Մարսիլիո Ֆիչինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Մարսիլիո Ֆիչինո
Marsilio Ficino - Angel Appearing to Zacharias (detail).jpg
Ծնվել էհոկտեմբերի 19, 1433[1] Ֆիլինե Վալդարնո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա
Մահացել էհոկտեմբերի 1, 1499[1] (65 տարեկան) Villa Medici at Careggi, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Florence.svg Ֆլորենցիայի Հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, թարգմանիչ, հոգևորական, աստղագուշակ, բանաստեղծ, գրող, եպիսկոպոս և բժիշկ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերՊիզայի համալսարան և Ֆլորենցիայի համալսարան[2]
Տիրապետում է լեզուներինլատիներեն[3] և իտալերեն[1]
ՈւսուցիչGemistus Pletho? և John Argyropoulos?
ԱշակերտներԼորենցո Մեդիչի և Անջելո Պոլիցիանո
Marsilio Ficino Վիքիպահեստում

Մարսիլիո Ֆիչինո (լատ.՝ Marsilius Ficinus, հոկտեմբերի 19, 1433[1], Ֆիլինե Վալդարնո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 1, 1499[1], Villa Medici at Careggi, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), իտալացի փիլիսոփա, հումանիստ, աստղագետ, կաթոլիկ քահանա, Ֆլորենցիայում Պլատոնյան ակադեմիայի հիմնադիր[4]։ Վաղ վերածննդի առաջադեմ մտածողներից մեկն է եղել, առավել նշանավոր ներկայացուցիչը ֆլորենտական պլատոնիզմի` մի ուղղության, որը նոր հետաքրքրություն էր դրսևորում Պլատոնի փիլիսոփայության նկատմամբ և ուղղված էր սխոլաստիկայի, հատկապես Արիստոտելի սխոլաստիկ աշխատությունների դեմ։

2015 թվականին ի հայտ են եկել վավերարագրական վկայություններ այն մասին, որ Ֆիչինոն եղել է «Մարսելյան Տարոյի» հեղինակը[5]։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիչինոյի հայրը եղել է Կոզիմո Մեդիչիի ընտանեկան բժիշկը` մտնելով խոշորագույն այդ բանկիրի և Ֆլորենցիայի փաստացի տիրակալի մտերիմների շրջանակի մեջ։ Մեդիչին փորձում էր վերացնել եկեղեցիների բաժանումը կաթոլիկ և ուղղափառ ուղղությունների։ Այդ փորձերի ձախողումից հետո Կոզիմո Մեդիչիի և նրա շրջանակի մարդկանց ուշադրությունը կենտրոնանում է մտածող Գեորգի Գեմիստ Պլիֆոնի վրա, ով ակտիվորեն քարոզում էր հունական փիլիսոփայությունը. այդ պատճառով նրան կոչում էին «երկրորդ Պլատոն»։ Պլատոնականության վերաիմաստավորման հիմքի վրա Պլիֆոնը փորձում էր ձևավորել ավելի գործնական կրոնական համակարգ, որն իրական այլընտրանք կհանդիսանար գոյություն ունեցող միաստվածական հավատամքին (առաջին հերթին` քրիստոնեությանը)` ճանապարհ հարթելով դեպի ճշմարտություն։

Ֆիչինոն կրթություն է ստացել Ֆլորենցիայի համալսարանում, որտեղ սովորել է հունարեն և լատիներեն, փիլիսոփայություն և բժշկություն։ Երբ Կոզիմո Մեդիչին որոշում է Ֆլորենցիայում ստեղծել Պլատոնյան ակադեմիա, նա ընտրում է Մարսիլիոյին։ 1462 թվականին Մեդիչին Ֆիչինոյին կալվածք է նվիրում, որը գտնվում էր իր սեփական կալվածքից ոչ հեռու։ Մեդիչին Մարսիլիոյին է նվիրում նաև Պլատոնի և վաղ շրջանի այլ հեղինակների ստեղծագործությունների հունական ձեռագրեր։ Ֆիչինոն դառնում է Կոզիմո Մեդիչիի թոռան` Լորենցո Մեդիչիի տնային ուսուցիչը։ Ֆիչինոյի աշակերտներից է եղել նաև ականավոր փիլիսոփա, հումանիստ Ջովաննի Պիկո Դելլա Միրանդոլան։

