Կոմյոդիենհաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմյոդիենհաուս (գերմ.՝ Das Komödienhaus, Comoedienhaus), թատրոնի փայտե շենք Վիբորգում, որը գոյություն է ունեցել 18-րդ դարի վերջին` 19-րդ դարի առաջին կեսերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի վերջին Ֆինլանդիան բաժանվեց Շվեդիայի և Ռուսական կայսրության միջև։ Եթե շվեդական Ֆինլանդիայում առաջատար պաշտոնները զբաղեցնում էին շվեդախոս ազնվականներն ու վաճառականները, ապա ռուսական (հին) Ֆինլանդիայում՝ Վիբորգի կուսակալությունում, ավելի ուշ՝ Ֆինլանդիայի նահանգում, ինչպես նաև Օսթզեական նահանգներում, գերմանացիները մեծ ազդեցություն ունեին, և գերմաներենը համարվում էր պաշտոնական գործավարության լեզու[1]։ Այդ պատճառով էլ Վիբորգում հյուրախաղերով հիմնականում հանդես էին գալիս գերմանախոս թատերախմբերը։ Վիբորգյան դատական նյութերու, թատրոնի շենքի մասին հիշատակումները սկսվել են 1751 թվականից, սակայն, ըստ հետազոտողների, դա չի նշանակում, որ դրանք վերաբերում են հատուկ թատերական կարիքների համար կառուցված շենքին։ Վիբորգում 18-րդ դարի երկրորդ կեսին կառուցված Ֆինլանդիայի առաջին փայտե թատրոնի շենքի` Կոմյոդիենհաուսի շինարարությունը կապվում է նահանգապետ Նիկոլայ Էնգելհարդտի անվան հետ[2]։ Շենքը գտնվում էր Վիբորգի Կրոն-Սանկտ-Աննա ամրոցի տարածքում։ 18-րդ դարի վերջին Վիբորգում բեմադրվում էին գերմաներեն և ռուսերեն լեզուներով ներկայացումներ[3], որին հաճախում էին քաղաքաբնակները և կայազորային սպաները։ Քաղաքում չկար պրոֆեսիոնալ թատերական կոլեկտիվ։ Հյուրընկալվող թատերախմբերի կատարումներից բացի, շենքում կազմակերպվում էին պարահանդեսներ և դիմակահանդեսներ, որի հետ կապված երբեմն շենքը անվանում էին նաև Masqueradenhus[2]: Պարահանդեսների և աշխարհիկ երեկոների կազմակերպման ժամանակ նստարանները հավաքվում էին։   

1809 թվականին Մեծ դքսության կարգավիճակ ստացած շվեդական Ֆինլանդիան մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ։ Ալեքսանդր I կայսեր 1812 թվականի հրամանագրով, ֆիննական նահանգը, կրկին վերանվանվեց վիբորգյան և կցվեց Ֆինլանդիայի Մեծ Դքսությանը։ Հետևաբար, նահանգում շվեդերենը դարձավ պաշտոնական գործավարական լեզու, շվեդախոս քաղաքային շերտերի դերը կրկին աճեց, և գերմանախոս թատերախմբերի հետ մեկտեղ շվեդախոս թատերախմբերը սկսեցին պարբերաբար հաճախել Վիբորգ։ Թատրոնի փայտե շենքը գոյություն է ունեցել մի քանի տասնամյակ, մինչև 1832 թվականը` Վիբորգի կենտրոնում քարե թատրոնի և «հավաքույթների տան» կառուցումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sven Hirn: Alati kiertueella: teatterimme varhaisvaiheet vuoteen 1870. Helsinki: Yliopistopaino, 1998. ISBN 951-570-377-8
  • Pentti Paavolainen, Aino Kukkonen: Näyttämöllä: teatterihistoriaa Suomesta. Helsinki: WSOY, 2005. ISBN 951-0-28527-7