Մեծամասնության կոմիտեների բյուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Լենին

Մեծամասնության Կոմիտեների Բյուրո, ՄԿԲ (ռուս.՝ Бюро комитетов большинства), տեղական կազմակերպությունները ղեկավարելու, ՌՍԴԲԿ 3-րդ համագումարը նախապատրաստելու և հրավիրելու համար Վլադիմիր Լենինի նախաձեռնությամբ 1904 թվականի վերջին ստեղծված համառուսաստանյան բոլշևիկյան կուսակցական կենտրոն։

ՄԿԲ-ի ստեղծումը պայմանավորված էր մենշևիկների գործունեությամբ, որոնց ՌԽԴԲԿ 2-րդ համագումարից հետո հաջողվել է կուսակցության ղեկավար մարմիններում մեծամասնություն կազմել։ Համագումարի հրավիրման գործում նշանակալի դեր է ունեցել Լենինը, ում նախաձեռնությամբ 1904 թվականին Ժնևում հրավիրվեց 22 բոլշևիկների խորհրդակցությունը, որի ընդունած «Կուսակցությանը» դիմումը համագումարի հրավիրման կոչ էր անում։ Համագումարի նախապատրաստման կոնկրետ աշխատանքներ իրականացնելու համար որոշվեց Ռուսաստանում ստեղծել բոլշևիկյան կենտրոն՝ Մեծամասնության կոմիտեների բյուրո։ Երեք մարզային կոնֆերանսներում՝ Հարավային, Հյուսիսային և Կովկասյան (1904 թվականի նոյեմբերի վերջին ՌՍԴԲԿ կովկասյան միութենական կոմիտեների ներկայացուցիչների՝ Թիֆլիսում կայացած կոնֆերանսը հատուկ որոշում ընդունեց կուսակցության 3-րդ համագումար հրավիրելու մասին, ստեղծեց հատուկ բյուրո, որը պետք է գործեր բոլշևիկյան մյուս կոմիտեների հետ սերտ համագործակցությամբ) ստեղծվեց այդպիսի կենտրոն։ ՄԿԲ-ի կազմում ընտրվեցին Ալեքսանդր Բոգդանովը, Ս․ Ի․ Գուսևը, Ռոզալիա Զեմլյաչկան, Մաքսիմ Լիտվինովը, Մարտին Լյադովը, Պյոտր Ռումյանցևը և ուրիշներ։

ՄԿԲ-ի հետ միասին հիմնվեց մեծամասնության օրգան համարվող «Վպերյոդ» թերթը։ ՄԿԲ և «Վպերյոդ» թերթը ղեկավարում էր Լենինը։ ՄԿԲ-ի և մենշևիկյան կենտրոնների միջև պայքար ծավալվեց ս-դ․ կոմիտեների համար։ 1905 թվականի մարտին ՌԽԴԲԿ 28 կոմիտեներից 21-ը արտահայտվեցին հօգուտ համագումարի։ Այս պայմաններում ՌՍԴԲԿ մենշևիկյան ԿԿ ստիպված փոխեց իր դիրքորոշումը և սկսեց բանակցություններ վարել ՄԿԲ-ի հետ։ Մարտի 12 (25)-ին ՄԿԲ-ի և ԿԿ-ի միջև համաձայնություն կնքվեց համագումարի հրավիրման մասին և ստեղծվեց կազմակերպական կոմիտե։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 438