Հինգ սանտիմետր վայրկյանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինգ սանտիմետր վայրկյանում
ճապ.՝ 秒速5センチメートル
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3], դրամա[1][3], դրամա ժանրի անիմե կամ մանգա և պատմություն հասունացման մասին[4]
Երկիր Ճապոնիա
Թվականմարտի 3, 2007[5] և դեկտեմբեր 2007[6]
Պրեմիերա3 մարտի 2007 թվական
Լեզուճապոներեն
ՌեժիսորՄակոտո Շինկայ[1][2][7][…]
Սցենարիստ(ներ)Մակոտո Շինկայ
ԵրաժշտությունՏենմոն
ԸնկերությունCoMix Wave Inc.
Տևողություն63 րոպե
ՏեղայնացնողРеанимедиа
IMDbID 0983213
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Հինգ սանտիմետր վայրկյանում (ճապ.՝ 秒速5センチメートル Բյոշոքու Գո Սենչիմետորու), ճապոնական անիմե։ Հեղինակը Մակոտո Շինկայն է։

Անիմեի աշխատանքներն ավարտվել են 2007 թվականի հունվարի 22-ին։ Անիմեի առաջին մասը կարող էին դիտել Premium հաշիվներ ունեցողները Yahoo համակարգում փետրվարի 16-ից մինչև նույն թվականի փետրվարի 19-ը։ Մարտի 3-ին կայացել է ֆիլմի ամբողջական պրեմերիան Տոկիոյի Սինեմա Րայզ կինոթատրոնում։ 2010 թվականի հուլիսից սկսվել է ադապտացված մանգայի տպագրումը, որի նկարազարդումով զբաղվել է Սեյկե Յուկիկոն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն, որն ընդգրկում է գլխավոր հերոս Տակակի Տոնոյի կյանքի ավելի քան տասը տարին, կազմված է երեք պատմություններից, ծավալվում է Ճապոնիայում` սկսած 1990-ականներից մինչև մեր օրերը։ Հատկանշական է, որ առաջին մասում դեռ բջջային հեռախոսները և էլեկտրոնային փոստը տարածված չէին։

Անիմեն բաղկացած է երեք մասից (երեք պատմություն սիրո, ժամանակի և տարածության մասին)` Սակուրայի ծաղկումը (ճապ.՝ 桜花抄 Օքաշո), Տիեզերագնացը (ճապ.՝ コスモナウト Կոսմոնաուտո), և Հինգ սանտիմետր վայրկյանում (ճապ.՝ 秒速5センチメートル Բյոշոքու Գո Սենչիմետորու)։

Ֆիլմում մի շարք բնանկարներ և ընտանեկան տեսարաններ ստեղծվել են Ճապոնիայում գտնվող իրական վայրերի լուսանկարներով[8]։

Պատմություն առաջին. Սակուրայի ծաղկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ակարի Շինոհարան տեղափոխվում է նոր տարրական դպրոց, այնտեղ նա միանգամից ընկերանում է Տակակի Տոնոյի հետ, որովհետև նրանք միևնույն հետաքրքրություններն ու բնավորությունն ունեին։ Oրինակ` նրանք արձակուրդներին տանն էին մնում, որովհետև երկուսն էլ սեզոնային ալերգիաներ ունեին։ Այսպիսով, նրանք դառնում են մոտ ընկերներ. նրանք միմյանց դիմում էին իրենց անուններով` առանց ավելորդ քաղաքավարության, ինչը Ճապոնիայում ընդունված է ընտանիքի անդամների և ընկերների շրջանում։

Սակայն տարրական դպրոցն ավարտելուն պես մտերիմ ընկերները ստիպված են լինում բաժանվել. ծնողների աշխատանքի պատճառով Ակարին տեղափոխվում է Տոչիգի նահանգի միջնակարգ դպրոցներից մեկը, իսկ Տակակին շարունակում է սովորել Տոկիոյում։ Նրանք նամակագրական կապ են պահպանում և շարունակում մեկը մյուսի հետ կիսել իրենց զգացմունքները։ Բայց շուտով այնպես է ստացվում, որ այս անգամ էլ Տակակիի ընտանիքն է ստիպված լինում տեղափոխվել Կագոշիմա նահանգ։ Այդ պատճառով Տակակին որոշում է հանդիպել Ակարիին. չէ՞ որ շուտով նրանց հեռավորությունն ավելի է մեծանալու, և միգուցե այլևս հնարավոր չլինի նամակներ ուղարկել մեկմեկու։ Տակակին մի նամակ է գրում, որում պատմում է ընկերուհուն իր զգացմունքերի մասին։ Ինչևէ, ճանապարհի կեսին նա կորցնում է այն, իսկ ահագնացող ձնաբուքն ավելի ու ավելի է հետաձգում նրա գնացքի ժամանումը։

Մի քանի ժամ ուշացումով գնացքը վերջապես հասնում է նշանակված կանգառին. Տակակին և Ակարին հանդիպում են իրար, և ամոթխած համբույրից հետո Տակակին հասկանում է, որ դա նրանց առաջին և վերջին համբույրն է լինելու։

