Կրծքի օդահավաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրծքի օդահավաք
Pneumothorax CT.jpg
Ենթադաս հիվանդություն[1] և Q18968025?[1]
ՀՄԴ-9 512.8[1]
ՀՄԴ-10 J93, P25.1 և S27.0
OMIM 173600
Հիվանդությունների բազա 10195
MedlinePlus 000087
eMedicine 424547, 360796, 808162, 827551 և 1003552
MeSHID D011030[1]
Disease Ontology DOID:1673[1]
Pneumothorax Վիքիպահեստում

Կրծքի օդահավաք, պնևմոթորաքս (հունարեն՝ πνεύμα-շունչ, օդ և Φώραξ-կուրծք), հիվանդագին վիճակ, որը բնորոշվում է թոքամզի առպատային և ընդերային թերթիկների միջև օդի կամ գազի կուտակումով։ Ներթափանցած օդը իրարից հեռացնում է թոքամզի թերթիկները, որի հետևանքով միջթոքամզային ճեղքը վերածվում է խոռոչի։ Մթնոլորտային օդը կարող է միջթոքամզային ճեղքի մեջ թափանցել կրծքավանդակի պատի ամբողջականության խախտվելու կամ օդ պարունակող որևէ օրգանի (թոք, կերակրափող, ստամոքս, աղիքներ) վնասվելու հետևանքով։ Տարբերում են լրիվ և մասնակի, միակողմանի և երկկողմանի, ըստ ծագման՝ վնասվածքային, վիրաբուժական, ինքնաբեր և արհեստական կրծքի օդահավաք։ Վնասվածքային կրծքի օդահավաքը առաջանում է կրծքավանդակի բաց կամ փակ վնասվածքների (կրծքի վիրավորումներ, կողերի կոտրվածքներ, թոքի պատռվածք) հետևանքով։ Բաց կրծքի օդահավաքի դեպքում թոքամզի խոռոչը մշտապես հաղորդակցվում է շրջապատող մթնոլորտի հետ։ Վիրաբուժական կրծքի օդահավաքը առաջանում է կրծքի խոռոչի վիրահատությունների ժամանակ։ Ինքնաբեր (սպոնտան) կրծքի օդահավաքը լինում է թոքի հյուսվածքի ամբողջականության հանկարծակի խախտման հետևանքով (թոքերի տուբերկուլոզի, գանգրենայի, էմֆիզեմայի և թոքի բնածին կիստայի պատռվելու դեպքում)։ Երբեմն թոքի պատռվածքի տեղը ծածկվում է թոքի հյուսվածքի լաթով, որը հնարավորություն է տալիս օդի անցնելուն դեպի թոքամզի խոռոչ և արգելում ետհոսքը (փականային կրծքի օդահավաք) և ուղեկցվում է թոքի անկումով, սրտի տեղաշարժով, արյան շրջանառության խանգարմամբ։ Կրծքի օդահավաքի հիմնական ախտանշաններն են՝ հևոցը և կրծքավանդակի ցավերը։ Ախտահարված կողմում շնչառությունը թուլանում է կամ վերանում։ Կրծքավանդակի, պարանոցի կամ միջնորմի ենթամաշկային բջջանքում կարող է կուտակվել օդ։ Կրծքի օդահավաքի բարդությունները, թոքամզաբորբ և կրծքի արյունաօդահավաք (հեմոպնևմոթորաքս), որն առաջանում է թոքամզի խոռոչում միաժամանակ արյուն կուտակվելիս։ Առաջին օգնությունը բաց կրծքի օդահավաքի դեպքում՝ վերքի բացվածքը փակելու նպատակով անհրաժեշտ է անհապաղ դնել վիրակապ, փականային կրծքի օդահավաքի դեպքում՝ թոքի անկումը և սրտի տեղաշարժը կանխելու համար՝ թոքամզի խոռոչից օդի հեռացում։ Արհեստական կրծքի օդահավաքը բուժիչ նպատակով օդի ներմուծումն է թոքամզի խոռոչ, որն առաջացնում է թոքի անկում։ Առաջարկել է իտալացի բժիշկ Կ. Ֆորլանինին, 1882թվականին, և կիրառվում է թոքի կավերնոզ տուբերկուլոզի դեպքում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 (untranslated title) Ստուգված է օգոստոսի 18-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png