԳ-ի 2 mIU/mL-ից բարձր կոնցենտրացիայի համար։ Դա բավարար է ուշացման առաջին օրը հղիության մասին իմանալու համար։ Որպես կանոն՝ ուշացման հինգերորդ օրվանից սկսած՝ հղիության նորմալ ընթացքի պարագայում թեստն անմիջապես ցույց է տալիս «դրական արդյունքը»[3]։
Կան ավելի զգայուն թեստեր, որոնք արձագանքում են հորմոնի 10 mIU/mL-ին և ցույց են տալիս հղիությունը ակնկալվող դաշտանի օրվանից 3-4 օր առաջ[3]։
Տնային Էքսպրես թեստի փորձարկումը ցանկալի է իրականացնել առավոտյան, երբ ՄԽԳ խտությունը առավելագույնն է։ Թեստից առաջ պետք է խուսափել մեծ քանակությամբ հեղուկների և միզամուղ միջոցների օգտագործումից։ Թեստը կարող է սխալ ցույց տալ անկանոն դաշտանային ցիկլի, շաքարային դիաբետի և օրգանիզմի այլ առանձնահատկությունների դեպքում։ Անհրաժեշտ է նաև խստորեն հետևել հրահանգներին և ստուգել թեստի պիտանելիության ժամկետը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Теребнева Л. А. История тестов на беременность и современные способы определения беременности малого срока(ռուս.) // Gynecology : журнал. — 2015. — В. 2. — Т. 17. — С. 50—54.
- ↑ 2,0 2,1 Катерина Архарова (2019 թ․ մայիսի 18). ««Мужчины думали, что это аморально»». BBC (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Мартиросова
- ↑ «Тесты для определения беременности на ранних сроках – надежные помощники современной женщины» (ռուսերեն). ИА УНИАН. 2017 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.Կաղապար:Не АИ
- ↑ Bastian et al., 1998
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bastian, L.A. Diagnostic efficiency of home pregnancy test kits։ A meta-analysis։ [англ.]։ [арх. 6 декабря 2008] / L.A. Bastian, K. Nanda, V. Hasselblad … [et al.] // Archives of Family Medicine։ j. — 1998. — Vol. 7, no. 5. — P. 465–469. — doi։10.1001/archfami.7.5.465. — PMID 9755740.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարինա Սոլովյովա (2013 թ․ մարտի 2). «Հղիության թեստեր». Կանանց ակումբ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
- julia727 (2015 թ․ հունվարի 19). «Հղիության թեստեր». Sibmama. Սիբիրյան ընտանեկան կայք.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - «Ինչպիսի՞ն են լինում հղիության թեստերը». Մայրիկին՝ երեխայի մասին.
- Մարտիրոսովա, Իրինա (2019 թ․ ապրիլի 22). «Արդյոք կարող է հղիության թեստը սխալ ցույց տալ». Լիզա (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «How do pregnancy tests work?». Compound iNTEREST (անգլերեն). Association of British Science Writers. 2018 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)