Համացանցի սոցիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համացանցի սոցիոլոգիա, սոցոլոգիայի զարգացման ուղղություն, որի ուսումնասիրության օբյեկտը հասարակության մեջ առկա տեղեկատվական միջավայրի վերլուծությունն է, իսկ ուսումնասիրության առարկան՝ համացանցի լսարանը և տեղեկատվության փոխանակման ժամանակ մարդկանց միջև սոցիալ-մշակութային փոխազդեցության ձևերը։

Համացանցի սոցիոլոգիան ենթադրում է սոցիոլոգիական տեսության և մեթոդաբանության կիրառում համացանցում՝ որպես ժամանակակից աշխարհում տեղեկատվության և հաղորդակցության հիմնական աղբյուրներից մեկը։ Սոցիոլոգներն ուսումնասիրում են տեխնոլոգիաների սոցիալական նշանակությունն ու ազդեցությունը՝ սոցիալական ցանցեր, վիրտուալ համայնքներ և մարդկանց միջև փոխգործակցության նոր եղանակներ, որոնք առաջանում են համացանցի զարգացման արդյունքում։

Լինելով տեղեկատվության ոլորտում հիմնական տեխնոլոգիական հայտնագործություններից վերջինը՝ համացանցը մեծ հետաքրքություն է ներկայացնում սոցիոլոգների համար՝ որպես հետազոտական գործիք (օգտագործելով առցանց հարցումներ՝ թղթային հարցաթերթիկների փոխարեն), որպես քննարկման և գիտելիքների փոխանակման հարթակ, և որպես թեմա, որը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն։

Համացանցի սոցիոլոգիան զբաղվում է առցանց համայնքների, վիրտուալ համայնքների և վիրտուալ խաղերի ուսումնասիրությամբ, նորագույն լրատվամիջոցներում կազմակերպչական փոփոխություններով, որոնցից գլխավորը համարվում է համացանցը, ինչպես նաև սոցիալական փոփոխություններով՝ կապված արդյունաբերական հասարակությունից հետինդուստրիալ (կամ տեղեկատվական) հասարակությանն անցնելու հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցը ստեղծվել է 1969 թվականին (եթե հաշվարկման սկիզբը համարենք ARPANET-ի, այնուհետև NSFNet-ի ստեղծումը), և մինչև 1990 թվականների կեսերն այն օգտագործում էին գիտական շրջանակներում, հիմնականում ԱՄՆ-ում։ Համացանցի արագ աճը տեղի ունեցավ հիպերտեքստի վրա հիմնված Համաշխարհային ցանցի (WWW) ստեղծումից (1990) և առաջին գրաֆիկական բրաուզերների հայտնվելուց հետո՝ Mosaic (1993) և Netscape Navigator (1994)[1][2][3]։ Այս երկու տեխնոլոգիաների համադրությունը (հիպերտեքստը գրաֆիկա ներկայացնելու հնարավորությամբ) համացանցը գրավիչ դարձրեց բիզնեսի և գովազդի համար, ինչը հանգեցրեց դրա գերարագ աճին[4][5]։

1990-ականների կեսերից սովորական օգտատերերի շրջանում ինտերնետի ժողովրդականության կտրուկ թռիչք է նկատվել. այդ պահից ի վեր նրանց թիվը կայուն աճում է, ինչը հանգեցնում է ամենօրյա օգտագործման տարբեր ծառայությունների աճող թվի, որոնք այսօր մեծ հետաքրքրություն են ներկայացնում համացանցի սոցիոլոգիայի համար։ Internet Explorer-ն առաջին անգամ թողարկվել է 1995 թվականին։ Google-ը հիմնադրվել է 1998 թվականին[1]։ 2001 թվականին ստեղծվել է Վիքիպեդիան։ Facebook-ը, MySpace-ը և YouTube-ը ստեղծվել են 2000-ականների կեսերին։ Այսօր Web 2.0-ը շարունակում է արագ զարգանալ, անընդհատ աճում են նաև համացանցում հասանելի տեղեկատվության քանակը, համացանցին միացած օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում[2]։ Թվային սոցիոլոգիա տերմինն այժմ ավելի հաճախ է օգտագործվում թվային տեխնոլոգիաների վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտությունների նոր ոլորտներ սահմանելու համար, որոնք զարգանում են համացանցին զուգահեռ։

Հիմնական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցի սոցիոլոգիան զբաղվում է մեր ժամանակի արդիական խնդիրների լայն շրջանակի վերլուծությամբ։

Անձնային մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խնդիրը լայն տարածում է գտել համացանցի զարգացման հետ մեկտեղ, քանի որ այսօր լուրջ վերլուծական կամ գեղարվեստական նյութերի թողարկումով զբաղվող համացանցային լրատվամիջոցները կարող են ավելի փոքր լսարան ունենալ, քան բլոգերները, որոնք զբաղվում են բլոգներ նկարահանելով, գեղեցկության բլոգերով կամ համացանցային բամբասանքների քննարկմամբ։

