Հարավային Ամերիկայի ներքին ջրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավային Ամերիկայում ջրագրական ցանցը զարգացած է։ Կլիմայական պայմանները և ռելիեֆը նպաստում են մեծ և ջրառատ գետերի առաջացմանը։ Ծայր-արևմուտքով ձգվող Անդեր լեռնաշղթան ջրբաժան է հանդիսանում Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ավազանների միջև։ Այդ պատճառով դեպի Ատլանտյան օվկիանոս հոսող գետերը երկար ու ջրառատ են, իսկ դեպի Խաղաղ օվկիանոս հոսողները՝ կարճ ու սակավաջուր։

Բացառությամբ ծայր հարավում հոսող գետերից, որոց մեջ կան ձնասառցադաշտային սնման, մնացած գետերը հիմնականում ունեն անձրևային սնում։ Հասարակածային գոտում գետերը ջրառատ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ այն գետերը, որոնք հոսում են մերձհասարակածային գոտիներում՝ հորդանում են ամռանը, ծանծաղանում՝ ձմռանը։

Գետերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոն գետի ջրհավաք ավազանը

Հարավային Ամերիկայի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ամենաջրառատ և ամենաերկար գետը Ամազոնն է (6992 մ.), որը ունի 500-ից ավելի վտակներ։ Տեղական բարբառով գետի անվանումը նշանակում է «շառաչող գետ»։ Նա օվկիանոս տանում է այնքան ջուր, որքան Կոնգո, Նեղոս, Միսիսիպի, Յանցզի և Օբ գետերը միասին։ Ստորին հոսանքում նրա լայնությունը 20 կմ.-ից ավել է, իսկ խորությունը՝ մոտ 100 մ.։ Ավազանի մեծությամբ (7,18 մլն. կմ²) աշխարհում կրկին առաջինն է։ Մայրցամաքի մակերեսի 40%-ից ավելին կազմում է Ամազոնի ջրհավաք ավազանը։ Միջին տարեկան ծախսը կազմում 220 հազ. մ³/վրկ., իսկ տարեկան հոսքը՝ 7000 կմ³ է։

Հատկապես ջրառատ են աջափնյա վտակները, որոնք վարարում են հարավային կիսագնդի ամռանը։ Ձախափնյա վտակներն էլ վարարում են հյուսիասային կիսագնդի ամռանը, այդ պատճառով Ամազոնը ջրառատ է ամբողջ տարին։

Լայն ու խորը հունը հնարավորություն է տալիս օվկիանոսի մինչև 5 մ. բարձրության մակընթացային ալիքներին գետի հոսանքով վեր բարձրանալ (մինչև 1400 կմ.)։

Հատկապես գետաբերանում, դանդաղ հոսքը նպաստում է բազմաթիվ մեծ ու փոքր կղզիների, բազուկների ու հնահուների առաջացմանը։

Մյուս նշանավոր գետը Պարանան է, որը սկիզբ է առնում Բրազիլիական բարձրավանդակից և թափվում՝ Լա-Պլատայի ծոցը։ Պարանան ունի անկայուն ռեժիմ, հորդանում է հոկտեմբեր-մարտ ամիսներին։ Պարագվայ խոշոր վտակը ընդունելուց հետո Պարանան դառնում է լայնահուն ու դանդաղահոս։ Ուրուգվայ գետի հետ միասին Պարանան առաջացնում է խոշոր Լա-Պլատա էստուարը։ Լա-Պլատա է կոչվում նաև այս գետերի միացյալ համակարգը, որը ոռոգիչ մեծ նշանակություն ունի։

Խոշոր գետերից է նաև Օրինոկոն, որը սկիզբ է առնում Գվիանական սարահարթից։ Նրա աջափնյա Չուրոն (Չուրուն) վտակի վրա, Դևի սարավանդում գտնվում է աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը՝ 1054 մ. բարձրությամբ։ Օրինոկոն վարարում է ապրիլ-հոկտեմբեր ամսիներին, առաջացնում է խոշոր դելտա։ Գետը ունի ոռոգիչ մեծ նշանակություն։

Մյուս գետերից նշանավոր են Տոկանտինսը, Սան-Ֆրանցիսկուն, Մագդալենան։

Լճերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտիկակա լիճը տիեզերքից

Հարավային Ամերիկայում լճեր քիչ կան։ Աշխարհի խոշոր լճերից ամենաբարձրը Տիտիկական է, որը գտնվում է օվկիանոսից 3812 մ. բարձրության վրա։ Ավելի հարավ գտնվում է աղի Պոոպո լիճը, իսկ ծայր հյուսիսում՝ Մարակայբոն։