Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկազ Հովհաննիսյան (1958[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Ծնվել է 1958 թվականի հունվարի 1-ին Էջմիածնի շրջանի Գայ գյուղում։ 1975 թ. ոսկե մեդալով ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1975–1979 թվականներին ուսանել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1979–1985 թվականներին աշխատել է Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ 1985–1988 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայում։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1989 թվականից որպես դասախոս աշխատանքի է անցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության ֆակուլտետում սկզբում ԽՍՀՄ, ապա՝ Հայոց պատմության ամբիոններում։ 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայագիտությունը Ռուսաստանում XIX դարում» թեմայով։ 2000 թվականից դասախոսում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնում նախ որպես դոցենտ, այնուհետև՝ պրոֆեսոր։ 2006–2008 թվականներին եղել է ԵՊՀ գիտական վարչության հումանիտար գիտությունների բաժնի պետ, գիտա-կազմակերպչական բաժնի վարիչ։ Չորս մենագրությունների և շուրջ 50 գիտական հոդվածների հեղինակ է։ Գիտական հետազոտությունների հիմնական ոլորտը Հայ-ռուսական հարաբերություններն են։
- Հայոց պատմության հիմնահարցերը 19-րդ դարի ռուսական մամուլի հրապարակումներում, Երևան, 1999, 88 էջ։
- Հայագիտությունը Ռուսաստանում (Պատմագիտություն, XIX դար), Երևան, 2004, 504 էջ։
- Ինչպես գրել ավարտական և կուրսային աշխատանք պատմությունից (մեթոդական հանձնարարականներ), Երևան, 2007, 46 էջ։
- Ինչպես գրել գիտական աշխատանք պատմությունից (մեթոդական հանձնարարականներ), Երևան, 2014, 64 էջ։
- Սուրմալու (1828-1921 թթ.), Երևան, 2015, 524 էջ։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.