Հենրիետա Ուարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիետա Ուարդ
Ծնվել էհունիսի 1, 1832(1832-06-01)[1][2][3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհուլիսի 12, 1924(1924-07-12)[4][3] (92 տարեկան)
Մահվան վայրՍլաու, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ժանրպատմական գեղանկարչություն և ժանրային նկարչություն
ԱմուսինEdward Matthew Ward?[5]
 Henrietta Ward Վիքիպահեստում

Հենրիետա Մարի Ադա Ուարդ (հունիսի 1, 1832(1832-06-01)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 12, 1924(1924-07-12)[4][3], Սլաու, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Վիկտորյական դարաշրջանի և 20-րդ դարասկզբի անգլիացի պատմական և ժանրային նկարչուհի[6][7]։

Կյանք և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազնները Թաուերում

Ուարդը ծնվել է մի ընտանիքում, որտեղ մի քանի սերունդ եղել են պրոֆեսիոնալ նկարիչներ[8]։ Նրա հայրական պապը՝ Ջեյմս Ուարդը, կենդանիների նկարիչ էր (անիմալիստ), որն ամուսնության բերումով ազգակցական կապ ուներ նկարիչներ Ջոն Ջեքսոնի ու Ջորջ Մորլանդի հետ։ Նրա ծնողները նաև արվեստագետներ էին. Ջորջ Ռաֆայել Ուարդը առավել հայտնի էր իր տպագրության մեջ, Մերի Ուեբ Ուարդը`իր մանրանկարներով։ (Նրա մոր նկարներից էր «Հենրիետա Ուարդի դիմանկարը իր սիրելի ծովախոզուկի հետ», 1843)։ Լինելով ընտանիքի միակ երեխան՝ փոքրիկ Հենրիետան մեծացել է՝ շրջապատված իր ծնողների ծանոթ նկարիչներով, որոնցից էին՝ Սըր Էդվին Լանդսերը, Ք.Ռ. Լեսլին և եղբայրներ՝ Ջոն Ջեյմս և Ալֆրեդ Էդվարդ Շալոնը։ Նա կերպարվեստ է սովորել Բլումսբերիի արվեստի դպրոցում և Հենրի Սասի հիմնած ակադեմիայում։

1843 թվականին 11 տարեկան Հենրիետան սիրահարվել է 27-ամյա պատմական նկարիչ Էդվարդ Մեթյու Ուարդին (որի հետ ազգակցական կապ չի ունեցել) և 1848 թվականի մայիսին նրանք գաղտնի ամուսնացել են փեսայի ընկեր Ուիլկի Քոլինզի օգնությամբ, այնպես որ նրա օրիորդական և ամուսնական ազգանունները եղել են նույնը։ (Աղբյուրներում հաճախ նրան անվանում են Հենրիետա Մարի Ադա Ուարդ Ուարդ)։ Հենրիետայի մայրը այդպես էլ չի ներել աղջկան և ժառանգությունից զրկել է նրան։

(Ուարդի ամուսնությունը կարող է հիմք հանդիսացած լինել 1852 թվականին Քոլինզի գրած «Բազիլ» վեպի սյուժեի համար։ Իր հերթին Հենրիետան պնդում էր, որ Քոլինզին տվել է «Սպիտակազգեստ կինը» ստեղծագործության գաղափարը)[9]։

Ունեցել է ութ երեխա, որոնցից մեկը` Լեսլի Ուարդը ծաղրանկարիչ էր՝ հայտնի որպես «գաղտնի գործակալ»[10]։ Երեխաներին մեծացնելիս Հենրիետան զբաղվում էր իր սեփական կարիերայով. նա աշխատել է տարբեր ժանրերում, չնայած իր ամուսնու նման հայտնի է դարձել Թոմաս Չաթերթոնի և Էլիզաբեթ Ֆրայի աշխատանքների վերաբերյալ պատմական թեմաներով նկարներով։ Հայտնի է դարձել նաև երեխաների նկարներով՝ այդ նկարների համար որպես մոդելներ իր երեխաներին օգտագործելով։

Կավագործ Փալիսսին

Նրա ամենահայտնի նկարներից մեկը «Կավագործ Փալիսսին» էր,որը 1866 թվականին ցուցադրվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, նկարում պատկերված է այն դեպքը, որի ժամանակ Բեռնար Փալիսսին պատահաբար պայթեցրել է իր տունը՝ փորձեր կատարելով կավագործական տեխնիկայի վրա։ Այս և նմանատիպ գործերը (ինչպիսիք են «Մերի Թագուհին Ստիրլինգ ամրոցը լքելիս», Գեղարվեստի ակադեմիա, 1863, և «Դրվագ Ժաննա դ՛Արկի մանկությունից», Գեղարվեստի ակադեմիա, 1867) նրան դարձրել են իր սերնդի թերևս ամենանշանավոր նկարչուհին[11]։ Նա նկարչության դասեր է տվել Վիկտորյա թագուհու և արքայազն Ալբերտի երեխաներին։

