Jump to content

Հիերոնիմո Սանչես դե Կարանզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիերոնիմո Սանչես դե Կարանզա
իսպ.՝ Jerónimo Sánchez de Carranza և կատ.՝ Hieronimo de Carança
Դիմանկար
Ծնվել է1539
ԾննդավայրՍևիլյա, Կաստիլիա և Լեոն
Մահացել է1600
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտությունսուսերամարտիկ
 Jerónimo Sánchez de Carranza Վիքիպահեստում

Հիերոնիմո Սանչես դե Կարանզա (իսպ.՝ Jerónimo Sánchez de Carranza, պորտ.՝ Hieronimo de Carança, 1539, Սևիլյա, Կաստիլիա և Լեոն - 1600, Մադրիդ, Իսպանիա), սևիլացի ազնվական, հումանիստ, գիտնական, նշանավոր սուսերամարտիկ, սուսերամարտի իսպանական դպրոցի` դեստրեզայի հիմնադիր։ Սուսերամարտիմի մասին «Զենքի փիլիսոփայություն» («De la Filosofía de las Armas y de su Destreza y la Aggression y Defensa Cristiana») (1569, հրատարակվել է` 1582) տրակտատի հեղինակն է։ Կարանզան ստեղծել է բանաստեղծի և զինվորի իդեալը, որը եղել է իր կյանքի հիմնական ուղենիշը[1]։

Սուսերամարտի մասին նրա աշխատությունները Իսպանիայում մարտական ոճի սկիզբն են հանդիսացել, որը գոյություն է ունեցել գրեթե 300 տարի[2]։

Հիերոնիմո դե Կարանզային` որպես դեստրեզայի հիմնադրի, անվանում են նաև «զենքի հետ վարվեցողության գիտության հիմնադիր»։ Նրա աշխատանքը շարունակել են իր հետևորդները` Լուիս Պաչեկո դե Նարվայեսը և սուսերամարտի հոլանդացի վարպետ Ժերար Տիբոն։ Հենց նրանք են ներդրել մարտի փիլիսոփայական, բարոյական ու մտավոր իդեալները` շարունակելով զարգացնել իսպանական սուսերամարտի դպրոցը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդալգո Հիերոնիմո Սանչես դե Կարանզան ծնվել է Սևիլիայում մոտ 1539 թվականին[1]։ Կրթություն է ստացել Սևիլիայի և Սալամանկայի համալսարաններում[1]։

1560-ական թվականների սկզբին տեղափոխվել է Սանլուկար դե Բառամեդա, որտեղ ծառայության է անցել Մեդինա Սիդոնիայի 7-րդ հերցոգ Ալոնսո Պերես դե Գուսմանի մոտ։ Հերցոգի հետ մասնակցել է Ալգարվիի գրավմանը, որից հետո Ֆիլիպ II Հաբսբուրգը հայտնվել է պորտուգալական գահին։ Իսպանական գահին մատուցած իր ծառայությունների համար Կարանզան դարձել է ասպետ, այնուհետև նշանակվել Քրիստոսի կերպարանքի օրդենի կոմանդոր[1]։ Կյանքի այս շրջանում դոն Դե Կարանզան գրում է իր նշանավոր տրակտատը` «Զենքի փիլիսոփայություն»։

1584 թվականին տեղափոխվել է Մադրիդ, որտեղ աշխատել է դատավոր։ Հինգ տարի անց նա նշանակվել է Հոնդուրաս նահանգի նահանգապետ։ Հոնդուրասում ընդհարվել է գանձապետներ Գրեգորիո Սանտյագոյի և Գասպար դե Անդրադի, Կոմայագուայի եպիսկոպոսի հետ, ում մեղադրել է կոռուպցիայի մեջ։ 1595 թվականին հաղթանակ է տարել ֆրանսիական կապերների նկատմամբ, որոնք կայանել էին Հոնդուրասի հուսիսում գտնվող Պուերտո Կաբալիոսում։ 1596 թվականին, երբ ավարտվել է նահանգապետի իր լիազորությունների ժամկետը, տեղափոխվել է Սանտյագո դե Գվատեմալա, որտեղ զբաղեցրել է իրավագետի պաշտոն[1]։

Մահացել է հավանաբար Գվատեմալայում մոտ 1608 թվականին[1]։

Դեռևս Սանլուկար դե Բառամեդայում Կատալինա Պերես դե Ագիլարի հետ համատեղ կյանքում ունեցել է մի քանի երեխա, սակայն չի ամուսնացել։ Երեխաներից երկուսը ավագ որդի Խիլ Սանչես դե Կարանզան (մահացել է 1606 թվականին Ֆիլիպիններում) և հերոնիմո Սանչո դե Կարանզան, նրա հետ գնացել են Հոնդուրաս[1]։

«Զենքի փիլիսոփայություն»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիերոնիմո դե Կարանզայի «Զենքի փիլիսոփայություն» տրակտատը

