Կոոպերացիա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կոոպերացիա (լատ.՝ cooperatio — համագործակցություն)`
- Աշխատանքի կազմակերպման ձև, երբ բազմաթիվ մարդիկ համատեղ կատարում են աշխատանքի միևնույն կամ տարբեր, բայց փողկապված պրոցեսներ։
- Բանվորների, ծառայողների, մանր արտադրողների, այդ թվում՝ գյուղացիների ինքնագործ կամավոր միավորումներ, որ ստեղծվում են տնտեսական գործունեության տարբեր բնագավառներում ընդհանուր նպատակների հասնելու համար։ Կոոպերատիվ միավորումների հիմնական ձևերն են՝ սպառողական, բնակարանային, գյուղատնտեսական, արտադրական, արհեստագործական, վարկային, վաճառահանման, մատակարարման կոոպերացիաները։
Կոոպերատիվի բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է։ ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում կոոպերատիվը ղեկավարում է վարչությունը՝ նախագահի գլխավորությամբ։
Կոոպերացիայի էությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոոպերացիայի էությունը, տեղը և դերը որոշվում է տիրող արտադրահարաբերությունների բնույթով։ Այդ առումով տարբերում են կոոպերացիաի երկու տիպ՝
- Կապիտալիստական
- Սոցիալիստական
Կապիտալիստական կոոպերատիվները (առաջացել են XIX դ. վերջին — XX դ. սկզբին) զարգանում են կապիտալիզմի տնտեսական օրենքներին համապատասխան, հաճախ իրենք են շահագործում վարձու աշխատանքը։ Դրանք գլխավորում են կապիտալիստ-ձեռնարկատերերը կամ նրանց դրածոները։ Սերտորեն կապված են խոշոր մոնոպոլիաների և բանկերի, բուրժուական քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների, պետական ապարատի հետ։ Կոոպերատիվների գործունեության հիմնական նպատակը իրենց անդամների սպառողական, արտադրական և տնտեսական պահանջմունքների բավարարումն է։ Դրանց համար յուրահատուկ է կառավարման և տնտեսավարման առավել դեմոկրատական բնույթը, գործում են «մեկ անդամ-մեկ ձայն» սկզբունքով՝ անկախ փայավճարների քանակից։ Արտադրամիջոցների հանրային սեփականության պայմաններում կոոպերացիան վերածվում է աշխատավորության, հատկապես գյուղացիության լայն մասսաների միավորման և սոցիալիստական շինարարության մեջ նրանց ընդգրկման հզոր, միջոցի։ Սոցիալիստական երկրներում կոոպերատիվները գործում են տնտեսական հաշվարկով, զարգացման պլանները կոորդինացվում են ընդհանուր ժողտնտեսական պլանում։ Աշխատանքը վարձատրվում է ըստ կոոպերատիվի արտադրական գործունեության արդյունքների, յուրաքանչյուր անդամի անձնական ներդրման։ Կոոպերատիվների գործունեությունը կարգավորվում է կանոնադրությամբ կամ նորմատիվային այլ դրույթներով։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրական կոոպերատիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրական կոոպերատիվը հողի համատեղ մշակման, մեքենաների օգտագործման կամ գյուղատնտնսական արտադրանքի թողարկման համար գյուղական արտադրողների միավորում է, որը հիմնվում է արտադրամիջոցների մասնակի կամ լրիվ հանրայնացման վրա։ Կապիտալիստսական երկրներում կազմակերպվում են փոխօգնության, խոշոր ոչ գյուղատնտեսական կապիտալից տնտեսությունները պաշտպանելու նպատակով։ Տարածված են դրանց պարզագույն ձևերը (աշխատանքի մասնակի հանրայնացմամբ), որոնցից շատերն ընդգրկում են 2—10 տնտեսություն։ Համեմատաբար բարձր զարգացման են հասել XX դ. 60-ական թթ. Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, սակայն գյուղատնտեսական կոոպերատիվների մեջ դրանց տեսակարար կշիռը փոքր է։ ԽՍՀՄ-ում արտադրական կոոպերատիվը զարգացել է հողի ազգայնացման պայմաններում։ Սոցիալիստական մյուս երկրներում դրանց զարգացման առանձնահատկությունը հողի նկատմամբ գյուղացիների մասնավոր մանր սեփականության պահպանումն է։ Տարբերում են արտադրական կոոպերատիվի երեք հիմնական ձև՝