Դատարկ կանգառում մի քիչ զրուցելուց հետո նրանք քնում են։ Հաջորդ առավոտյան Տակակին հեռանում է` խոստանալով, որ իրենք կշարունակեն նամակներ գրել իրար։ Երբ գնացքը սկսում է շարժվել, Տակակին մտածում է, որ համբույրից հետո իր կորցրած նամակն արդեն նշանակություն չունի, մինչդեռ Ակարին լուռ նայում է իր սեփական նամակին։

Պատմություն երկրորդ։ Տիեզերագնացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակակին ընդունվում է Տանեհաշիմա կղզու վրա գտնվող միջնակարգ դպրոց, որտեղ գտնվում է Տանեհաշիմայի տիեզերական կենտրոնը։ Առաջին իսկ օրվանից Կանաե Սումիդան սիրահարվում է Տոկիոյից տեղափոխված իր համադասարանցուն։ Նա սկսում է զգալ, որ անընդհատ Տակակիի հետ հանդիպումներ է փնտրում, աչքերով նրա ստվերն է որոնում, ցանկանում է միշտ նրա կողքին լինել, սակայն քաջություն չի գտնում իր մեջ` խոստովանելու իր զգացմունքների մասին։ Տարեց տարի նրա սերն ավելի է ուժգնանում, մինչդեռ Տակակիի համար նա պարզապես լավ ընկեր էր։ Կանաեն նկատում է, որ Տակակին անընդհատ ինչ-որ մեկին հաղորդագրություններ է ուղարկում կամ էլ աչքերը հառում է հեռու ճանապարհներին` կարծես այնտեղից ինչ-որ մեկին սպասելով։ Հետագայում պարզ է դառնում, որ Տակակին այդ հաղորդագրությունները ոչ ոքի էլ չէր ուղարկում, այլ միայն շարունակում էր երազել Ակարիի մասին։

1999 թվական։ Կանաեյի զգացմունքները Տակակիի հանդեպ ավելի են ուժեղանում, և երբ դասերի ավարտին մնում է վեց ամիս, նա որոշում է հաջորդ հանդիպման ժամանակ նրան խոստովանել իր զգացմունքների մասին։

Իր սիրո մասին խոստովանելու անհաջող փորձից հետո Կանաեն հասկանում է, որ իրականում Տակակին փնտրում է լրիվ ուրիշ բան, քան այն, ինչ կարող է նրան տալ ինքը, և որոշում է այլևս չփորձել` հոգու խորքում հասկանալով, որ միշտ կսիրի նրան։

Այս մասը, ըստ Շինկայի, իր ամենասիրելին է[9]։

Պատմություն երրորդ։ Հինգ սանտիմետր վայրկյանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականն է։ Տակակի Տոնոն Տոկիոյում ծրագրավորող է աշխատում։ Նա այնքան է զբաղված աշխատանքով, որ չի նկատում, թե ինչքան արագ է անցնում ժամանակը, քանի որ արդեն մի քանի տարի անցել է համալսարանն ավարտելուց հետո։ Տակակին շարունակում է հիշել ու կարոտել իր մանկության ընկերոջը՝ Ակարիին։ Ակարիի հանդեպ տանջող զգացմունքների պատճառով նա հեռանում է իր ընկերուհուց, որի հետ երեք տարի ընկերություն էր արել, և 2008 թվականի գարնան սկզբին թողնում է աշխատանքը։

Միաժամանկ Ակարի Շինոհարան պատրաստվում է ամուսնանալ։ Իր հին իրերը փորփրելիս Ակարին գտնում է Տակակիին գրած նամակը։ Ընկնելով հիշողությունների գիրկը` նրանք երկուսն էլ վերապրում են իրենց վերջին ձնախառը հանդիպումը` հույս ունենալով կրկին միասին հետևել բալենու ծաղկմանը։

Տակակիին թվում է, որ իր՝ աշխատանքից հեռանալու համար կան մի շարք պատճառներ, բայց նա «հայտնվել է անդունդի եզրին»։ Միաժամանակ, որ չկա ոչ մեկը, ով կհամոզեր նրան մինչև վերջ։ Մի աշխատանքային օր նա քայլում է փողոցով և հասնում է գրեթե երկաթգծի մոտ, որտեղ վաղ ժամանակներում զբոսնել է Ակարիի հետ և հիացել մոտակայքում գտնվող ծաղկող սակուրայով։ Տակակիին ընդառաջ մի աղջիկ է քայլում։ Նրա կողքով անցնելիս Տակակին հանկարծ հասկանում է, որ դա Ակարին է, և որ եթե ինքն այժմ շրջվի, նա նույնպես կանի դա։

Շրջվելով՝ Տակակին տեսնում է, որ Ակարին նույնպես շրջվեց, բայց նրանց հայացքների ճանապարհին է հայտնվում գնացքը, իսկ վերջինիս հեռանալուց հետո Ակարին այլևս այնտեղ չի լինում։ Մի պահ հետո Տակակին ինքն իրեն ժպտում է և շարունակում իր ճանապարհը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակակի Տոնո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակակի Տոնո (ճապ.՝ 遠野 貴樹) ֆիլմի գլխավոր հերոսն է։ Ծնողների աշխատանքի պատճառով հաճախ ստիպված է եղել մի քաղաքից մյուսը տեղափոխվել, ինչի պատճառով դժվարությամբ է ընկերներ ձեռք բերում։

