Կենդանաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի կենդանաբանության մասին առաջին տեղեկությունները հանդիպում են Ի. Շոպենի տնտեսաաշխարհագրական ակնարկներում (1852

Կենդանաբանական գիտական հետազոտությունները հանրապետությունում սկսվել են 1921 թվականից՝ ԵՊՀ-ում, բնապատմական, ապա՝ գյուղատնտեսական թանգարաններում։ Մեծ նշանակություն են ունեցել 1923 թվականին Ա. Շելկովնիկովի նախաձեռնությամբ կազմակերպված գիտարշավները հանրապետության ողջ տարածքում։ Հանրապետությունում գիտական կենդանաբանության հիմնադրմանը մեծապես նպաստել են Սալվադոր Դալի, Տ. Սոսնինի, Ա. Լյայստերի, Ս. Չեռնովի, Ա. Գումիլևսկու՝ ողնաշարավոր կենդանիների, Մ. Տեր-Մինասյանի, Ա. Ռիխտերի, Ն. Պլավիլշչիկովի, Ն. Բորխսենիուսի, Գ. Մարջանյանի՝ անողնաշար կենդանիների, Ա. Տեր-Պողոսյանի, Է. Դավթյանի, Կ. Հախումյանի, Պ. Սվաճյանի՝ մակաբուծաբանության վերաբերյալ աշխատությունները։ Հանրապետության կենդանական աշխարհի ուսումնասիրրության բնագավառում մեծ ավանդ ունեն նաև Ն. Ակրամովսկին, Հ. Ավետյանը, Ս. Յաբլոկով-Խնձորյանը, Գ. Ավագյանը, Մ. Տեր-Գրիգորյանը, Ա. Բաղդասարյանը, Ի. Դարևսկին, Պ. Դամբարյանը, Բ. Գեյլիկմանը, Մ. Ադամյանը, Բ. Մարտիրոսյանը, Ս. Պապանյանը, Հ. Տերտերյանը, Ս. Վարդիկյանը և ուրիշներ։

Հետազոտությունների արդյունքում հավաքված բազմահարուստ նյութն ընդգրկում է կենդանիների տարբեր խմբեր՝ միջատներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ և այլն։ Այդ հավաքածուների հիման վրա կազմակերպվել է կենդբանության թանգարան [այժմ՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի (ԿՀԷԳԿ) կազմում], որը կենդանաբանության ոլորտի առաջատար կենտրոն է։

Նախակենդանաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու պարզագույն մակաբույծների ֆաունան, կենսաբանությունը և դրանց դեմ պայքարի միջոցառումներն ուսումնասիրվել են 1923 թվականին հիմնադրված Տրոպիկական (այժմ՝ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության) ինստիտուտում։ Հայկական անասնաբուժական ԳՀԻ-ում Մ. Մամիկոնյանը հետազոտել է ընտանի և մասամբ՝ վայրի կենդանիների պարզագույն մակաբույծները։

Մալակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փափկամարմինների ուսումնասիրությամբ հիմնականում զբաղվել են ՀԽՍՀ ԳԱ Կենդանաբանության ինստուտում (Կհ, Ն. Ակրամովսկի)։ Պարզվել է հանրապետության փափկամարմինների ֆաունայի տեսակային կազմը (155 տեսակ)։ Ն. Ակրամովսկիև և Գ. Բաբայանը մշակել ու ներդրել են ջերմոցներում ծխախոտի սածիլները վնասող կողինջի դեմ պայքարի միջոցներ։ Պ. Սվաճյանը և Է. Դավթյանը հայտնաբերել են ֆասցիոլների, դիկրոցելիումի ու ոչխարների նեմատոդների միջանկյալ տեր հանդիսացող տեսակները։

Հելմինթոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԳԱԱ Կհ-ում ուսումնասիրվել և բացահայտվել է վայրի և ընտանի կենդանիների հելմինթների տեսակային կազմը, պարզվել է (Ս. Մովսեսյան, Ֆ. Չուբարյան, Մ. Նի- կողոսյան) դրանց տարածվածությունը՝ ըստ կենդանիների կարգաբան, խմբավորումների։ Հելմինթների ֆաունայի ուսումնասիրությունները հանրապետությունում սկսվել են 1920-ական թվականներից՝ հայտնի գիտնական Կ. Սկրյաբինի և նրա աշակերտների նախաձեռնությամբ։ Այդ աշխատանքները շարունակել են Ե. Քալանթարյանը, Ե. Մաթևոսյանը, Է. Դավթյանը, Կ. Հախումյանը, Պ. Սվաճյանը, Գ. Գրիգորյանը, Վ. Հակոբյանը, Գ. Բոյախչյանը, Հ. Բադեյանը և ուրիշներ։ Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստուտում ուսումնասիրվել են ոչխարների թոքային նեմատոդների, ցեստոդների և մի շարք այլ հելմինթների կենսաբանությունն ու զարգացման փուլերը։ Կենդանական համակարգում դասակարգվել են մակաբուծական հիվանդությունների իմունաբանական վիճակները, առաջին անգամ բացահայտվել և ուսումնասիրվել են թաքնված հելմինթոզները, առաջարկվել են դրանց կանխարգելման նոր եղանակներ։ Ֆիտոնեմատոդների հետազոտությունները հանրապետությունում սկսվել են 1950-ական թվականներից։ Պարզվել է (Հ. Պողոսյան, Ջ. Կարապետյան, Հ. Մկրտչյան) բաց և փակ գրունտներում մշակվող բազմատեսակ բույսերի վնասակար ֆիտոնեմատոդների տեսակային բազմազանությունը։

Տզաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական համակարգում Ա. Բաղդասարյանը, Է. Հարությունյանը և Ա. Օհանջանյանն ուսումնասիրել են լոզերի մի քանի կարգաբանական խմբեր, որոնցից շատերը գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուներ ու կենդանիների մակաբույծներ են, մասնավորապես՝ տետրանիխոիդ տզերի վերնաընտանիքը, էրոֆիոիդ, պարազիտիֆորմ, օրիբատիդ տզերը։ Հետազոտվել են գիշատիչ ֆիտոսեիդ տզերը, որոնք նվազեցնում են բուսակեր տզերի քանակը։ Նկարագրվել են այդ խմբերին պատկանող մի շարք նոր տեսակներ, բացահայտվել է տզերի շուրջ 2 հազար տեսակ։ Մշակվել է (Կ. Դիլբարյան) պտղատու այգիների վնասատուների դեմ պայքարի էկոլոգիապես անվտանգ եղանակ՝ ոչ թունավոր պոլիմերների կիրառմամբ։ Կենդանաբանության, ինչպես նաև Հայկական անասնաբուժությունը ԳՀԻ-ներում զբաղվել են հիվանդություններ փոխանցող իքսոդային տզերի ֆաունայի և կենսաբանության հարցերով, հետազոտել են նաև մակաբույծ ու ազատ ապրող գամազային տզերը, բացահայտել են նրանց տերերին և բնակատեղերը։

Միջատաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության ֆաունայում միջատները կազմում են անողնաշար կենդանիների տեսակային բազմազանության 90 %-ը՝ շուրջ 15-16 հազար տեսակ։ Միջատների ֆաունայի հիմնական հետազոտությունները հանրապետությունում կատարվել են ՀՀ ԳԱՍ կենդանական համակարգում և այժմ էլ շարունակվում են ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ-ի կազմում գործող կենդանական համակարգում։ Ոաումնասիրվել են գիտության ու տնտեսության համար ուշագրավ միջատների տարբեր խմբեր՝ Գ. Ավագյանը՝ ուղղաթևները, Ն. Ակրամովսկին՝ ճպուռները, Մ. Տեր-Գրիգորյանը՝ կոկցիդները, Է. Ակրամովսկայան՝ կիսակարծրաթևները, Ս. Վարդիկյանը և Ռ. Հարությունյանը՝ թիթեռները, Հ. Ավետյանը, Ե. Հերթևցյանը և Գ. Առաքելյանը՝ թաղանթաթևները, Հ. Տերտերյանը, Վ. Հովհաննիսյանը և Լ. Միրումյանը՝ երկթևները։ Միջատների ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են «Հայաստանի ֆաունայի» առանձին հատորներում։

