Հայդ պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայդ պարկի մուտքը

Հայդ պարկ (անգլ.՝ Hyde Park) Լոնդոնի կենտրոնում գտնվող թագավորական պուրակ։ Մակերեսը կազմում է 1.4 կմ²: Արևմուտքից հարում է Քենսիգտոնյան այգիներին։ Ավանդաբար Հայդ պարկում են կազմակերպվում քաղաքական ցույցեր, մեծ, համազգային տոնախմբություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս մինչև նորմանդական նվաճումը պուրակը պատկանում էր Վեստմինստերյան աբբայությանը: Անունը առաջացել է մակերեսի չափման հին միավորից (անգլ.՝ hide)։ Վանքերի լուծարումից հետո Հենրի VIII-ը պուրակի տարածքն օգտագործում է որսորդական նպատակով[1]: Հանրության համար այն բացվել է Հակոբ Ա-ի օրոք, իսկ Չարլզ II Ստյուարտի օրոք պուրակը լոնդոնցիների հանգստի սիրելի վայրն էր։

Պուրակի գլխավոր տեսարժան վայրը Սերպենտայն լիճն է, որում թույլատրված է լողալը, ինչպես նաև համանուն պատկերասրահը։ Հայդ պարկի հարավ-արևելքում գտնվում է Էպսլի հաուսը (անգլ.՝ Apsley House), որում գործում է հերցոգ Վելինգտոնի թանգարանը (The Wellington Museum)։Այստեղ է գտնվում նաև Վելինգտոնի կամարը: Այս օբյեկտները հիշեցնում են, որ 1815 թվականին Հայդ պարկում է անցկացվել պատմական շքերթը, որը նվիրված է եղել Նապոլեոնի նկատմամբ Վելինգտոնի տարած հաղթանակին։ 1822 թվականին հերցոգի պատվին պուրակում կանգնեցվել է Աքիլլեսի արձանը. սա, լինելով Բրիտանիայի մայրաքաղաքում մերկ կերպար պատկերող առաջին քանդակը, առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը[1][2]:

Բյուրեղյա պալատ

Վիկտորիա թագուհին Հայդ պարկը ընտրեց պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային ցուցահանդես կազմակերպելու համար (1851), որի համար պուրակում կառուցեցին «աշխարհի ութերորդ հրաշալիքը»` բյուրեղյա պալատը (չի պահպանվել): 1889 թվականին Հայդ պարկում նկարահանվել է կարճամետրաժ համր ֆիլմ:

2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերի շրջանակներում Հայդ պարկում են անցկացվել եռամարտի, ինչպես նաև բաց ջրում 10կմ լողի մրցումներ: 2012 թվականի հուլիսի 17-ին պուրակում ելույթ է ունեցել Մադոննան: Համերգին ներկա է եղել մոտ 55.000 հանդիսատես: 2013 թվականի հուլիսի 6-ին և 13-ին պուրակում հանդես է եկել The Rolling Stones խումբը:

Հռետորների անկյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի տարածքից դուրս Հայդ պարկը նախևառաջ հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում «հռետորների անկյունը» (անգլ.՝ Speakers' Corner), որտեղ ավանդաբար իրենց խոսքի հմտությունն են ցույց տալիս տարբեր հռետորներ ու քարոզիչներ։ Այդ պատճառով Հայդ պարկը դարձել է ազատ մտքի և խոսքի ազատության խորհրդանիշ։ Վերակառուցման շրջանում ԽՍՀՄ տարբեր քաղաքներում քաղաքական տարբեր ուժերի և քարոզիչների հավաքատեղիները սկսեցին կոչել «հայդ պարկեր»:

Serpentine Lake.jpg
Hyde Park from the air.jpg
Rotten Row - Hyde Park.jpg
Սերպենտայն լիճ Հայդ պարկը թռչնի թռիչքի բարձրությունից Ռոտեն-Ռոու զբոսուղի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The Acquisition of the Estate | British History Online»։ www.british-history.ac.uk։ Վերցված է 2015-11-06 
  2. Русский репортёр. 2010. №23. С.88

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]