Փոքր տարիքում ընկերություն է արել Ակարի Շինոհարայի հետ, ում հանդեպ ջերմ զգացմունքներ էր տածում։ Սակայն վերջինիս մեկնելուց հետո, ինչպես նաև՝ Տակակիի Տանեհաշիմա տեղափոխվելուց հետո, այլևս չէր կարողանում նրան հանդիպել։

Տանեհաշիմայի դպրոցում սովորելու տարիներին զբաղվում էր աղեղնաձգությամբ։ Պարապմունքներից հետո դասընկերուհիներից մեկին` Կանաե Սումիդուին տուն էր ուղեկցում։ Նա շատ լավ էր վերաբերվում Կանաեին և շատ բարի էր նրա նկատմամբ։ Դա պատճառ դարձավ, որ համադասարանցիները սկսեն փսփսալ նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին։ Այնուամենայնիվ, Տակակին Կանաեին զուտ ընկերական էր վերաբերվում և չէր համարում նրան իր ընկերուհին։ Դպրոցն ավարտելուց հետո Տակակին ընդունվում է Տոկիոյի համալսարան, որից հետո էլ անցնում է աշխատանքի որպես ինֆորմացիոն համակարգերի մշակող<ref"> Коллекционное двухдисковое издание «Пять сантиметров в секунду». Буклет к DVD, стр.7. — Реанимедиа, 2008 </ref>:Նրան այդպես էլ չի հաջողվում մոռանալ Ակարիին։

Սեյուն է Կենջի Միձուհաշին։ Ռուսերեն հնչյունավորողն է Բորիս Ալեքսեևը[10]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինձ թվում է, որ Ակարին ու ես շատ բաները միանման էինք մտածում և զգում։
  • Իմ Տոկիո տեղափոխվելուց մեկ տարի անց Ակարին նույնպես եկավ այդ դասարան։ Մենք այդ ժամանակ փոքր ու թույլ էինք և ավելի հաճախ գրադարանում էինք լինում, քան մարզադաշտում։ Եվ, իհարկե, մենք շուտ ընկերացանք։ Այդ պատճառով մեզ հաճախ էին ծաղրում մեր համադասարանցիները, բայց մենք երկուսով էինք և, զարմանալի է, բայց մենք նրանց ծաղրի մեջ այլևս ոչ մի ահավոր բան չէինք տեսնում։
  • Այդ պահին ես պարզ զգացի, թե ինչ է հավերժությունը, ինչ է սիրտը, ինչ է հոգին։ Ես ասես գիտակցեցի այն ամենն, ինչ տեղի էր ունեցել ինձ հետ տասներեք տարիների ընթացքում։ Սակայն այդ պահն անցավ, և ես անտանելի տխրություն զգացի։ Ակարիի բարությունը... Ակարիի հոգին... կարո՞ղ եմ ես արդյոք պահպանել դրանք։ Իրավունք ունե՞մ ես նրան իմ հետևից տանելու։ Ես չգիտեի այս հարցերի պատասխանները։ Ես հստակորեն հասկացա միայն, որ այսուհետ մենք այլևս չենք կարող ընդմիշտ միասին լինել։ Մեզ նախկինի պես սպասվում էր անծայրածիր կյանք, մեր առաջ փռված էր անսահման ու անեզր ժամանակի անխուսափելի հարթավայրը։
  • Այդ համբույրից հետո աշխարհում ամեն ինչ ինձ թվաց ոչ այնպիսին, ինչպիսին եղել էր դրանից առաջ։
  • Ես այդ ժամանակ միայն մի բան էի ուզում` բավականաչափ ուժ` նրան պաշտպանելու համար։
  • Այս բոլոր տարիների ընթացքում ես առաջ էի վազում, ցանկանում էի ձեռք բերել ինչ-որ կարևոր բան, ինչ-որ անհասանելի բան և, կարծես թե, վերջիվերջո ձեռնունայն մնացի։ Ես չգիտեի, թե թե որտեղից էր պոկվել այս խռովալից միտքը, և վախենում էի ինքս ինձ խոստովանել, որ դա ճշմարտություն է, և շարունակում էի աշխատել։ Հետո ես նկատեցի, որ օր օրի սիրտս կարծրանում է, իսկ ապրելն ավելի անտանելի է դառնում։ Մի անգամ առավոտյան ես սարսափով գիտակցեցի այն, ինչ մինչ այժմ չէի կարողանում ընդունել։ Ինձ համար պարզ դարձավ, թե ինչքան բան եմ կորցրել։ Ես դուրս եկա ընկերությունից և հասկացա, որ անդունդի եզրին եմ...
  • Հուսահատ և անխոհեմորեն ձեռքերը վեր շպրտելով` մենք երկինք թռցրինք մետաղի հսկայական կույտ, որպեսզի ավելի ակնապիշ նայենք անտանելի հեռու տիեզերական տարածություններին։
  • Հետաքրքիր է` երբվանից ինձ մոտ սովորություն ծնվեց նամակներ գրելու առանց հասցեատիրոջ։
  • Ի՞նչ արագությամբ ես պիտի ապրեմ, որ կրկին հանդիպեմ քեզ։
  • «Անգամ հիմա ես դեռ սիրում եմ քեզ», - այսպես էր գրում այն աղջիկը, որի հետ ես հանդիպում էի երեք տարի առաջ, սակայն նույնիսկ եթե մենք փոխանակվենք հազարավոր նամակներով, մեր սրտերը ոչ մի սանտիմետրով մոտիկ չեն դառնա...
  • Երեկ ես երազ տեսա։ Շատ արտասովոր երազ։ Այնտեղ մենք դարձյալ 13 տարեկան էինք։ Մեր շուրջը լայնատարած հարթավայր էր` ամբողջովին ձյան տակ։ Տների հեռավոր լույսերը հոսելով տարածվում են և կորչում մթության մեջ։ Մենք գնում ենք նոր թափված ձյան գորգի վրայով` առանց հետքեր թողնելու, գնում ենք և մտածում... Մի օր մենք նորից միասին կհիանանք սակուրայով։ Ոչ նա, ոչ ես չէինք կասկածում, որ ամեն ինչ հենց այդպես կլինի։
  • Որքա՞ն հեռու կգնանք մենք գեթ մի ցանկությամբ։ Եվ որտե՞ղ այն մեզ կհասցնի։
  • Երբ սովորական կյանքով ես ապրում, թախիծով է ներծծվում ամեն բան` գրքի դեղնող էջերը, ատամի խոզանակը լոգարանում, բջջային հեռախոսի նամակները։
  • Գուցե դա իսկապես միայնակ թափառում կլինի, տեղի ունեցող ամեն տեսակի երևակայություն, թռիչք` դեպի հեռավոր նպատակը լիակատար դատարկության մեջ։ Անհույս` անգամ պատահաբար հանդիպելու ջրածնի մեկ ատոմի։ Իսկ ի՞նչ կլինի, տեսնես, եթե ընկնենք անդունդը և ամբողջ սրտով հավատանք, որ մոտենում ես Տիեզերքի գաղտնիքներին։ Որքա՞ն կտևի մեր թռիչքը... Որքա՞ն ժամանակ մենք ունակ կլինենք թռչելու...
  • Քո հետքերը մեկ ժամից կչքանան, բայց նա քեզ երբեք չի մոռանա։ Իսկ դու այդպես էլ նրան չասացիր։ Կյանքն ավելի կարճ է, քան դու կարծում ես։ Սիրիր, քանի կարող ես...
  • Տարօրինակ բան է. եթե երկար նայես աստղերին, յուրահատուկ զգացում է առաջանում...

