Հիդրօքսիքլորոքին
Հիդրօքսիքլորոքին | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₁₈H₂₆ClN₃O |
Մոլային զանգված | 5,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 118-42-3 |
PubChem | 3652 |
EINECS համար | 204-249-8 |
SMILES | CCN(CCCC(C)NC1=C2C=CC(=CC2=NC=C1)Cl)CCO |
ЕС | 204-249-8 |
ChEBI | 3526 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հիդրքօսիքլորոքին՝ հակամալարիային դեղամիջոց, 4-ամինոխինոլինի ածանցյալ։ Աուտոիմունային հիվանդությունների ժամանակ ունի բավարար իմունաճնշիչ, մենահատուկ և ոչ մենահատուկ հակաբորբոքային ազդեցություն։
Հիդրօքսիքլորոքինը մտնում է կենսական անհրաժեշտության և կարևորագույն դեղամիջոցների ցանկի մեջ։
Դեղաբանական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջացնում է էրիթրոցիտային պլազմոդիումների բոլոր տեսակի ոչնչացում, բացի դրանից ունի բուժական ազդեցություն շարակցական հյուսվածքի որոշ հիվանդությունների ժամանակ։ Ազդեցության մեխանիզմը մինչև վերջ դեռևս բացահայտված չէ։ Ենթադրվում է, որ հիդրօքսիքլորոքինի արդյունավետությունը կապված է նրա՝ որոշ ֆերմենտների ակտիվության վրա ազդեցության (ֆոսֆոլիպազ, ՆԱԴՖ-ցիտոքրոմ C-ռեդուկտազ,խոլինէսթերազ, պրոտեազ, հիդրոլազ), լիզոսոմների թաղանթի կայունացման, պրոստագլանդինների առաջացման ճնշման, քեմոտաքսիսի և ֆագոցիտոզի ճնշման և ինտերլեյկին-1-ի արտադրության վրա ազդեցության հետ։ Օժտված է իմունաճնշիչ և որոշակի հակաբորբոքային հատկություններով։
Ֆարմակոկինետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղը խմելուց հետո արագ և ամբողջովին ներծծվում է աղեստամոքսային համակարգի կողմից։ Միջմկանային ներարկումից հետո նույնպես արագ ներծծվում է ներարկման տեղից։ Օրգանիզմում բաշխվում է բոլոր հյուսվածքներում։ Մեծ խտությամբ կուտակվում է երիկամներում, լյարդում, թոքերում, փայծաղում, ինչպես նաև աչքերի և մաշկի մելանին պարունակող բջիջներում։ Քայքայվում է լյարդում՝ վերածվելով կենսաբանորեն ակտիվ և պասիվ ձևափոխությունների։ Շատ դանդաղ դուրս է բերվում օրգանիզմից մեզի միջոցով։
Ցուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեվմատոիդ արթրիտ, քրոնիկ արթրիտ, դիսկոիդ և համակարգային կարմիր գայլախտ, արևի ճառագայթներից առաջացած կամ դրանց պատճառով խորացված մաշկային հիվանդություններ, մալարիա։
Հակացուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռետինոպաթիա, կերատոպաթիա, տեսողության խանգարումներ, հիդրօքսիքլորոքինի նկատմամբ զգայունություն։
- Հղիություն և կերակրում
Հիդրօքսիքլորոքինի օգտագործումը հղիության ընթացքում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ ենթադրվող օգուտը հղիին գերազանցում է պտղին հասցվող վնասին։ Կրծքով կերակրման ընթացքում դեղամիջոցի ընդունման դեպքում անհրաժեշտ է սահմանափակել կամ ընդհատել կերակրումը։
Հիդրօքսիքլորոքինը թափանցում է ընկերքի միջով և արտազատվում է կրծքի կաթի հետ։
Կողմնակի ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսողական համակարգի կողմից՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, հյուծվածություն։
Նյարդային համակարգի կողմից՝ գլխացավ, թուլություն, նյարդային գրգռվածություն, նյարդա-մկանային բլոկադա, տոքսիկ փսիխոզ, տեսողության թուլացում, լուսավախություն։
Արյունաստեղծ համակարգի կողմից՝ սակավարյունություն, ագրանուլոցիտոզ, թրոմբոցիտոպենիա, նեյտրոպենիա։
Մաշկային երևույթներ՝ մաշկաբորբ, լորձաթաղանթների և մաշկի գունափոխություն, մազերի թափում։
Այլ՝ եղջերաթաղանթում գունանյութի անջատում։
Դեղաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծահասակների համար 2 գ հետևյալ սխեմայով՝ 1-ին օրը առաջին ընդունման դեպքում 800 մգ, այնուհետ 6-8 ժամ հետո՝ 400 մգ, 2-րդ և 3-րդ օրերին՝ 400 մգ։
Կախված հիվանդությունների ծագումից և տեսակից՝ հնարավոր է օրական դեղաչափը կազմի 400-600 մգ՝ մի քանի ընդունումով, հետագայում դեղաչափը կարող է նվազեցվել։
Երեխաների համար օրական դեղաչափը կազմում է 6,5 մգ/կգ։
Դեղերի հետ փոխազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիգօքսինի հետ միաժամանակյա ընդունման դեպքում նկատվում է վերջինիս խտության ավելացում արյան պլազմայում։
Ամինոգլիկոզիդային հակաբիոտիկները խթանում են հիդրօքսիքլորոքինի արգելակող ազդեցությունը նյարդային ազդակների տարածման վրա։
Հատուկ ցուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զգուշությամբ օգտագործել լյարդի և երիկամների թերֆունկցիայի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, նյարդաբանական խանգարումների, արյունաստեղծման խախտման, փսորիազի, գլյուկոզ-6-ֆոսֆատդեհիդրոգենազի պակասորդի, խինինի նկատմամբ բարձր զգայունության դեպքում։
Բուժման կուրսը սկսելուց առաջ, ինչպես նաև օգտագործման ժամանակ ոչ ուշ,քան 6 ամիսը մեկ պետք է կատարել ակնաբանական ստուգում։
Հիդրօքսիքլորոքինը դեղահաբերի տեսքով ներառված է կյանքի համար կարևորագույն դեղամիջոցների ցանկում։