Ե՛վ Հենրիետտա Ուարդը, և՛ նրա ամուսինը կողմնակից էին կանանց ընտրության իրավունքին[12]։ Ուարդերը ճանապարհորդում էին մի գեղարվեստական շրջանակում, որում ընդգրկված էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Չարլզ Դիքենսը և Ջորջ Կրուքշանքը։ Դիքենսը և Կրուքշանկը համարյա ծեծել են միմյանց, երբ վերջինս Դիքենսի կազմակերպած մի խնջույքի ժամանակ թույլ չի տվել Հենրիետա Ուարդին մի բաժակ շերի խմել[13]։

Նա ամուսնու մահից հետո ապրել է ևս քառասունհինգ տարի։ 1879 թվականին ամուսնու մահից հետո այրին ստեղծել է իր սեփական գեղարվեստի դպրոցը՝ընտանիքին աջակցելու համար։ Իր ժամանակակցուհի Լուիզա Ջոպլինգի նման Հենրիետտա Ոաւրդը մասնագիտանում էր երիտասարդ նկարչուհիներին կատարելագործելու հարցում։ Ստացել է նաև 100 ֆունտ թոշակ՝ որպես թագավորական ուսուցչուհի։ Ուարդը 1893 թվականին ցուցադրել է իր աշխատանքները Չիկագոյի Գիտությա և արդյունաբերության թանգարանում ու 1893 թվականի համաշխարհային ցուցահանդեսում[14]։

Ուարդը հրապարակել է ինքնակենսագրական երկու հուշեր՝ 1911 թվականին «Տիկին Ուարդի հիշողությունները» և «Իննսուն տարվա հուշեր», որը հրատարակվել է իր մահվան տարում[15]։ Առաջին գիրքն անվանվել է «Վիկտորիանական դարաշրջանի նկարչուհու կյանքի լավագույն պատմություններից մեկը»[16]։ Այդ գրքում նա նկարագրել է համարյա իդեալական մի ամուսնություն և ամուսնու, որը «միշտ եղել է ամենաբարի ուսուցիչն ու ամենահավատարիմ ընկերը»։

Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չաթերթոն, կամ գաղտնի հաղորդագրություն
  • Արքայազնները Թաուերում (1861, Ռոչդեյլ)
  • 1649 թվականին Լուվրում (1862)[17]
  • Մերի Թագուհին Ստիրլինգ ամրոցը լքելիս (1863)
  • Կավագործ Փալիսսին (1866)
  • Դրվագ Ժաննա դ՛Արկի մանկությունից (1867, անհետ կորած)
  • Խնջույքի գագաթնակետը (1868)
  • Փոքրիկ Բեատրիսը Արբորում[18]
  • Թագուհու տնակը Վինձորում, 1786 (մոտավորապես 1872, Լիվերպուլի Ուոկեր պատկերասրահ)
  • Թոմաս Չաթերթոն, 1765 (մոտավորապես 1873, Բրիստոլի թանգարան և պատկերասրահ)
  • Բանտարկվածը (1891)[19]
  • Խաղաղություն և առատություն (1896)[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/82845
  2. 2,0 2,1 Henrietta Mary Ada Ward (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1907.
  6. Deborah Cherry, Painting Women: Victorian Women Artists, London, Routledge, 1993.
  7. Susan Waller, Women Artists in the Modern Era: A Documentary History, Lanham, MD, Scarecrow Press, 1991.
  8. Lionel Lambourne, Victorian Painting, London, Phaidon Press, 1999; p. 308.
  9. Wilkie Collins, The Woman in White, Edited and with an Introduction and Notes by Matthew Sweet, London, Penguin Classics, 2003; Introduction, p. xxiii.
  10. Leslie Ward, Forty Years of "Spy", London, Bentano's, 1915.
  11. Charlotte Yeldham, Women Artists in Nienteenth-Century France and England, New York, Garland, 1984; p. 127.
  12. Deborah Cherry, Beyond the Frame, London, Routledge, 2000; p. 154.
  13. Jane R. Cohen, Charles Dickens and His Original Illustrators, Columbus, OH, Ohio State University Press, 1980; p. 33.
  14. Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  15. Mrs. E. M. Ward, Memories of Ninety Years, Edited by Isabel G. McAllister, London, Hutchinson, 1924.
  16. Christopher Wood, Victorian Painting, Boston, Little, Brown & Co., 1999; p. 327.
  17. Christie's, London, 6 December 1935, lot 129.
  18. The painting was contributed by the artist to the 'Exhibition for the Benefit of the Distressed Peasantry of France', London in 1871 (no.69) and priced 20 guineas.
  19. Walter F. Morice, his sale, Christie's, London, 12 May 1922, lot 102.
  20. Walter F. Morice, his sale, Christie's, London, 12 May 1922, lot 103.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետա Ուարդ» հոդվածին։