Հիերոնիմո դե Կարանզան իր «Զենքի փիլիսոփայություն» տրակտատը գրել է Մեդինա-Սիդոնիայի հերցոգի մոտ ծառայության ժամանակ։ Գրքի միակ հրատարակությունը կայացել է 1582 թվականին Սանլուկար դե Բառամեդայում, որտեղ գտնվել է Մեդինա-Սիդոնիայի հերցոգների պալատը։ «Զենքի փիլիսոփայությունը» հումանիստական երկխոսություն է` նվիրված սուսերամարտի նոր արվեստի շարադրմանը։ Հեղինակն իր աշխատանքն անվանել է «Զենքի փիլիսոփայություն և նրան տիրապետելու արվեստ», քանի որ նա ոչ միայն նկարագրում է սուսերամարտի նոր համակարգը, այլև դա անում է փիլիսոփայության տեսանկյունից. տրակտատում հղումներ են արվում Պլատոնին, Արիստոտելին, Ֆիչինոյին։ Իր տրակտատում Կարանզան շոշափել է նաև բժշկությանը, մաթեմատիկային, երկրաչափությանը, բարոյագիտությանն առնչվող հարցեր, ստեղծել եվրոպական մարտարվեստի ինքնատիպ փիլիսոփայական հայեցակետ` մարտական փիլիսոփայություն (esgrima filosófica)[4]:

Երկխոսության մասնակիցները, հետևելով Պլատոնին և նրա հետևորդներին Վերածննդի դարաշրջանում, այդ թվում` Կաստիլիոնեին, վերջինիցս փոխառել են նաև երկխոսությունների քանակությունը։ Դրանք տրակտատում չորսն են, որտեղ քննարկվում են սուսերամարտի արվեստին առնչվող հարցեր։ Զրուցակիցների մտացածին անունների տակ թաքնված են հենց ինքը Կարանզան, բանաստեղծ Ֆերնանդո դե Էռերան, հումանիստ Խուան դե Մալ Լարան և բժիշկ Պեդրո դե Պերամատոն (նրանց անունները իր շարադրանքում հիշատակել է Կարանզայի աշակերտ և հետևորդ դոն Լուիս Պաչեկո դե Նարվայեսը, 1600)։

«Զենքի փիլիսոփայություն» տրակտատում ներկայացված է letras և armas համադրությունը, ինչպես հետագայում նրա աշակերտների մոտ։ Այս միությունն ընդգծում է, որ ընտրված է գրական կայուն ժանր` հումանիստական երկխոսություն, որում աստիճանաբար ներկայացվում է սուսերամարտի իրական արվեստը։

Ցավոք սրտի, ասպետները, որոնց տարբերակիչ գլխավոր հատկությունը պետք է լինի հզոր ոգին, ներկայումս ավելի շատ կանանց են հիշեցնում, որոնք հենարան չեն ո'չ խաղաղ ժամանակ, ո'չ էլ պատերազմի։ Նույնիսկ թվում է, որ նրանցից մի քանիսը ծնվել են, որպեսզի կատակերգության մեջ ներկայացնեն զարդարված համր կերպարներ[5]։
- Հիերոնիմո Սանչես դե Կարանզա, «Զենքի փիլիսոփայություն»

Հիերոնիմո դե Կարանզան զինվորի կերպարին միջնադարյան նոր իմաստավորում է հաղորդում։ «Hombre de letras»-ը կարդացած, գիտուն մարդն է, որ ունակ է ընդունել գիտությունը, ներկայացնել գիտելիքների իր պաշարը` հակադրելով այն ուրիշ գիտությունների, և գրական ձևով շարադրել այն։ Սա, անկասկած, համապատասխանում է ոչ միայն դարաշրջանի հումանիստական պատկերացումներին, այլև Կարանզայի ու նրա աշակերտների ձգտմանը` մշակել փիլիսոփայություն և սուսերամարտի նոր համակարգի գիտություն[4]։

Կարանզայի մասին այսպես է հիշատակում սուսերամարտի իսպանական դպրոցի վարպետ, Պաչեկո դե Նարվայեսի հետևորդ Գոմես Արիաս Պորեսն իր տրակտատում.

Ցանկանում եմ նաև հիշատակել Հիերոնիմ դե Կարանզային, քանի որ նրա հսկայական ջանքերի շնորհիվ հաջողվել է ամրապնդել շատ տղամարդկանց հոգևոր ուժը թե' խաղաղ ժամանակ և թե' պատերազմում։
- Գոմես Արիաս Պորես

Մենագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Hermoso Rivero, José Mª. «Jerónimo Sánchez de Carranza (¿1539-1608?), creador de la Verdadera Destreza y gobernador de Honduras // Cartare: boletín del Centro de Estudios de la Costa Noroeste de Cádiz. — 2015. — № 5. — P. 65—98. — ISSN 2173-9072.
  2. Francis, Beaumont (1843-46). The works of Beaumont & Fletcher; the text formed from a new collation of the early editions. With notes and a biographical memoir by the Rev. Alexander Dyce. London: E. Moxon.
  3. The Works of Beaumont & Fletcher : The Text Formed from a New Collation of the Early Editions / Francis Beaumont; John Fletcher; Alexander Dyce. — London : Edward Moxon, Dover Street, 1846. — Vol. 11. — P. 317.
  4. 4,0 4,1 Ершова, 2014
  5. «Y es lastima grandissima, q(ue) los Caualleros q(ue) deuian ser adornados de Animo Varonil, se hazen Effeminados, ò por mejor dezir Statuas vestidas, que ni valen, para aconsejar en tiempo de Paz, ni para defender en tiempo de Guerra, si no que solamente paresce, que nascieron algunos en el Mundo, solo para representar Personas Mudas vestidas en Comedia…» (Prólogo).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Эгертон К. Школы и мастера фехтования. Благородное искусство владения клинком. — Litres, 2017. — 7632 с.
  • Aylward J. D. The English master of arms from the twelfth to the twentieth century. — Routledge & Paul, 1956. — 87 с.
  • Ершова И. В. «Философия оружия» как трансформация одной культурной идеи. Карранса и Сервантес // Литература. Литературоведение. Устное народное творчество. — Новый филологический вестник, 2014. — С. 1—9.