Հայաստանի բնապահպանական օրենսդրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնապահպանական օրենսդրություն, բնապահպանության և բնօգտագործման ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները սահմանող ազգային և միջազգային իրավական ակտերի ամբողջությունը։ Ազգային իրավական ակտերն են տվյալ երկրի օրենքներն ու օրենսգրքերը և կառավարության ենթաօրենսդրական ու գերատեսչական իրավական ակտերը։ Միջազգագային իրավական ակտերից են տվյալ երկրի խորհրդարանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, համաձայնագիրը, հուշագրերը և այլն։

Իրավական օրենքներ ու ակտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը։ Հայաստանում գործում են բնապահպանության ոլորտին վերաբերող հետևյալ իրավական ակտերը, օրենքներն ու օրենսգրքերը.

  1. «Բնության պահպանության մասին» Հայաստանի օրենսդրության հիմունքները (1991) սահմանում են բնապահպանության բնագավառում Հայաստանի պետական քաղաքականության սկզբունքները,
  2. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի օրենք (1991),
  3. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի օրենք (1994),
  4. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի օրենք (1995),
  5. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի օրենք (1998),
  6. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի օրենք (1999),
  7. «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի օրենք (2000),
  8. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի օրենք (2000),
  9. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի օրենք (2000),
  10. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու մասին» Հայաստանի օրենք (2000),
  11. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի օրենք (2001),
  12. «Սևանա լճի մասին» Հայաստանի օրենք (2001),
  13. «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգիրք» (2001),
  14. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի օրենք (2002),
  15. «Հայաստանի Ջրային օրենսգիրք (2002),
  16. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի օրենք (2002),
  17. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» (2002),
  18. «Թափոնների մասին» Հայաստանի օրենք (2004),
  19. «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրք» (2005),
  20. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի օրենք (2005)

Այլ օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում են նաև Հայաստանի օրենքներ, որոնք նախատեսում են բնապահպանական և բնօգտագործման հարաբերությունները կարգավորող առանձին դրույթներ, մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որով սահմանվում է համայնքի ղեկավարի իրավասությունը շրջակա միջավայրի և բնության պահպանության գործում, «Դեղերի մասին» օրենքը, որը կարգավորում է ոչ պիտանի դեղերի ոչնչացման դեպքում շրջակա միջավայրի պահպանության հետ կապված հարցերը, «Էներգետիկայի մասին», «Քաղաքաշինության մասին», «Բյուջետային համակարգի մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Ագրարային պետական տեսչությունների մասին» օրենքները։ Շրջակա միջավայրի պահպանության Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների և չափորոշիչների խախտումների համար պատժամիջոցների կիրառումը կարգավորվում է ՀՀ Քաղաքացիական, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերի առանձին հոդվածներով։

Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ իրավահարաբերությունները կարգավորվում են սեփականության իրավունք ձեռք բերելու վերաբերյալ 11-րդ գլխի, հողի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների վերաբերյալ 13-րդ գլխի պարտավորությունները և դրանց կարգավորման վերաբերյալ 26-րդ գլխի և պատճառած վնասի համար պատասխանատվության և վնասի հատուցման վերաբերյալ 60-րդ գլխի բազմաթիվ հոդվածներով։ Հայաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ավելի քան 40 հոդվածներով կարգավորվում են բնապահպանության և բնօգտագործման բնագավառի օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման խախտումների համար պատժամիջոցների կիրառման մեխանիզմները։ ՀՀ Քրեական օրենսգրքի 6-րդ՝ տնտեսական հանցագործություններ գլխի՝ համապատասխան հոդվածներով պատժամիջոցներ են սահմանվում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ տարվող պայքարի կանոնների խախտման, ապօրինի ձկան և այլ որսով զբաղվելու կամ դրանց կանոնների խախտման, ապօրինի անտառհատման, տնկարկների փչացման, ընդերքը շահագործելու կանոնների խախտման, վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառության դեպքերի համար։ Բնապահպանության և բնօգտագործման ոլորտի ենթաօրենսդրական ակտերը սահմանվում Են հիմնականում Հայաստանի Կառավարության որոշումներով։ Սկսած 1991 թվականի սեպտեմբերից՝ ընդունվել է մոտ 300 որոշում, կարգավորում են անտառների, հողերի, ջրերի, մթնոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսապաշարների, ընդերքի պահպանության բնագավառում առաջացող հարաբերությունները։ Հայաստանի բնապահպանական օրենսդրության կարևոր մասն են կազմում գերատեսչական նորմատիվ ակտերը։ Հայաստանի կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշման ընդունումից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունն ընդունել է արդյունագործական ձկնորսության, բնապահպանության և բնօգտագործման վճարների, հատուկ ջրօգտագործման, ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված հրահանգներ և կարգեր։

Շրջակա միջավայրի պահպանությունն ապահովող օրենսդրությունը Հայաստանում զարգանում է բնական պաշարների օգտագործման և բնության պահպանության ոլորտների օրենսդրությունների կատարելագործման ուղղությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։