Փիլիսոփայական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնելով այն պատկերացումներից, որ Պլատոնն իր ուսմունքում կենտրոնացել է «հին աստվածաբանության» այնպիսի ներկայացուցիչների վրա, ինչպիսիք են Հերմես Եռամեծը, Օրփեոսը և Զրադաշտը` Ֆիչինոն սկսել է իր թարգմանական գործունեությունը այնպիսի տեքստերից, որոնք վերագրվում էին այդ հեղինակներին ու ուսմունքներին։ 1460-ական թվականների սկզբներին Ֆիչինոն հունարենից լատիներեն թարգմանել է Օրփեոսի «Հիմները» և «Արգոնավորդները»։ 1461 թվականին թարգմանել ու հրատարակել է «Կորպուս Հերմետիկում» (լատ.՝ Corpus Hermeticum) տրակտատները և միայն 1463 թվականին ձեռնամուխ է եղել Պլատոնի երկխոսություններին։

«Հոգու անմահության պլատոնյան աստվածաբանություն» տրակտատ[խմբագրել | խմբագրել կոդը]

1468 թվականին Ֆիչինոն ավարտել է Պլատոնի բոլոր երկերի թարգմանությունը և զբաղվել դրանցից մի քանիսի մեկնություններով։ 1469-1474 թվականներին Ֆիչինոն ստեղծել է իր գլխավոր երկը` «Հոգու անմահության պլատոնյան աստվածաբանություն» տրակտատ (հրատարակվել է 1482 թվականին), որում փորձել է ցույց տալ, որ «Պլատոնի բոլոր մտքերը համահունչ են Աստծո օրենքների գաղափարին», այսինքն փորձել է համապատասխանեցնել ու հաշտեցնել հին հեթանոսական իմաստությունը քրիստոնեականին։

Ֆիչինոյի կարծիքով փիլիսոփայությունը մտքի պայծառությունն է աստվածային լույսի ընկալման հանդեպ, այսինքն հոգու ու մտքի նախապատրաստումը աստվածային լույսի ընկալմանը։ Այս տեսանկյունից փիլիսոփայությունն ու կրոնը համընկնում են, իսկ նրանց ակունքներում ընկած են հին ժամանակների սուրբ միստերիաները։ Լեգենդար մարգարեները (Հերմես Եռամեծ, Օրփեոս, Զրադաշտ) իրենց ժամանակին լուսավորված են եղել աստվածային լույսով։ Արդյունքում, այդ նույն մտքին են հանգել նաև Պյութագորասն ու Պլատոնը։ Ե'վ «Կորպուս Հերմետիկումի», և' պլատոնյան ավանդույթների, և' քրիստոնեական ուսմունքի տեքստերը Ֆիչինոյի կարծիքով ևս բխում են աստվածային մեկ ակունքից` Լոգոսից։

Մետաֆիզիկական իրականությունը հինգ կատարելությունների հետևողական շարք է, որին առնչվում են Աստված, հրեշտակը (ձևավորում է ինտելիգեբալ աշխարհը), հոգին (եռամիասնության կապ), որակը (ձև), մատերիա (ֆիզիկական աշխարհ)։ Ֆիչինոն Աստծուն դիտարկում է որպես բարձրագույն անվերջ էակի, որի գործունեությունը աստիճանական արարման գործընթացում ծնում է իրերի աշխարհը։ Մարդն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում աշխարհում, քանի որ նրա հոգին միջանկյալ դիրք է զբաղեցնում աստվածայինի ու նյութականի միջև։ Հենց հոգին է կերպավորում բնության մարմինների կապը` օգնելով նրանց հասնելու հրեշտակներին և նույնիսկ աստվածային բարձրագույն էությանը։ Հոգու` ճանաչողությանը ձգտելու կարողության բաժանման շնորհիվ` կեցության բոլոր մակարդակները կարող են կրկին վերադառնալ աստվածային միասնությանը։ Մարդը միկրոտիեզերք է, որ ճանաչում է մակրոտիեզերքը, իսկ գիտելիքի կարողությունը մարդու մեծագույն արժանիքն է, որի շնորհիվ նա ճանաչության բարձրագույն մակարդակում ձուլվում է Աստծուն։