Ակարի Շինոհարա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակարի Շինոհարա (ճապ.՝ 篠原 明里 Շինոհարա Աքարի) տարրական դպրոցում Տակակիի համադասարանցին է եղել։ Ընթերցասեր է։ Դպրոցի գրադարանում բավականին շատ ժամանակ է անցկացնում Տակակիի հետ` գրքեր կարդալով։ Շուտով նրանք ընկերանում են։ Նրանց ընկերությունը հաճախ է դառնում հասակակիցների ծաղրի առարկան, սակայն ժամանակի ընթացքում դա բոլորի համար սովորական է դառնում։

Տարրական դպրոցն ավարտելուն պես նա ընտանիքի հետ տեղափոխվում է Տոչիգի նահանգնի փոքրիկ Իվաֆունե քաղաքը։ Աղջիկն անմիջապես խնդրում է ծնողներին թույլ տալ իրեն ապրել Տոկիոյի իր մորաքրոջ տանը, որպեսզի ավելի մոտ լինի Տակակիին, սակայն ծնողները մերժում են։ Ակարին սկսում է Տակակիի հետ նամակագրվել։ Նա նույնպես անտարբեր չէր ընկերոջ հանդեպ։ Որոշ ժամանակ անց նամակագրությունը դադարում է` թողնելով միայն ջերմ հիշողություններ։ Ֆիլմի երրորդ մասում մեծացած Ակարին պարտրաստվում է ամուսնանալ ուրիշ տղամարդու հետ։ Նա թողնում է ծնողներին և տեղափոխվում է Տոկիո` իր ապագա ամուսնու մոտ։ Իր մեկնումի օրը նա հիշում է Տակակիի հետ անցկացրած օրերը։

Սեյուն է Յոշիմի Կոնդոն։ Ռուսերեն հնչյունավորողն է Ելենա Սիմանովիչը[10]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կգա մի օր, և մեր միջև եղած հեռավորությունն այնքան կմեծանա, որ մենք այլևս չենք կարողանա իրար մոտ գնացքով գալ։ Հիմա ես, իհարկե, կսկսեմ ավելի ուժգին զգալ միայնությունը։

