Ռոմեո և Ջուլիետ (Պրոկոֆև)
«Ռոմեո և Ջուլիետ», բալետ՝ երեք արարով և ինը գործողությամբ։ Հեղինակ՝ ռուս կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆև։ Լիբրետոն հեղինակել են Լեոնիդ Լավրովսկին, Ադրիան Պիոտրովսկին, Սերգեյ Ռադլովը և Սերգեյ Պրոկոֆևը՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգության։ Բալետի կրճատված տարբերակի պրեմիերան կայացել է 1938 թվականին Չեխիայի (այն ժամանակ՝ Չեխոսլովակիայի) Բռնո քաղաքում։ Իսկ ամբողջությամբ բալետը բեմադրվել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադ) Մարիինյան թատրոնում 1940 թվականին։ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ը 20-րդ դարում ստեղծված ամենահայտնի բալետներից մեկն է։ Դեռ պրեմիերայից առաջ՝ 1936 թվականին Պրոկոֆևը բալետի երաժշտության հիման վրա գրեց երկու սուիտ՝ նվագախմբի համար, որոնց, 1946 թվականին, ավելացրեց երրորդը։ Այս նվագախմբային սուիտները, որոնք հայտնի են նույն՝ «Ռոմեո և Ջուլիետ» անունով, դասվում են կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունների շարքին։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համագործակցելով ռեժիսոր Սերգեյ Ռադլովի և դրամատուրգ Ադրիան Պիոտրովսկու հետ, Պրոկոֆևը ստեղծեց բալետի դրամատիկական հիմքը, որի համար երաժշտություն գրեց 1935 թվականին։ Նրանք գրեցին սցենարը՝ չորս գործողությամբ, և այն ուներ երջանիկ ավարտ, որը խստորեն տարբերվում էր շեքսպիրյան հայտնի ողբերգությունից։ Բալետի այս տարբերակը, սակայն, այդպես էլ չբեմադրվեց։ 1936 թվականի սկզբներին «Պրավդա» թերթը քննադատեց Դմիտրի Շոստակովիչի երկու ստեղծագործություն՝ «Խառնաշփոթություն՝ երաժշտության փոխարեն» և «Բալետային կեղծիք» հոդվածներում։ Դրանք վախեցրին կոմպոզիտորներին և Խորհրդային միության ստալինյան ժամանակներում մեծ փոփոխություն մտցրին ստեղծագործական ասպարեզում։ Պրոկոֆևն ու համահեղինակները փոխեցին սցենարը՝ ներմուծելով ավանդական ողբերգական ավարտ։
Պրեմիերան կայացավ միայն մի քանի տարի անց։ Մարիինյան թատրոնի (այն ժամանակ՝ Կիրովյան) հետ կնքած նախնական պայմանավորվածությունը խզվեց, և պատվերը փոխանցվեց Մեծ թատրոնին, որը նույնպես համաձայնությունը չեղյալ հայտարարեց 1936 թվականի քարոզչությունից հետո։ Ի վերջո պրեմիերան կայացավ Ռուսաստանից դուրս՝ Չեխոսլովակիայի Բռնո քաղաքում 1938 թվականի դեկտեմբերին՝ առանց կոմպոզիտորի ներկայության։ Բալետմաստեր Լեոնիդ Լավրովսկին Խորհրդային միությունում բեմադրեց բալետը 1940 թվականին միայն այն բանից հետո, երբ Բռնոյում կայացած պրեմիերան հսկայական հաջողություն ունեցավ։ Եվ դա էլ, չնայած Պրոկոֆևի առարկություններին, Լավրովսկին կատարեց պարտիտուրի զգալի փոփոխությամբ։ Ներկայացումն արժանացավ Ստալինյան մրցանակի։
Բալետի լավրովսկյան խմբագրությունը բեմադրվեց Մոսկվայում 1946 թվականին Մեծ թատրոնում։ 1955 թվականին Մոսֆիլմը նկարահանեց բալետի կինոտարբերակը՝ կրճատումներով։ Իսկ ուրիշ բալետմաստերներ, ինչպես օրինակ բրիտանացիներ Ջոն Կրենկոն՝ 1962 թվականին, Քեննետ Մաքմիլանը՝ 1965-ին և խորհրդային, ռուսական և անգլիական բալետի արտիստ և բալետմաստեր Ռուդոլֆ Նուրիևը` 1972-ին ստեղծեցին բալետի նոր բեմադրություններ։