Aquote1.png Արդյունքում այս էությանը տրված է ենթարկվել հետևյալ հաջորդականությանը. շնորհները նա ստացել է Աստծուց ու հրեշտակներից հետո, որոնք անբաժան են ժամանակի ու տարածության մեջ, և որոնք բարձր են այն ամենից, ինչը մարմնային է ու նյութական և վերանում է տարածության ու ժամանակի մեջ։ Նա այն է, ինչ գոյություն ունի մահկանացուների մեջ` ինքը չլինելով այդպիսին։ Եվ քանի որ այն ժամանակ, երբ տիրում է մարմնին, նա առնչվում է նաև աստվածայինին, նա համարվում է Աստծո մարմինը, ոչ թե նրա արբանյակը։ Այն բնության բարձրագույն հրաշքն է։ Նրանում աստվածային է այն իրերի էությունը, որոնցից կախված է ինքը. նա պատճառ ու օրինակ է իրենից ցածր կարգի իրերի համար, որոնց որոշակի կարգով ստեղծում է հենց ինքը։ Լինելով բոլոր իրերի միջնորդը` նա ունի բոլոր այդ իրերի հատկությունները։ Նրան արդարացիորեն կարելի է կոչել բնության կենտրոն, բոլոր իրերի միջնորդ, ամեն ինչի կապ ու կենտրոն։
- Մարսիլիո Ֆիչինո
Aquote2.png


Ֆիչինոն` քահանա և Պլատոնյան ակադեմիայի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

1473 թվականին Ֆիչինոն ընդունել է քահանայի աստիճան` զբաղեցնելով եկեղեցական մի քանի կարևոր պաշտոններ։ Իր «Քրիստոնեական հավատքի մասին» տրակտատում (1474) նա փաստորեն նորացրել է վաղ քրիստոնեական աստվածաբանության ավանդույթները։

Ֆիչինոյի գործունեությունը հասարակական լայն հնչեղություն է ստացել։ Նրա շուրջ հավաքվել են համախոհներ` մի տեսակ գիտական եղբայրություն, որ ճանաչում է ստացել Պլատոնյան ակադեմիա անունով։ Ակադեմիան դարձել է Վերածննդի դարաշրջանի մտավոր կենտրոններից մեկը։ Նրա մեջ ընդգրկված են եղել ամենատարբեր կոչումների ու զբաղմունքների տեր մարդիկ` ազնվականներ, դիվանագետներ, առևտրականներ, պաշտոնյաներ, հոգևորականներ, բժիշկներ, համալսարանական պրոֆեսորներ, աստվածաբաններ, պոետներ, նկարիչներ։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1480-90-ական թվականներին Ֆիչինոն շարունակում է հետազոտել աստվածաբանական փիլիսոփայության ավանդույթները։ Նա լատիներերեն թարգմանում ու մեկնում է Պլոտինոսի «Էնեադները» (1484-90, հրատարակումը` 1492), ինչպես նաև Պորփյուրի, Յամբլիքոսի, Պրոկլի, Դիոնիսիոս Արիոպագացու (1490-1492) ստեղծագործությունները։ Ոգեշնչվելով անտիկ դարաշրջանի բացահայտմամբ` Ֆիչինոն մեծ հետաքրքրություն է դրսևորում աստղագիտության հանդեպ և 1489 թվականին հրատարակում է «Կյանքի մասին» բժշկաաստղագիտական տրակտատը։ Դա նրան հանգեցնում է կաթոլիկ եկեղեցու բարձրագույն հոգևորականության, մասնավորապես Ինոկենտի VIII պապի հետ հակամարտության։ Եվ միայն բարձրագույն հովանավորչությունն է նրան փրկում հերետիկոսության մեղադրանքից։

