Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համախարբերդցիական Միություն , խարբերդցի հայերի հայրենակցական միություն։ Հիմնվել է 1926 -ին՝ դեռևս 1880-ական թթ. Բոստոնում (ԱՄՆ ) գործող Խարբերդի , Հյուսեյնիկի , Քեսիրիկի , Բազմաշենի և այլ կրթասիրաց և ուսումնասիրաց ընկերությունների, «Եփրատ» սանուց միության միավորումով։ Նպատակն էր Հայաստանում հիմնել Նոր Խարբերդ ավան։ 1928 -ի մարտի 21 -ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ 1091 հա հողատարածություն է հատկացվել այդ ավանի կառուցման համար, ուր բնակություն են հաստատել (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզում ) Հունաստանից (1932 ), Ֆրանսիայից (1936 ), Սիրիայից , Լիբանանից , Ռումինիայից , Բուլղարիայից ներգաղթած խարբերդցիներ։ Համախարբերդցիական Միության կենտրոնը Բոստոնում է, մասնաճյուղեր ունի ԱՄՆ -ի, Արգենտինայի , Ֆրանսիայի , Հունաստանի , Սիրիայի , Լիբանանի քաղաքներում, սերտ կապերի մեջ է Նոր Խարբերդի հետ։ Միությունը հրատարակել է «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը» (1959, կազմել է Վահե Հայկը) պատմական, մշակութային և ազգագրական հուշամատյանը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից , որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։