Բեմադրության պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականի աշնանը Մարիինյան թատրոնի տնօրինությունը Լեոնիդ Լավրովսկուն առաջարկեց ծանոթանալ «Ռոմեո և Ջուլիետ» բալետի արդեն ավարտված կլավիրային տարբերակին (ստեղծագործության մեղեդին՝ փոխադրված դաշնամուրի համար)։ Բալետմաստերը պատմում էր, որ նա այդ առաջարկն ընդունեց մեծ հուզմունքով՝ մեջբերելով Վիկտոր Հյուգոյի խոսքերը՝ Շեքսպիրի մասին. «Շեքսպիրը միաժամանակ կյանքն է և մահը, սառնամանիքը և տապը, հրեշտակը և սատանան, երկիրը և երկինքը, մեղեդին և հարմոնիան, հոգին և մարմինը, մեծությունը և փոքրությունը... բայց միշտ` ճշմարտությունը»։ Պատրաստվելով բալետի բեմադրությանը, Լավրովսկին ուսումնասիրում է իտալական վաղ վերածննդի շրջանի վարպետների աշխատանքները, որոնք պահպանվում էին Էրմիտաժում։ Ապա, կարդալով միջնադարյան վեպեր, նա գտնում է դարաշրջանի պարարվեստի մասին անհրաժեշտ նյութեր, որի շնորհիվ էլ ծնվում է հանրահայտ «Բարձերով պարը» կամ «Ասպետների պարը»։ 1956 թվականին կարդացած դասախոսության ժամանակ Լավրովսկին ասել է. «Ռոմեոյի և Ջուլիետի վերջին հանդիպման ժամանակ ծագում է արևը, երգում է արտույտը՝ հիշեցնելով նոր սկսվող օրվա և միաժամանակ՝ սիրահարների անջատման մասին։ Բայց Պրոկոֆևի երաժշտության մեջ չկա ոչ մի ակնարկ՝ բացվող առավոտվա, մեղմորեն սկսվող օրվա մասին։ Նվագախմբում հնչում են կոնտրաբասը, կլարնետը և ֆագոտը, որոնք ամենևին չեն արտահայտում արտույտի երգը։ Այդ տեսարանում փորձը հաջողվեց միայն այն ժամանակ, երբ բեմ բարձրացած արտիստներն իրավիճակը տեսան Պրոկոֆևի աչքերով։ Նրանք հասկացան, որ կարևորը ոչ թե առավոտն է կամ երգող արտույտը, այլ տագնապը, դառնությունը, սերը և անջատման ցավը»։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախերգանք Լուսաբաց։ Վերոնա։ Հեռվից երևում է Ռոմեոն՝ Մոնտեգյուի որդին՝ տարված թախծոտ անուրջներով։ Հրապարակ։ Քաղաքն արթնանում է, և հետզհետե հրապարակում մարդիկ են հավաքվում։ Մտնում են Ռոմեոյի ընկերները՝ Մերկուտիոն և Բենուոլիոն։ Հայտնվում է Տիբալտն իր Կապուլետ ընկերների հետ։ Մոնտեգյուներն ու Կապուլետները ոխերիմ թշնամիներ են։ Հանկարծակի կռիվ է սկսվում Կապուլետների և Մոնտեգյուների միջև, որին միանում են նաև հայր Մոնտեգյուն և հայր Կապուլետը։ Վերոնայի իշխանը մտնում է հրապարակ և կարգադրում է դադարեցնել ծեծը։ Նա հրամայում է երկու գերդաստաններին էլ վերջ դնել իրենց երկարատև թշնամությանը և զգուշացնում է, որ հաջորդ անգամ մահապատիժ կլինի։
Ջուլիետի սենյակը։ Մինչդեռ Կապուլետների տանը Ջուլիետը զվարճանում է իր դայակի հետ։ Նրանց զվարճանքը ընդհատում է Ջուլիետի մայրը՝ ներկայացնելով Պարիսին որպես փեսացու։
Մի փողոց։ Մերկուտիոն և Բենուոլիոն փորձում են Ռոմեոյին շեղել երազանքներից և որոշում են գնալ Կապուլետների դիմակահանդեսին։
Մի սրահ Կապուլետի տանը։ Խնջույքն իր բուռն ընթացքի մեջ է, երբ մտնում են Ռոմեոն, Մերկուտիոն և Բենուոլիոն։ Ռոմեոյի և Ջուլիետի հայացքները հանդիպում են, և այդուհետ նրանց ճակատագրերը միանում են։ Տիբալտը ճանաչում է Ռոմեոյին և հրամայում է նրան լքել պարահանդեսը, սակայն Կապուլետը միջամտում է։ Մերկուտիոն փորձում է շեղել Տիբալտի ուշադրությունը, մինչև Ռոմեոն և Ջուլիետը տարվել են միմյանցով։
