Հանքավան-Մարմարիկի տեկտոնական բեկվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանքավան-Մարմարիկի տեկտոնական բեկվածք, երկրակեղևի խոշոր խզվածքային խախտում Հայաստանի Հանքավան-Զանգեզուրի խորքային բեկվածքային զոնայի հյուսիսարևմտյան մասում։ Մերձզուգահեռականի ուղղությամբ ձգվում է Մարմարիկ գետի հովտով մինչև Սպիտակի լեռնանցքը։ Սահման է Ծաղկունյաց կամարածալքի և Սևան-Շիրակի գոգածալքի միջև։ Խզվածքային խախտման երկայնքով իրար են հպվում վերին պրոտերոզոյան փոխակերպային և էոցենի հրաբխածին-նստվածքային ապարները։ Հանքավան-Մարմարիկի տեկտոնական բեկվածքը մեծ մասամբ լցված է գրանիտոիդային ներժայթուքներով։ Բեկվածքի հետ են կապված Հրազդանի երկաթի, Մարմարիկի ավազանի պղինձ-մոլիբդենային, ոսկի-բիսմութի և երկաթի հանքայնացումները։ Ծանրաչափական քարտեզներում բեկվածքին համապատասխանում է կտրուկ արտահայտված ծանրահակ սանդղավանդ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։