Կանաե Սումիդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաե Սումիդա (ճապ.՝ 澄田 花苗 Սումիդա Կանաէ) Տակակիի համադասարանցին է, երբ վերջինս սովորում էր Տանեհաշիմա կղզում։ Ավագ քրոջ կամքով, ով դպրոցում ուսուցչուհի է, զբաղվում է սերֆինգով։ Դպրոց գնում է մոպեդով։ Չգիտի, թե ինչ է անելու ապագայում։ Երազում է ընդունվել նույն ավագ դպրոցը, ինչ որ Տակակին, դրա համար էլ ուժ ու եռանդ չի խնայում և վերջիվերջո հանձնում է քննությունները։ Սիրահարված է Տակակիին, բայց այդպես էլ որոշում է չխոստովանել` հասկանալով, որ իր սերը չի կարող փոխադարձ լինել, քանի որ Տակակին սիրում է մեկ ուրիշին, և ինքը երբեք ավելին չի լինի, քան ընկերը։

Կանաեն Կաբու անունով շուն ունի։

Մանգայում նա աշխատում է բուժքույր ֆիլմի դեպքերից հետո։ Նա որոշում է գտնել Տակակիին, ժամանում է Տոկիո և երկար ժամանակ անհույս թափառելով` վերջապես հայթայթում է նրա հեռախոսահամարը։ Հենց Կանաեն որոշում է նրա հետ չհանդիպել և հետ գնալ, հանկարծ այգում նրա առաջ է դուրս գալիս Տակակին, և նրանք երկուսով տեսնում են իրար։

Սեյուն Սատոմի Հանամուրան է։ Ռուսերեն հնչունավորողն է Յուլիա Լիհոբաբինա[10]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խնդրում եմ... խնդրու՜մ եմ, ինձ հետ մի եղիր այդքան... այդքան բարի։
  • Եթե ես չասեմ այն օրը, երբ ալիքը սանձեմ, ես երբեք այլևս ինձ չեմ կարողանա խոստովանել։
  • Ես այնպիսի զգացում ունեի, ասես թեկուզ մի քիչ, բայց հասկանում եմ, թե ինչու Տակակին այնպիսին չէր թվում, ինչպիսին մյուսները, և միևնույն ժամանակ ես գիտակցում էի, որ նա երբեք ինձ այնպես չի նայի, ինչպես ես եմ երազում։ Ահա թե ինչու այդ օրը ես նրան ոչինչ չասացի։ Տակակին շատ բարի է, բայց նա այնքան բարի է, բայց միայն, միայն, միայն... Նա միշտ սևեռված կլինի ինչ-որ բանի վրա, որն ավելի հեռու է, քան ես, ավելի բարձր։ Ես երբեք չեմ կարողանա տալ նրան այն, ինչ նա տենչում է։ Բայց, ինչ էլ լինի, ես կշարունակեմ սիրել նրան... Վաղը և մյուս օրը... Եվ ես կշարունակեմ քնել` արցունքներն աչքերիս, մտածելով նրա մասին...

Կանաեի քույրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանամեի քույրը ավագ դպրոցում ուսուցչուհի է։ Նա անհանգստանում է իր քրոջ համար և այդ պատճառով ամեն կերպ փորձում է նրան ոգևորել։ Համարում է, որ քրոջ մոտ ամեն ինչ ժամանակի հետ կընկնի իր տեղը, որովհետև ինքն էլ մի ժամանակ քրոջ նման է եղել։

Հնչյունավորել է Րիսա Միձունոն։ Ռուսերեն հնչյունավորողն է Նատալիա Պտաշնիկովան։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի ստեղծման ժամանակ Մակոտո Շինկայը նշել էր, որ այս գործը, ի տարբերություն իր նախկին աշխատանքներին, չի պարունակելու ֆանտազիայի կամ գիտաֆանտաստիկ տարրեր։ Դրա փոխարեն այն նպատակ է ունենալու ներկայացնել իրական աշխարհն այլ տեսանկյունից։ Մակոտոյի ֆիլմը տալիս է ժամանակի, տարածության, մարդկանց ու սիրո դեմ մղվող պայքարի իրատեսական պատկերը, այն պայքարի, որ շատերը ստիպված են լինում մղել։ Վերնագիրը` 5 սանտիմետր վայրկյանում, ցույց է տալիս այն արագությունը, որով ցած են թափվում բալենու ծաղկի թերթերը, իսկ թերթերը խորհրդանշում են մարդկանց` հիշեցնելով կյանքի դանդաղ ընթացքի մասին և նրա մասին, թե ինչպես են հաճախ մարդիկ սկսում միասին, բայց ժամանակի ընթացքում ամեն մեկն իր ուղով գնում։

Այս ֆիլմը նշանավորվում է նրանով, որ Շինկայն առաջին անգամ էր անիմատորների և դերասանների լիարժեք թիմի հետ աշխատում։ Թիմի կազմը հետևյալն է`

  • գաղափարի հեղինակ, սցենարի հեղինակ, ռեժիսոր՝ Մակոտո Շինկայ
  • բեմադրող նկարիչ, հերոսների դիզայն՝ Տակայո Նիշիմուրա[11]
  • հետին պլանի մշակում՝ Տակումի Տանջի, Ակիկո Մաչիմա
  • երաժշտությունը՝ Թեմմոն
  • ֆինանսական տնօրեն՝ Կոիչիրո Իտո (CoMix Wave Films, Inc.)
  • գովազդը՝ Նաոմի Թոոդա (CoMix Wave Films, Inc.)
  • պրոդյուսեր՝ Նորիտակա Կավագուչի (CoMix Wave Films, Inc.)
  • վերջերգի կատարող՝ Մասայոշի Յամաձակի (ճապ.՝ 山崎まさよし Յամաձակի Մասայոշի)

Նովելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի նովել-տարբերակը, որ լիցենզավորվել է Media Factory-ի կողմից, թողարկվել է Ճապոնիայում 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ Դա Մակոտո Շինկայի առաջին նովելն է։ Դրա նկարները նույնպես արվել են հեղինակի կողմից։ Նովելի մյուս տարբերակը թողարկվել է 2011 թվականի մայիսի 20-ին և կոչվել «Մեկ այլ կողմ»։ Հեղինակը Շինտա Կանոուն է, որը նովելներ է գրել նաև Շինկայի մյուս` «Հեռավոր աստղի ձայնը» և «Մեր պատանեկության տարիների խոստացված վայրը» անիմեների համար։

Մանգան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մանգա-ադապտացիան սկսել է թողարկվել 2010 թվականի հուլիսից Kodansha-ի Afternoon ամսագրում։ Նկարիչն է Յուկիկո Սեյկեն։ Այն հրատարակվելու է նաև անգլերեն տարբերակով։

Արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Իտալիայի Բոլոնյա քաղաքում անցկացվող the Future Film Festival-ի ժամանակ արժանացել է Lancia Platinum Grand մրցանակին` որպես լավագույն ֆիլմ կամ անիմացիոն ֆիլմ` հատուկ էֆֆեկտների օգտագործմամբ[12]։ 2007 թվականին այն արժանացել է նաև Asia Pacific Screen Awards մրցանակաբաշխության «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» մրցանակին։ Մրցանակը ստացել է ֆիլմի պրոդյուսեր Նորիտակա Կավագուչին[13]։ 2008 թվականին ֆիլմը Ճապոնիայի 4-րդ ամենահայտնի Blu-ray ֆիլմն է ճանաչվել։

Ինչպես նշել է Ռուննի Սքեյբը Variety ամսագրից` «Շինկայը հռչակվել է հաջորդ Միյաձակին, իսկ նրա երազկոտ մտքի թռիչքները հաճախ համարժեք են կամ գերազանցում են անիմեի մաեստրոյին մանրուքների ընդգրկունությամբ և հույզերի խորությամբ։ Շինկայը մեծացնում է անիմեի տված հնարավորությունները` կրկին դիմելով էֆֆեկտների առատ կիրառման, հետնանկարների արտահայված մասնիկների և երբեմն էլ գերզգայուն կերպարներ ստեղծելու իր սկզբունքին, որով փորձում է արտացոլել կերպարների ներքին աշխարհը իրենց շրջապատող աշխարհի յուրաքանչյուր նրբերանգով»։

Mania.com-ի ցուցակում 5 սանտիմետր վայրկյանում-ը լավագույն «ոչ Միյաձակի» անիմեն է։ The Japan Times-ից Մարկ Շիլլինգը մեկնաբանել է Շինկային` համարելով նրան ավելի լավը, քան Հայաո Միյաձակին, որ «կարողանում է պատռել առօրեականության վարագույրը` ցույց տալու համար այն սուր և անցողիկ գեղեցկությունը, որ մեզանից շատերը շատ հազվադեպ են նկատում»։ Իսկ ահա Anime News Network-ից Բամբու Դոնգը իր մեկնաբանության մեջ նշել է անիմեի «սրտաճմլիկության աստիճան հիասքանչ» դաշնամուրային նվագակցությունը, որ «նպաստում է ֆիլմի ունեցած եթերայնությանը»։ Նա նաև նշել է, որ ֆիլմը «երբեք ամբողջությամբ չի բացահայտվում և չի ասում մեզ, թե ինչ են զգում հերոսները։ Պատմությունը ուղիղ գծով չի զարգանում, սակայն գործողությունների արանքում էկրանին ճիշտ ժամանակին հայտնվող «միայնակ» բնապատկերների մեջ ամեն ինչ օրվա պես պարզ է դառնում»։ Mania.com-ից Քրիս Բևերիջը քննադատել է անիմեն` ասելով, որ «նրա գույներն այնքան բազմազան են, որ դրանցից շատերը երբեմն սկսում են չափից շատ «աղմկել», ինչը շատ շփոթեցնող է և շեղող»։

