Հայաստանի անկախության հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի անկախության հռչակագիր

Հայաստանի անկախության հռչակագիր, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը[1][2][3]։

Aquote1.png 1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար[1]։

Aquote2.png


Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը սկսվում է հետևյալ պարբերությամբ՝

Aquote1.png Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանաի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները … ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը[4]: Aquote2.png


Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։

Հռչակագրի 11–րդ կետով Հայաստանի Հանրապետությունը անվերապահորեն պարտավորվում է հետևյալը՝

Aquote1.png Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին[1]: Aquote2.png


Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության խորհրդանիշն էր։ Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, ունենար իր դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում։

Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները։ Հայաստանը պետք է ունենար սեփական դրամական համակարգ։

Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի՝ իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։

Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։

Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

Հայաստանի սահմանդրության նախաբանի դրույթները, ինչպես նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրի պահանջներն ունեն իմպերատիվ (պարտադիր, անսակարկելի) բնույթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]