Կոլագենային հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոլագենային հիվանդություններ, կոլագենոզներ, հիվանդությունների խումբ, բնորոշվում է գերազանցապես տարբեր օրգանների շարակցական հյուսվածքի և անոթների պատերի հարաճուն ախտահարմամբ։ Կոլագենային հիվանդությունները ընթանում են շարակցական հյուսվածքի առաջնային տարածուն ախտահարումով, դրանց բնորոշ ֆիբրինոիդ կազմափոխությամբ և առանձին օրգանների երկրորդային ախտահարմամբ։ «Կոլագենային հիվանդություններ» տերմինն առաջարկել է ամերիկացի գիտնական Պ. Կլեմպերերը, կոլագեն թելերի (շարակցական հյուսվածքի տարր) ուռչումով արտահայտվող պրոցեսը նշելու համար։ Կոլագենային հիվանդություններին բնորոշ է շարակցական հյուսվածքի կառուցվածքային բոլոր բաղադրիչ մասերի (թելեր, բջիջներ, միջբջջային նյութ) ախտահարումը, ուստի ավելի ճիշտ կլինի օգտագործել «շարակցական հյուսվածքի հիվանդություններ» տերմինը։

Կոլագենային հիվանդությունների խմբին են դասվում ռևմատիզմը, ռևմատոիդ հոդաբորբը, սիստեմային կարմիր գայլախտը և կարծրամաշկությունը, հանգուցավոր պերիարտերիտը։ Ապացուցված է, որ շարակցական հյուսվածքի ֆիբրինոիդ փոփոխության հիմքում ընկած է կոլագեն թելերի քայքայումը, կոլագենային կոմպլեքսի և հիմնային անձև նյութի կազմալուծումը։ Կոլագենային հիվանդություններով ախտահարվում են հաճախ երիտասարդ և միջին տարիքի մարդիկ. սիստեմային գայլախտով և կարծրամաշկությամբ՝ գերազանցապես կանայք, հանգուցավոր պերիարտերիտով՝ տղամարդիկ։ Կոլագենային հիվանդությունների կլինիկական ընթացքը բազմաձև է, ախտորոշումը՝ դժվար։ Բոլոր կոլագենային հիվանդությունների համար բնորոշ է քրոնիկական, ալիքաձև, հարաճուն ընթացքը, տենդը, օրգանիզմի բազմաթիվ համակարգերի ախտահարումը (հոդեր, մաշկ, լորձաթաղանթներ, թոքեր, սիրտ, երիկամներ և նյարդային համակարգ)։ Կոլագենային հիվանդությունների զարգացման մեխանիզմի բազմաթիվ տեսություններից լայն ճանաչում է ստացել ինֆեկցիոն-ալերգիականը։

Բոլոր կոլագենային հիվանդությունների ժամանակ տարբեր ինքնահակամարմինների հայտնաբերումը ձեռք է բերել մեծ ախտորոշիչ նշանակություն և լայնորեն կիրառվում է կլինիկական պրակտիկայում։ Ընդհանուր իմունոլոգիական խանգարումների մեջ նշվում են արյան շիճուկում մուկոպրոաեիդների և գամմա-գլոբուլինների, շիճուկային սպիտակուցների կազմում՝ առանձին ամինաթթուների բաղադրության բարձրացում, ոսկրածուծում և ավշային հանգույցներում պլազմոցիտների և ռեթիկուլյար բջիջների ավելացում, ինչպես նաև տարբեր հակաօրգանային ինքնահակամարմինների ի հայտ գալը։ Յուրաքանչյուր կոլագենային հիվանդությունները բնորոշվում են իմունոլոգիական ֆենոմենների յուրահատուկ հավաքածուով։ Կոլագենային հիվանդությունների մեծ մասի դեպքում բուժիչ ազդեցություն են ունենում կորտիկոստերոիդ հորմոնները և իմունոլոգիական ռեակցիաները ճնշող տարբեր միջոցները՝ իմունոդեպրեսանտները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 508 CC-BY-SA-icon-80x15.png