Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։
Կովկասի բոլշևիկների՝ Բաքվի, խորհրդայնացումը տեղի է ունեցել 1915 թվականի հոկտեմբերին։ Մասնակցել են Բաքվի, Թիֆլիսի և Քութայիսի բոլշևիկյան կազմակերպությունների ներկայացուցիչները։ Լսվել են զեկուցումներ ընթացիկ իրավիճակի, ազգային հարցի, Կովկասում ազգությունների հարաբերությունների վերաբերյալ, քննարկվել են կազմակերպչական հարցեր։ Հիմնական հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել Ստեփան Շահումյանը։ Ընթացիկ իրադարձությունների մասին ընդունված բանաձևում խորհրդակցությունը կոչ արեց երկրամասի բանվորներին, գյուղացիներին և մյուս աշխատավոր խավերին՝ նյութական ու բարոյական ոչ մի օգնություն ցույց չտալ կառավարությանը՝ մղած պատերազմում։ Դատապարտեց նացիոնալիստական կուսակցությունների, այդ թվում դաշնակցության վարած քաղաքականությունը՝ կառավարությանը աջակցություն ցույց տալու համար։ Ազգային հարցի վերաբերյալ ընդունված բանաձևում խորհրդակցությունը դատապարտեց մշակութային-ազգային ինքնավարության տեսությունը։ Ելնելով Կովկասի ազգությունների և ժողովուրդների ինտերնացիոնալ դաստիարակության շահերից՝ խորհրդակցությունը գտնում էր, որ անհրաժեշտ է կոչ անել բանվորներին ու բնակչության լայն խավերին՝ չենթարկվել տիրապետող դասակարգերի, նացիոնալիստական կուսակցությունների պրովոկացիաներին և հիշել, որ միայն ազգությունների դեմոկրատական միասնության մեջ է նրանց հաղթանակի և ազատագրման գրավականը և, ընդհակառակը, ազգային թշնամության հետագա բորբոքումը Կովկասը կարող է դարձնել ազգային ընդհարումների արյունալի թատերաբեմ։ Խորհրդակցությունն ընտրեց ՌԽԴԲԿ Կովկասյան բյուրո, որի կազմի մեջ մտան Ստեփան Շահումյանը, Ֆ. Մախարաձեն, Իվան Ֆիոլետովը, Մ. Քավթարաձեն և ուրիշներ։ Խորհրդակցությունը պարզ և հստակ պատասխան տվեց Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների առջև ծառացած բոլոր հարցերին և կարևոր դեր խաղաց նրանց հետագա գործունեության համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 631)։