Թերոն Մարտինը Anime News Network-ի իր քննադատական հոդվածում գրել է. «արտադրանքն աչքի է ընկնում ձայնային էֆֆեկտների օգտագործումով` հատկապես երկրորդ մասում։ Առանձին վերցրած` ամեն մի մասը կարծես մի փոքրիկ սիրուն դրվագազարդ լինի, բայց ընդհանուր առմամբ դրանք ավելի ընդարձակ մի պատկեր են նկարում կյանքի և սիրո զարգացման մասին։ Վերջաբանը, ինչով այս գործը տարբերվում է Շինկայի նախորդ գործերի մեծ մասից, անկասկած վիճելի է և որոշ երկրպագուների մոտ դժգոհություն է առաջացրել` բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տալով։ Ոմանք կարող են կարծել, թե ֆիլմը պարզապես ավարտվում է` առանց հանգուցալուծման, բայց եթե մենք ուշադրություն դարձնենք երկրորդ մասում Տակակիի որոշ խոսքերին, այդ մասի ավարտին, և թե ինչպես է ամեն ինչ իրար համապատասխանում, պարզ կդառնա, որ իրականում նպատակն ամենևին էլ հանգուցալուծման հասնելը չէր։ Եթե Հեռավոր աստղի ձայնը իրար հետ կապը չկորցնելու մասին էր, իսկ Ամպերից այն կողմը` դրա վերահաստատման, ապա 5 սանտիմետր վայրկյանում անիմեն անցյալի կապերից ազատվելու, այլևս անցյալով չապրելու, ժամանակին կորցրածի համար տառապելու փոխարեն ներկայումս երջանիկ ապրելու համար ուղիներ գտնելու մասին է։ Այդ առումով այս անիմեն Շինկայի դեռևս կերտած ամենահասուն և ամենաբարդ գործն է»։

Վիճաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ չինական Xin Ling Zhi Chuang անիմացիոն սերիալը մեղադրվել է Շինկայի անիմեի մի քանի հետնանկարներ գողանալու և աննշան ձևափոխություններով օգտագործելու համար։ Ծրագրի ներածության մեջ այն նկարագրվում է իբրև «Չինաստանի երիտասարդության համար ստեղծված ծրագիր, որ կոչված է զարգացնելու նրանց միտքը և սովորեցնելու ազնիվ կյանք»։

DVD թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 12-ին Reanimedia ընկերությունը տեղայնացրել է ֆիլմը Ռուսաստանի տարածքում։ Աշխատանքները սկավառակի վրա ավարտվել են դեկտեմբերի 26-ին և արդեն 2008 թվականի հունվարին պաշտոնապես թողարկվել է երկու DVD սկավառակների վրա և հայտնվել վաճառքում։

Ֆիլմի HD տարբերակը թողարկվել է 2008 թվականի ապրիլի 18-ին Ճապոնիայում։

Երկու սկավառակից բաղկացած հրատարակությունը ներառում է.

տուփի մեջ`

  • 24-էջանոց գունավոր նկարազարդված գրքույկ
  • մինի-պոստեր
  • 2 հատ DVD-սկավառակ

առաջին սկավառակ`

  • 61-րոպեանոց «5 սանտիմետր վայրկյանում» ֆիլմը (հնչյունավորված, լուսագրերով)
  • ֆիլմի 2 պրոմո-թրեյլերները (միայն լուսագրեր)
  • հարցազրույց Մակոտո Շինկայի հետ (միայն լուսագրեր)

երկրորդ սկավառակ (լրացուցիչ նյութեր)`

  • անիմացված կադրաբաշխում (առանց թարգմանության)
  • «Եվս մեկ անգամ, ևս մեկ հնարավորություն» երգի անիմացիոն տեսահոլովակը
  • հարցազրույց դերասանների հետ (միայն լուսագրեր)
  • նկարների շարք

2009 թվականի մարտի 29-ին հայտարարվեց, որ անիմեն կթողարկվի նաև Ավստրալիայում։

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունը գրել է Թեմմոնը։ Նա նաև աշխատել է Մակոտո Շինկայի այլ գործերի երաժշտությունների վրա։

  1. Սակուրայի ծաղկումը (ճապ.՝ 桜花抄 Օքաշո) — 4:51
  2. Հեռավոր ամենօրյա հիշողությունները (ճապ.՝ 想い出は遠くの日々 Օմոյ դե վա Տոոկու նո Հիբի) — 1:41
  3. Բարկություն (ճապ.՝ 焦燥 Շոուսո) — 1:09
  4. Ձյան կանգառը (ճապ.՝ 雪の駅 Յուքի նո էկի) — 2:19
  5. Համբույրը — 3:13
  6. Կանաեի զգացմունքները (ճապ.՝ 力ナエの気持ち Կանաէ նո կիմոչի) — 1:47
  7. Երազ (ճապ.՝ Յումէ) — 1:40
  8. Երկնքի ու Ծովի պոեմը (ճապ.՝ 空と海の詩 Սորա տո Ումի նո Շի) — 2:00
  9. Չհասնող Զգացում (ճապ.՝ 届かない気持ち Տոդոկանայ Կիմոչի) — 1:41
  10. Վերջերգ — 2:52
  11. Եվս մեկ անգամ, ևս մեկ հնարավորություն, դաշնամուրային տարբ. (Բոնուս թրեք) — 5:00

«Եվս մեկ անգամ, ևս մեկ հնարավորություն» երգի ընտրումը Մասայոշի Յամաձակիի կատարմամբ ֆիլմի գլխավոր ստեղծագործությունն է։ Ռեժիսորը բացատրում է նրանով, որ այն ծանոթ է բոլոր ճապոնացիներին, իսկ օտար ընկերությունները կարող են փոխանցել չասվածը խոսքերը և ստեղծել ամբողջական տպավորություն ֆիլմի մասին[14].