- Հողի համատեղ մշակման,
- Հիմնական արտադրամիջոցների (բացառությամբ հողի),
- Հողի լրիվ հանրայնացման վրա հիմնված կոոպերատիվներ։ Խորհրդային երկրների մեծ մասում ավարտվել է անցումը դրանց բարձրագույն ձևին։
Արհեստագործական կոոպերացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհեստագործական կոոպերացիան ապրանքների համատեղ արտադրության ու ծառայությունների կատարման համար մանի արտադրողների միավորում է։ Արհեստագործական առաջին կոոպերացիաները ստեղծվել են Ֆրանսիայում և Գերմանիայում, XIX դ. կեսերին։ Ռուսաստանում տարածված էր կոշիկի, մուշտակի, ձեռնոցների, թաղիքի արտադրության բնագավառում։
Վարկային կոոպերացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարկային կոոպերացիան դրամական ընդհանուր ֆոնդ (արտադրական կամ սպառողական վարկի պահանջները բավարարելու համար) ստեղծելու նպատակով մանր ապրանքարտադրողների՝ բանվորների և ծառայողների միավորում է։ Վարկային առաջին կոոպերատիվը կազմակերպվել է Գերմանիայում` XIX դ. կեսերին, Ռուսաստանում՝ 1865-ին։ Կապիտալիստական պետություններում այն սերտորեն կապված է մասնավոր, բաժնետիրական և պետական բանկերի հետ։ Խորհրդային երկրներում, կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանում, վարկային կոոպերացիան հանդիսացել է կապիտալիստական տարրերի դեմ պայքարելու, չքավոր ու միջակ գյուղացիներին օգնելու, բանվորական ու գյուղատնտեսական կոոպերացիաները վարկավորելու միջոց։ ԽՍՀՄ-ում այն գոյատևել է 1917—1931-ը։
Վաճառահանման կոոպերացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաճառահանման կոոպերացիան սեփական արտադրանքն իրացնելու համար մանր ապրանքարտադրողների միավորում է։ Դրանց մեծամասնությունը միաժամանակ իր անդամներին մատակարարում է արտադրական նշանակության ապրանքներ։ Մատակարարման կոոպերացիան արտադրամիջոցների կամ սպառման առարկաների սեփական պահանջարկը բավարարելու համար մանր ապրանքարտադրողների՝ գյուղացիների, տնայնագործների, արհեստավորների, ձկնորսների միավորում է։ Առավել հաճախ կազմակերպվում է գյուղատնտեսության մեջ։ Կոոպերատիվի միջոցները ձևավորվում են անդամավճարներից, փայավճարներից, տնտեսական գործունեության շահույթից։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում արտադրական կոոպերատիվները կազմակերպվել են XIX դ. վերջերից։ Արարատյան դաշտում, մասնավորապես Արտաշատի շրջանում ստեղծվել են այգեգործական ընկերություններ։
Խորհրդային իշխանության հաստատումից հետո արհեստագործական արտելները դարձան մասնավոր արհեստավորներին ու տնայնագործներին միավորելու և շինարարության մեջ ներգրավելու նախնական ձևը։ Կազմակերպվեցին կոշկակարների, դերձակների, գորգագործների և այլ արհեստավորների արտելներ, որոնց ղեկավարությունն իրականացնում էր Հայաստանի տնայնագործական կոոպերացիայի միությունը՝ «Հայտնարկոոպը»։ Հետագայում դրանք վերաճեցին պետական ձեռնարկությունների և միավորվեցին տեղական, թեթև արդյունաբերության և կենցաղսպասարկման մինիստրությունների համակարգում։
Հայաստանում վարկային առաջին կոոպերատիվը կազմակերպվել է Ղամարլու գյուղում, որը գյուղացիական տնտեսություններին վարկ է տրամադրել 7, 7%-ով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարքս Կ., Հիմնադիր մանիֆեստ բանվորների միջազգային ընկերության
- Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտիր երկեր, 1973
- Լենին Վ.Ի., Կոոպերացիայի մասին,
- Պիճիկյան Գ., Պատմություն Հայաստանի սպառողական կոոպերացիայի, 1927։
- Կարագյան Կ., Սպառողական կոոպերացիայի ծագումը և զարգացումը Հայաստանում, 1957։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 591)։ |