Կրասնոդարի բալետի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրասնոդարի բալետի թատրոն
Տեսակբալետի ընկերություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԿրասնոդար
Հիմնադրման ամսաթիվապրիլի 17, 1992

Կրասնոդարի բալետի թատրոն (ռուս.՝ Краснодарский театр балета), Յուրի Գրիգորովիչի բալետի թատրոն[1], բալետի առաջին թատրոնը Կրասնոդարում, որը 1996 թվականից ղեկավարում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ակադեմիկոս Յուրի Գրիգորովիչը։

Մտնում է Լեոնարդ Գատովի անվան «Պրեմիերա» ստեղծագործական միավորման կազմի մեջ[2]։ 2002 թվականից գործում է Կրասնոդարի երաժշտական թատրոնի բեմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոդարը երբեք չի ունեցել սեփական բալետը։ Սակայն 1991 թվականի օգոստոսի 15-ին քաղաքի վարչակազմի օժանդակությամբ ձևավորվող խմբի համար որպես գեղարվեստական ղեկավար է հրավիրվել Վ. Պակը։ Նա ինքն անձամբ է հավաքել թատերախումբը։ 1992 թվականի ապրիլի 17-ին կայացել է համերգ-շնորհանդեսը։ Թատրոնի առաջին ծրագրի մեջ են մտել հատվածներ Լյուդվիգ Մինկուսի «Պաքիտա», Ց. Պունիի Էսմերալդա, Պ. Գերտելի «Զուր զգուշավորություն», Ֆիքրեթ Ամիրովի «Հազար ու մի գիշեր», Պյոտր Չայկովսկու Քնած գեղեցկուհի, Պ. Օլդենբուրսկու «Ծովահեն» բալետներից, ինչպես նաև` տարբեր խորեոգրաֆիկ մանրապատումներ։

1996 թվականի հոկտեմբերին Լ. Գատովի հրավերով առաջին անգամ Կրասնոդար է եկել բալետմաստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ակադեմիկոս Յուրի Գրիգորովիչը։ Նա համաձայնել է լինել Կուբանյան առաջին բալետի փառատոնի գեղարվեստական ղեկավարը, որն անց է կացվել 1996 թվականի հոկտեմբերի 18-22-ը` «Դ. Շոստակովիչը և համաշխարհային երաժշտական մշակույթը» միջազգային փառատոնի շրջանակներում։ Բալետի փառատոնին հրավիրվել է հայտնի խմբավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Լավրենյուկը։ Չորս ամիս անց, 1997 թվականի հունվարի 4-ին, բեմադրվել է Պ. Չայկովսկու «Կարապի լիճը»` ըստ Յու. Գրիգորովիչի։ Կրասնոդարում «Կարապի լճի» պրեմիերայից հետո խորեոգրաֆը հայտարարել է, որ պատրաստվում է այդտեղ բեմադրել այն բոլոր 18 ներկայացումները, որոնք ինքը ժամանակին բեմադրել է Մեծ թատրոնում, ինչպես նաև` հայտարարել է Կրասնոդարի բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար դառնալու մտադրության մասին։

1999 թվականի սեպտեմբերին անցկացվել են Դոն Կիխոտ բալետի երեք պրեմիերային բեմադրություններ` Մինկուսի երաժշտությամբ։ Դրանից հետո Գրիգորովիչը որոշել է կրասնոդարյան թատրոնում բեմադրել իր ամենաբարդ բալետներից մեկը` Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետը։

Ներկայումս Կրասնոդարի բալետի թատրոնի բեմում են խորեոգրաֆի բոլոր բալետային ներկայացումները. «Կարապի լիճը», Մարդուկ-Ջարդուկը, Ռայմոնդան, «Սպարտակը», Ռոմեո և Ջուլիետը, «Ոսկե դարը», «Զուր զգուշավորություն», Բայադերկա, «Քարե ծաղիկը», «Ծովահենը», «Դոն Կիխոտ», «Լեգենդ սիրո մասին», «Իվան Ահեղ», «Ժիզել», «Քնած գեղեցկուհին» բալետները։ 2009 թվականին Փարիզում Դյագիլևյան շրջանի 100-ամյակի առթիվ Յուրի Գրիգորովիչի բալետի թատրոնը պրեմիերայի է պատրաստել «Ռուսական բալետի գլուխգործոցները»։ 2010 թվականին թատրոնի խաղացանկում հայտնվել է մանկանան «Չիպոլինո» ներկայացումը` Հենրիխ Մայորովի բեմադրությամբ։ 2013 թվականին կայացել է թատրոնի խաղացանկում 19-րդ բալետի` Կոպելիայի բեմադրությունը, որի բեմադրիչը Յուրի Գրիգորովիչն է։ Բալետի առաջին հանդիսատեսը եղել է Կրասնոդարի երկրամասի երաժշտական և խորեոգրաֆիկ ուսումնական հաստատությունների սաները։

Թատրոնի աշխատակազմն այսօր 100 մարդուց ավելի է։ Խումբը հյուրախաղեր է ունեցել Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Նորվեգիայում, Ճապոնիայում, Կորեայում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և Հունաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Министерство культуры Краснодарского края. «Театр балета Юрия Григоровича». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  2. Краснодарское творческое объединение "Премьера" им.Л.Г.Гатова. «Театр балета Юрия Григоровича». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]