Սրա հետ կապված՝ առաջանում են տարաբնույթ հարցեր՝ ում համար է առաջին հերթին նախատեսված համացանցը՝ քաղաքացիների, թե սպառողների, արդյոք համացանցը մեծացնում է հասարակության համար կենսական նշանակություն ունեցող տեղեկատվության հասանելիությունը և հասարակական կյանքում ակտիվ մասնակցության հնարավորությունները, թե այն պարզապես գովազդի, մարքեթինգի և քաղաքական կողմնակալ լրատվամիջոցների նոր ալիք է[6][7]։

Խմբային մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային մակարդակում առաջացող մեկ այլ խնդիր է համացանցի ազդեցությունն ընտանիքի և սերունդների կապի վրա։ Գոյություն ունեն տարբեր տեսակետեր։ Ոմանք կարծում են, որ համացանցի համատեղ օգտագործումը մտերմացնում է ընտանիքի անդամներին, տեղի է ունենում նոր տեխնոլոգիաների յուրացման փորձի արագ փոխանակում, վերածնվում է ընտանեկան նամակագրության պրակտիկան։ Կան նաև հակառակ տեսակետի կողմնակիցներ, ըստ որոնց՝ համացանցի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է երիտասարդ սերունդների օտարմանը, սրում հարաբերությունները ընտանիքում[8]։

Հասարակական մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդիրների հասարակական մակարդակն առավելապես դրսևորվում է գլոբալացման գործընթացի հակասության մեջ, որին մասնակցում է նաև համացանցը, և ազգային համախմբվածության, համազգային նույնականացման անհրաժեշտության միջև։ Ինտերնետը անդրսահմանային է, այն իրար մոտ չգտնվող մարդկանց ներառում է որոշակի համայնքներում։ Միևնույն ժամանակ, վերջին շրջանում գլոբալացման գործընթացը հաճախ հանգեցնում է մի շարք դժվարությունների։ Ամբողջ աշխարհում նկատելի է ազգամիջյան և միջկրոնական հողի վրա հակամարտությունների աճը, մի շարք երկրներում ազգայնական գաղափարախոսությամբ ծայրահեղ քաղաքական կուսակցությունները գնալով ավելի տարածված են դառնում, ինտեգրացիոն գործընթացը դանդաղում է[9], և երկրների միջև սահմանները դառնում են ավելի «կոշտ»։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ բանավեճեր կան այն մասին, թե արդյոք համացանցի օգտագործումը հանգեցնում է սոցիալական կապերի ամրապնդմանը կամ թուլացմանը[10][11], համացանցի ազդեցությունը սոցիալական կապիտալի վրա, ինչպես նաև համացանցի դերը սոցիալական մեկուսացման հետ կապված ընթացիկ միտումներում[12]։ Բացի այդ, չկա միանշանակ տեսակետ, թե արդյոք համացանցի օգտագործումը հանգեցնում է սոցիալական միջավայրի հարստացման, թե աղքատացման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Robert Darnton The Library in the New Age.
  2. 2,0 2,1 Paul DiMaggio, Eszter Hargittai, W. Russell Neuman, and John P. Robinson Social Implications of the Internet.
  3. Robert Darnton, The Library in the New Age, The New York Review of Books, Volume 55, Number 10. June 12, 2008. Retrieved on 22 December 2009.
  4. Чугунов А.В. Социология Интернета: методика и практика исследований интернет-аудитории. Учебное пособие..
  5. Paul DiMaggio, Eszter Hargittai, W. Russell Neuman, and John P. Robinson, Social Implications of the Internet, Annual Review of Sociology, Vol. 27: 307-336 (Volume publication date August 2001), doi:10.1146/annurev.soc.27.1.307 [1] Արխիվացված 2020-05-11 Wayback Machine
  6. Lee Rainie, John Horrigan, Barry Wellman, and Jeffrey Boase. (2006)"The Strength of Internet Ties" Pew Internet and American Life Project. Washington, D.C.
  7. Ellison, N. B., Steinfield, C., & Lampe, C. (2007). The benefits of Facebook "friends:" Social capital and college students' use of online social network sites. Journal of Computer-Mediated Communication, 12(4).
  8. «Social Isolation and New Technology». 2009 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
  9. Василий Колташов Кризис европейской интеграции.
  10. Lee Rainie, John Horrigan, Barry Wellman, and Jeffrey Boase The Strength of Internet Ties.
  11. Ellison, N. B., Steinfield, C., & Lampe, C. The benefits of Facebook "friends:".
  12. Keith Hampton, Lauren Session Goulet, Eun Ja Her, Lee Rainie Social Isolation and New Technology.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Касьянов В. В., Нечипуренко В. Н. Социология Интернета. Учебник. [2]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]