Կովացորեն դաշտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովացորեն դաշտային
Կովացորեն դաշտային
Կովացորեն դաշտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Ցեղ Melampyrum
Տեսակ Կովացորեն դաշտային (M. arvense)
Միջազգային անվանում
Melampyrum arvense

Կովացորեն դաշտային (լատին․՝ Melampyrum arvense), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-20 սմ բարձրությամբ, գլանաձև ցողունով, այլ բույսերի արմատներին ամրացող և դրանք որպես սննդի լրացուցիչ աղբյուր օգտագործող թույլ զարգացած արմատներով միամյա կիսամակաբույծ է։ Բարակ ճյուղերը ծածկված են մանր մազիկներով։ Տերևները ամբողջական են, հակադիր, սրածայր, նշտարաձև (մինչև 6 սմ երկարությամբ), գրեթե նստադիր կամ կարճ կոթուններով։ Ցողունների կամ ճյուղերի վերին մասում աճող ծաղիկներն առաջացնում են երկար, խիտ և հասկանման ծաղկաբույլեր։ Ստորին մակերեսի վրա երբեմն սև կամ շագանակագույն, ծաղկահյութ պարունակող թեփուկներ առաջացնող, խորը բաժանված սուր ատամիկներով ծաղկակիցները վարդագույն-ծիրանագույն են և ձվաձև-նշտարաձև։ Չորսանդամ, խողովակաձև-զանգակաձև թավոտ բաժակն ունի չորս սուր, նեղ-եռանկյունաձև ատամիկներ։ Բարակ գլանաձև խողովակով երկշուրթ դեղին կամ ծիրանագույն պսակը վերին մասում լայնանում է։ Չորս երկուժ առէջներով վերին շուրթը սաղավարտաձև է։ Ճարպային յուղով հարուստ և հյութալի ելուստներով օժտված երկարավուն հարթ սերմերով երկբուն պտուղը երկու կողքերից սեղմված ձվաձև տուփիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտու դաշտերում, ճանապարհների եզրերին, նոսր անտառներում, իսկ որպես մոլախոտ՝ ցանքսերում և աղբավայրերում։ Հանդիպում է Տավուշի մարզում և Արցախում։ Մեղրատու և թունավոր բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, ծաղիկներն ու սերմերը։ Սերմերի երեփուկն օգտագործում են վնասատու միջատներին ոչնչացնելու համար։ Մանրացրած սերմերը տաք թրջոցների օգնությամբ օգտագործվում են որպես փափկացնող միջոց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովացորեն դաշտային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովացորեն դաշտային» հոդվածին։