Առավել խորությամբ ուսումնասիրվել են (Ա. Ռիխտեր, Ն. Պլավիլշչիկով, Մ. Տեր-Մինասյան, Ս. Յաբլոկով-Խնձորյան, Մ. Քալաշյան, Մ. Մարջանյան) բզեզները։ ՀԽՍՀ-ում միջատաբանության զարգացման բնագավառում ունեցած ավանդի համար 1985 թվականին Ս. Յաբլոկով-Խնձորյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։

Ռ. Սարկիսովը, Ն. Մկրտչյանը, Ա. Սևումյանը, Վ. Զախարյանը մանրակրկիտ ուսումնասիրել են Արարատյան հարթավայրի բնաշխարհիկ արարատյան որդան կարմիրը, մշակել են փակ գրունտում նրա բազմացման եղանակները։ Ինստիտուտների ներկայացրած առաջարկությունների հիման վրա, որդան կարմիրի պահպանման նպատակով, 1978 թվականին ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ Հոկտեմբերյանի շրջանում (այժմ՝ Արմավիրի մարզ) ստեղծվել է արգելավայր (200 հա)։

Կենդանական համակարգում Ս. Սարգսյանը, Ա. Ազիզյանն աշխատանքներ են կատարել նաև հանրապետության պտղատու մշակաբույսերի վնասատուի՝ խնձորենու պտղակերի դեմ գենետիկ, պայքարի ուղղությամբ։

Միջատների ֆաունայի գնահատման աշխատանքների հիման վրա բացահայտվել են բազմաթիվ վտանգված տեսակներ, որոնցից 139-ն ընդգրկվել են «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում» (2010

ՀԳԻ-ում զբաղվել են լվիճների կենսաբանության հարցերով։ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտում պարզաբանվել են մալարիային և ոչ մալարիային մոծակների տեսակային կազմերը, նրանց տարածվածությունն ու կենսաբանությունը։

Հակաժանտախտային կայանում (այժմ՝ ՀՀ ԱՆ հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն) աշխատանքներ են կատարվել լվերի տեսակային կազմի և նրանց կենսաբանության վերաբերյալ։

Ողնաշարավորների ֆաունան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնաշարավորների ֆաունան ուսումնասիրել են կենդանաբանության, բույսերի պաշտպանության ինստիտուտներում, հակաժանտախտային կայանում, ԵՊՀ և Մանկավարժական ինստիտուտի կենդանաբանության ամբիոններում, Սևանի ջրակենսբանական կայանում և Երևանի կենդանաբանական այգում։ Ֆաունայի հետազոտությունների հիման վրա պարզաբանվել է (Ս. Դալ, Տ. Սոսնին, Ա. Լյայստեր, Ս. Չեռնով, Ա. Գումիլևսկի, Մ. Դադիկյան, Մ. Արամյան, Ն. Մարգարյան, Բ. Մարտիրոսյան, Ս. Պապանյան, U. Աղասյան, է. Յավրույան, Բ. Գաբրիելյան, Ս. Պիպոյան) ողնաշարավոր կենդանիների տեսակային կազմը, որը ներկայումս ընդգրկում է 535 տեսակ, այդ թվում՝ կաթնասուններ՝ 83, թռչուններ՝ 353, սողուններ՝ 53, երկկենցաղներ՝ 7, ձկներ՝ 39։