1492 թվականին Ֆիչինոն գրում է «Արևի և լույսի մասին» տրակտատը (հրատարակվել է 1493 թվականին), իսկ 1494 թվականին ավարտում է Պլատոնի որոշ ստեղծագործությունների ընդարձակ մեկնաբանությունները։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիչինոյի ազդեցությունը Վերածննդի դարաշրջանի աշխարհընկալման վրա այնքան նշանակալից է եղել, որ օրինակ, Ջորդանո Բրունոն, դասախոսություն կարդալով Օքսֆորդի համալսարանում, նրա` «Կյանքի մասին» տրակտատի մեկ երրորդը` նվիրված կախարդանքին ու կախարդականին, ներկայացնում էր որպես իր սեփական երկը։

Պլատոնի, նեոպլատոնականության և անտիկ դարաշրջանի ստեղծագործությունների` հունարենից և լատիներենից թարգմանությունների շնորհիվ Ֆիչինոն նպաստել է պլատոնականության վերածնունդին և սխոլաստիկ արիստոտելականության դեմ պայքարին։ Պանթեիզմի` նրա ստեղծագործությունների հիմքում ընկած նախաազդակները նշանակալից ազդեցություն են թողել Պիկո Դելլա Միրանդոլայի, Պատրիցիոսի, Ջորդանո Բրունոյի և այլոց վրա։ Մարդու արժանիքների և երկրային գեղեցկության ջատագով լինելը նպաստել է միջնադարյան ասկետիզմի հաղթահարմանը և ազդեցություն թողել գեղարվեստի ու գրականության վրա։ Ֆեչինոյի` համընդհանուր կրոնի գաղափարները, որը կաշկանդված չէր լինի պաշտամունքային, սովորութային և դոգմատիկ տարբերություններով, ազդեցություն են թողել 16-17-րդ դարերի փիլիսոփայության վրա։

Հիմնական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Смирнова И. А. Монументальная живопись итальянского Возрождения. М. Изд. Искусство. 1987г.
  • Allen, Michael J. B., Nuptial Arithmetic: Marsilio Ficino's Commentary on the Fatal Number in Book VIII of Plato's Republic. Berkeley: University of California Press, 1994. ISBN 0-520-08143-9
  • Ernst Cassirer, Paul Oskar Kristeller, John Herman Randall, Jr., The Renaissance Philosophy of Man. The University of Chicago Press (Chicago, 1948.) Marsilio Ficino, Five Questions Concerning the Mind, pp. 193–214.
  • Clucas Stephen, Forshaw Peter J., Rees Valery (2011)։ Laus Platonici Philosophi: Marsilio Ficino and his Influence։ BRILL։ ISBN 9789004188976 
  • Anthony Gottlieb, The Dream of Reason: A History of Western Philosophy from the Greeks to the Renaissance (Penguin, London, 2001) ISBN 0-14-025274-6
  • James Heiser, Prisci Theologi and the Hermetic Reformation in the Fifteenth Century (Repristination Press, Malone, Texas, 2011) ISBN 978-1-4610-9382-4
  • Paul Oskar Kristeller, Eight Philosophers of the Italian Renaissance. Stanford University Press (Stanford California, 1964) Chapter 3, "Ficino," pp. 37–53.
  • Raffini, Christine, "Marsilio Ficino, Pietro Bembo, Baldassare Castiglione: Philosophical, Aesthetic, and Political Approaches in Renaissance Platonism", Renaissance and Baroque Studies and Texts, v.21, Peter Lang Publishing, 1998. ISBN 0-8204-3023-4
  • Robb, Nesca A., Neoplatonism of the Italian Renaissance, New York: Octagon Books, Inc., 1968.
  • Field, Arthur, The Origins of the Platonic Academy of Florence, New Jersey: Princeton, 1988.
  • Allen, Michael J.B., and Valery Rees, with Martin Davies, eds. Marsilio Ficino : His Theology, His Philosophy, His Legacy.Leiden : E.J.Brill, 2002. A wide range of new essays.ISBN 9004118551
  • Voss, Angela, Marsilio Ficino, Western Esoteric Masters series. North Atlantic Books, 2006. ISBN 978-1-5564-35607

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Mathematics Genealogy Project — 1997.
  3. Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.)SISMEL – Edizioni del Galluzzo.
  4. Фичино, Марсилио (չաշխատող հղում)
  5. Документальный фильм «Les mystères du Tarot de Marseille». Arte, 18 février 2015