Կարիկ Պասմաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիկ Պասմաճյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1947(1947-12-20)
ԾննդավայրԵրուսաղեմ, Միացյալ Թագավորություն
Մահացել է1989
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և հավաքորդություն

Կարիկ (Կարապետ) Գրիգորիի Պասմաճյան (դեկտեմբերի 20, 1947(1947-12-20), Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն - 1989, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, արվեստի գործերի հավաքորդ, միլիոնատեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Երուսաղեմի Թարգմանչաց դպրոցում։ 1966 թվականին տեղափոխվում է Երևան։ 1972 թվականին ավարտում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և մեկնում Փարիզ ու հաստատվում այնտեղ։ Մինչև 1969 թվականը նա չի գրել հայերենով։ 1967 թվականին Գուրգեն Մահարին թարգմանել է իր բանաստեղծությունները, հրատարակել «Գրական թերթ»-ում։ Երկու տարի անց իր առաջին հայալեզու գրվածքները տպագրվում են նույն շաբաթաթերթում, և նա ստանում է հայ բանաստեղծի կոչում։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ անգլերենից ու արաբերենից՝ ներկայացնելով իր ժամանակաշրջանի անգլոամերիկյան ու արաբական բանաստեղծների աշխատանքները։ Անգլերեն թարգմանել է Պարույր Սևակի ու Եղիշե Չարենցի բանաստեղծությունները ու հրատարակել անգլագիր հանդեսներում։ Գրական ակնարկներով, բանաստեղծություններով թղթակցել է Հայաստանի, սփյուռքի և անգլիական պարբերականներին։ Գրել է նաև հոդվածներ արվեստի մասին և արվեստի մասին գործեր հավաքել։ Փարիզում գտնվող Ռասպայ բուլվարի վրա նա բացել էր Galerie Garig Basmadjan պատկերասրահը։ 1988 թվականին նրա հավաքածուից որոշ նմուշներ ցուցադրվում էին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Պետերբուրգի Էրմիտաժում։ 1989 թվականին Մոսկվայում անհայտ պայմաններում անհետանում է հայ միլիոնատեր Կարիկ Պասմաճյանը։ Նա Մոսկվա էր գնացել ԽՍՀՄ Մշակույթի նախարարության հրավերով` տանելով իր հետ ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ կտավների հավաքածու։

1988-ի հուլիսի 5-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվեց ֆրանսահայ բանաստեղծ, արվեստաբան, հավաքորդ Կարիկ Պասմաճյանի անձնական հավաքածուի ցուցադրությունը։ Օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը այն կտեղափոխվի Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ)՝ ցուցադրվելու նշանավոր Էրմիտաժում։ Պասմաճյանը Մոսկվա է բերել ավելի քան 1400 ցուցանմուշ։ Դա նրա հավաքածուի մի մասն է միայն։ Խորհրդային Միության սահմաններից դուրս այն դիտվում է հայկական և ռուսական արվեստի ամենահարուստ հավաքածուներից մեկը, թեպետ հավաքվել է ոչ երկար ժամանակում՝ ընդամենը տասը տարում։

Գեղանկարչությունը ամենամեծաքանակն է այս ցուցադրանքում։ Այստեղ են հայ, ռուս և խորհրդային այլ ժողովրդների տարբեր դարաշրջանների նկարիչների՝ Բորովիկովսկու, Սերովի, Կրամսկոյի, Կոնչալովսկու, Պետրով-Վոդկինի, Այվազովսկու, Սարյանի, Քոչարի, Գյուրջյանի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի և շատ ուրիշների ստեղծագործություններ, քանդակներ, գծանկարներ, սրբապատկերներ, փայտե փորագրումներ, կիրառական արվեստի բացառիկ նմուշներ՝ արծաթյա իրեր, զարդատուփեր, գոտիներ, ժանյակներ և այլն։ Պասմաճյանի հավաքածուն լավագույնս գաղափար է տալիս, թե հայ և ռուսական արվեստի ինչ գլուխգործոցներ են այսօր գտնվում Արևմուտքում։ Եվ մինչ մոսկվացիները և խորհրդային երկրորդ մայրաքաղաքի հյուրերը զարմանքով ու հիացումով դիտում են այդ հարուստ հավաքածուն, Կարիկ Պասմաճյանը անսպասելիորեն հայտնվում է Երևանում։ Հատված Հարցազրույց Կարիկ Պասմաճյան հետ։ Սեյրանուհի Գեղամյան, «Հայրենիքի ձայն», 4 օգոստոսի, 1988 թ.

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսատտիկ (1971)
  • Շթաքարեր (1973)
  • Բեղմնափոշի (1976)
  • Վերադառնում եմ իմ սկիզբը (1978)
  • Անավարտ խաղ (1980)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]