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի առաջին մասի անվանումը` «Սակուրայի ծաղկումը», համընկնում է 1970 թվականին լույս տեսած` 16-րդ սերնդի ճապոնացի այգեպան Տոուեմոնա Սանոյի գրքի վերնագրի հետ։
  • Ֆիլմում Ակարին և Տոնոն Չոբի անունով մի փոքրիկ կատվի են հանդիպում, որը Շինկայի «Նա և իր կատուն» ֆիլմից է։ Բացի դրանից` նրանց զրույցի մեջ հիշատակվում է Միմին` Չոբիի ընկերուհին։
  • Բնապատկերներից և առօրյա տեսարաններից շատերի հիմքում ընկած են Ճապոնիայի իրական վայրեր։
  • Ռեժիսորը գլխավոր երգի` «Եվս մեկ անգամ, ևս մեկ հնարավորություն»-ի ընտրությունը հիմնավորում է նրանով, որ այդ երգը հայտնի է շատ ճապոնացիների, իսկ լրացուցիչ ասոցիացիաները կօգնեն հաղորդելու այն, ինչ չասվեց բառերով, և ստեղծելու ֆիլմի մասին ամբողջական տպավորություն։
  • Ի սկզբանե Շինկայը ծրագրել էր նկարահանել մոտ տասնյակ հինգրոպեանոց պատմություններ, որ իրար հետ կապ չեն ունենա[14]։
  • Իր յուրաքանչյուր նամակ գրելիս Ակարին սկսում է եղանակի մասին պատմելով. այդպիսին է Ճապոնիայում նամակ գրելու ավանդույթը[15]։
  • Ճապոնիայում դպրոցները եռաստիճան են` տարրական (1-6-րդ դասարան), միջին (7-9-րդ դասարան) և ավագ դպրոց (10-12-րդ դասարան)։ Միևնույն ժամանակ դասարանների համարակալումը ամեն աստիճանի վրա չի հաջորդում նախորդ աստիճանը։ Ահա թե ինչու են Տոնոյին և նրա ընկերներին մարզադաշտում կոչում են առաջին դասարանցիներ. նրանք սովորում են միջին դպրոցի առաջին դասարանում։
  • Հոջիչան (տապակած թեյ), որ պատրաստում են բանչայից (սովորական թեյ)` տապակելով թեյի տերևները վառարանի վրա փայտածուխով, համարվում է ավելի ցածր արժեք ունեցող կանաչ թեյի տեսակ, քան սենչան։
  • Ակարիի ազգանունը Շինոհարա է, ինչը նաև Շինկայի կնոջ` Միկա Շինոհարայի ազգանունն է։
  • «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ռուսական հաղորդման 2012 թվականի գարնանային եթերաշրջանի ժամանակ` մարտի 31-ի խաղում, հնչեց հետևյալ հարցը. «Ի՞նչ է նշանակում 5 սանտիմետր վայրկյանում»։ Թիմի գիտակներից Իլյա Նովիկովը ժամանակից շուտ պատասխան տվեց. «Այդքան արագությամբ են գետնին ընկնում սակուրայի թերթիկները»։
  • Մի կադրում երևում է մագնիսի տեսքով «կատվաբուսը», որը «Իմ հարևան Տոտորոն» անիմեի հերոսներից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0983213/
  2. 2,0 2,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=180315.html
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film170458.html
  4. coming of age - Tag - Anime - Page 3 - AniDB
  5. Internet Movie Database — 1990.
  6. Internet Movie Database — 1990.
  7. http://www.japantimes.co.jp/culture/2007/03/30/films/film-reviews/byosoku-5-centimeters
  8. Коллекционное двухдисковое издание «Пять сантиметров в секунду», Диск 2, Фотогалерея. — Реанимедиа, 2008
  9. «5 սանտիմետր վայրկյանում» (անգլերեն). 2007 թվական. Արխիվացված է օրիգինալից 2009, փետրվարի 04-ին. Վերցված է 2014, հուլիսի 06-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Կրկնօրինակման ստուդիա ֊ Ռեանիմեդիա». Արխիվացված օրիգինալից 2012, փետրվարի 29-ին. Վերցված է 2009, հուլիսի 16-ին.
  11. «Նիշիմուրա Տակայո․ Կերպարների դիզայն» 西村貴世(にしむら たかよ)キャラクターデザイン (ճապոներեն). Վերցված է 2015, հունիսի 8-ին.
  12. «FFF 2008 → Lancia Platinum Grand Prize» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012, մարտի 23-ին. Վերցված է 2014, օգոստոսի 06-ին.
  13. «APSA Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008, հուլիսի 21-ին. Վերցված է 2014, օգոստոսի 06-ին.
  14. 14,0 14,1 Коллекционное издание «Пять сантиметров в секунду», Диск 1, Интервью с Макото Синкаем. — Реанимедиа, 2008
  15. Коллекционное двухдисковое издание «Пять сантиметров в секунду». Буклет к DVD, стр.22. — Реанимедиа, 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հինգ սանտիմետր վայրկյանում» հոդվածին։