Կապուլետի պարտեզը ։ Ռոմեոն գաղտագողի սողոսկում է Կապուլետների այգին՝ հույս փայփայելով կրկին տեսնել Ջուլիետին։ Ջուլիետը հայտնվում է պատշգամբում և հանկարծ նկատում Ռոմեոյին։ Երկու երիտասարդները սիրո խոստովանություն են անում։
Երկրորդ գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակ։ Հրապարակը բուռն տոնախմբության մեջ է։ Իսկ Ռոմեոն երազում է միայն իր Ջուլիետի մասին։ Գալիս է Ջուլիետի դայակը՝ ձեռքին մի երկտող։ Ռոմեոն կարդում է, որ Ջուլիետը սպասում է իրեն Հայր Լավրենտիոսի մոտ։
Հայր Լավրենտիոսի մոտ։ Ռոմեոն և Ջուլիետը գաղտնի ամուսնանում են։ Նրանց միակ վկան Ջուլիետի դայակն է։ Հայր Լավրենտիոսը հույս ունի, որ այս ամուսնությունն ի վերջո կհաշտեցնի երկու հակամարտող ընտանիքներին։
Հրապարակ։ Խնջույքը շարունակվում է։ Մտնում են Տիբալտը և ընկերները՝ փոխելով տոնակատարության տրամադրությունը։ Սկսվում է կռիվ, որի ընթացքում Տիբալտը սպանում է Մերկուտիոյին։ Ռոմեոն իրեն կորցնում է վշտից և սպանում է Տիբալտին։ Հրապարակ է ներխուժում տիկին Կապուլետը խելացնոր վիճակում։ Ռոմեոն հասկանում է, որ հաշտեցման իր երազանքներն անհույս են։
Երրորդ գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիետի սենյակը։ Նորապսակ սիրահարների առաջին ու վերջին գիշերն է։ Լուսաբացին Ռոմեոն պետք է հրաժեշտ տա իր սիրեցյալին և լքի Վերոնան։ Դայակը զգուշացնում է, որ գալիս են Ջուլիետի ծնողները Պարիսի հետ միասին։ Ջուլիետը մերժում է ամուսնանալ Պարիսի հետ, իսկ հայրը բարկանում է։ Ծնողները դուրս են գալիս սենյակից։ Ջուլիետը որոշում է օգնություն խնդրել Հայր Լավրենտիոսից։
Հայր Լավրենտիոսի մոտ ։ Ջուլիետն աղերսում է Հայր Լավրենտիոսին օգնել իրեն։ Կրոնավորը տալիս է մի փոքրիկ սրվակ, որի պարունակությունը խմելուց հետո նա շատ խորը քնելու է և թվալու է՝ մահացած։
Ջուլիետի սենյակը։ Ջուլիետի ծնողները ևս մեկ անգամ համոզում են ամուսնանալ, և նա սառնասրտորեն համաձայնվում է։ Երբ Ջուլիետը մնում է միայնակ, հակառակ տառապանքների և մտավախությունների, խմում է սրվակի ամբողջ հեղուկը։ Առավոտյան Ջուլիետի ընկերուհիներն են գալիս, որպեսզի արթնացնեն նրան։ Դայակը բերում է Ջուլիետի հարսանյաց զգեստը և տեսնում է Ջուլիետին մահացած։
Կապուլետների դամբարանը։ Ռոմեոն խելակորույս վշտով մտնում է դամբարան։ Մտածելով, որ Ջուլիետը մեռած է, թույն է խմում և մահանում։ Ջուլիետն արթնանում է, և տեսնելով Ռոմեոյին մահացած, ինքնասպան է լինում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Орджоникидзе Г. «Ромео и Джульетта» С. С. Прокофьева // Музыка советского балета
- Л.Лавровский. "Ромео и Джульетта" - История спектакля // «Л.М.Лавровский.Документы.Статьи.Воспоминания». — М.: ВТО, 1983.
- Ванслов В. Хореограф Юрий Григорович. — М.: Театралис, 2009.
- http://opera.am/%D5%A2%D5%A1%D5%AC%D5%A5%D5%BF/%D5%BD-%D5%BA%D6%80%D5%B8%D5%AF%D5%B8%D6%86%D6%87-%D5%BC%D5%B8%D5%B4%D5%A5%D5%B8-%D5%A5%D5%BE-%D5%BB%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%A5%D5%BF/ Արխիվացված 2017-10-24 Wayback Machine