Կենդանական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական համակարգում բազմակողմանիորեն ուսումնասիրվել են ինչպես վնասակար, այնպես էլ որսարդյունագործական և այլ կենդանիների՝ պահպանման ենթակա տեսակների էկոլոգիական առանձնահատկություններն ու քանակության շարժը։ Առաջին անգամ Ի. Դարևսկին բացահայտել և Ֆ. Դանիելյանի հետ ուսումնասիրել է ժայռային մողեսի կուսածնության երևույթը։ Սկյուռանմանների, սմբակավորների և կզաքիսների վազքի ու ցատկի կենսամեխանիկայի ուսումնասիրությամբ բացահայտվել են ֆիլոգենետիկ մեծ նշանակություն ունեցող մորֆոֆունկցիոնալ մի շարք օրինաչափություններ և դրանց պատճառները (Պ. Ղամբարյան)։ Կ. Այրումյանն ուսումնասիրել է դաշտամկների ներպոպուլացիոն մեխանիզմների կարգավորման հարցերը։ Ա. Անտոնյանն աշխատանքներ է կատարել հանրապետությունում անհետացման վտանգի տակ հայտնված վայրի ոչխարի (մուֆլոն) և բեզոարյան այծի պահպանության ուղղությամբ։

Ա. Աղասյանը, Ն. Մարգարյանը, Կ. Աղաբաբյանը, Մ. Ղասաբյանը, Է. Յավրույանը, Ֆ. Դանիելյանը կատարել են հանրապետության կենդանական աշխարհի՝ կաթնասունների, սողունների, երկկենցաղների և ձկների պոպուլացիոն, տեսակային ու լանդշաֆտային բազմազանության գնահատման աշխատանքներ՝ ֆաունայի եզակի և տիպիկ բնական համալիրներն ու օբյեկտները, դրանց գենոֆոնդը պահպանելու նպատակով։ Հրատարակվել է «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը» (2010), որը ներառում է ողնաշարավոր կենդանիների 156 վտանգված տեսակներ, յուրաքանչյուրի համար պատրաստվել են բնութագրական ամփոփագրեր, տարածման քարտեզներ, գնահատվել է կարգավիճակը՝ ըստ Բնության պահպանության միջազգային միության չափորոշիչների, տրվել են պահպանությանն ուղղված առաջարկներ։

Վերլուծվել են հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) վիճակը, սահմանները, ֆաունայի տեսակային կազմը, հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակը, դրանց կենսաէկոլոգիական առանձնահատկությունները, պահպանության վիճակը, ընդգրկման աստիճանը ԲՀՊՏ-ներում։ Առաջարկություններ են արվել վերանայելու գոյություն ունեցող ԲՀՊՏ-ների սահմանները և ստեղծելու նորերը։

Պարզաբանվել են որոշ կարգաբանական խմբերի ձևավորման առանձնահատկությունները, ֆիլոգենետիկ կապերը, էվոլյուցիոն և կարգաբան, մի շարք վիճելի հարցեր։ Ողնաշարավոր կենդանիների ֆաունայի պատմության (պալեոլիթից մինչև միջին դարեր) ուսումնասիրությամբ զբաղվել է Ս. Մեժլումյանը։ Աշխատանքները շարունակել է Ն. Մանասերյանը. ամփոփել է հոլոցենում Հայաստանի կաթնասունների ֆաունայի վերաբերյալ բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները և ի մի բերել հետազոտվող տարածքի անտիկ ու միջնադարյան ավելի քան 80 հնագիտական հուշարձանների պեղումներից հայտնաբերված բազմաքանակ (շուրջ 24 հազար) ոսկրային մնացորդների հետազոտությունների արդյունքները, ըստ որի՝ հոլոցենյան ֆաունայում եղել է ողնաշարավոր կենդանիների 67 տեսակ։ Պարզվել է, որ կաթնասունների 25 տեսակից 10-ն անհետացել են բրոնզի դարից մինչև միջնադար ընկած ժամանակահատվածում։ Բույսերի պաշտպանության ինստիտուտում ուսումնասիրվել է գյուղատնտեսական վնասատու կրծողների կենսաբանությունը, մշակվել են դրանց դեմ պայքարի միջոցառումներ, համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտում մշակվել են պայքարի միջոցներ մոխրագույն համստերիկի դեմ, պարզաբանվել է վայրի և տնային թռչունների դերն օրնիթոզների տարածման գործում։ ՀՀ ԱՆ-ի հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնում ուսումնասիրվում է կրծողների ու վայրի ֆաունայի տարբեր տեսակների դերը ժանտախտի և այլ վտանգավոր հիվանդությունների համաճարակաբանության հարցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։